Լրահոս
Օրվա լրահոսը

Արշավ դեպի բեմ՝ երեք տարեկանից

Ապրիլ 22,2010 00:00

\"\"«Հիշում եմ՝ 3 տարեկան էի: Հագել էի մայրիկիս կարած զգեստը, որը իմ աչքերի նման երկնագույն էր եւ բարձրացել էի բեմ՝ արաբական պար պարելու: Մինչ ես ուրախ  վայելում էի բեմի վրա գտնվելու հաճույքը, հանդիսատեսը չէր թաքցնում իր հիացմունքը  եւ  անընդհատ ծափահարում էր: Ես այդ ժամանակ չէի հասկանում, թե ինչով եմ այդքան գրավում մարդկանց ու զարմանում էի, թե ինչն է նրանց ժպիտների պատճառը»,- այսպես իր առաջին պարի պատմությամբ  սկսեց իր խոսքը 18-ամյա պարուհի Մերի Գիվարգիզովան: Նրա հայրը ասորի է, մայրը՝ հայ, սակայն Մերին երբեք կողմնակալություն չի անում, նա իրեն զգում է թե լիարժեք ասորի եւ թե լիարժեք հայ, մանավանդ պարելիս:
Մերիի առաջին պարուսույցները, մինչեւ 8 տարեկան հասակը, եղել են ծնողները:
«Պարի նկատմամբ սերս դրսեւորվել է դեռ մանկուց: Հիշում եմ մեր մեծ հեռուստացույցը, որով երբ երաժշտություն էր հնչում, թռնում կանգնում էի դեմը եւ սկսում շարժումներ անել, նույնիսկ եթե չէր ստացվում, միեւնույն է՝ ես շարունակում էի»,- պատմում է նա:
Այսպես Մերին 3 տարեկանից  պարելով է մեծացել, սակայն, ինչպես ինքն է նշում, պարի էությունը նա հասկացել է  8 տարեկանում, երբ ընդունվել է «Փոքրիկ երեւանցիներ» համույթը:
«Այս համույթում սկսվեց իմ թե ընկճվածությունը եւ թե ուրախությունը: Ես մի քիչ թմբլիկ էի, եւ նայելով պարուհիների ճկուն շարժումներին, ինձ մոտ գերերազանք էր հասնել նրանց: Սկսեցի պայքարել ինքս իմ դեմ, որպեսզի իմ ոչը դարձնեմ այո: Օրը 4-5 ժամ դասական կլասիկա էի պարապում, եւ հետագայում դարձա համույթի մենապարուհին»,- գոհունակությամբ ասում է Մերին: Նա իր համառ աշխատասիրությամբ հասել է նրան, որ հանդիսատեսին  իր պարի հետ մեկտեղ ցույց է տալիս նաեւ հոգին:
«Երաժշտության առաջին նոտաների ներքո  իմ առաջին շարժումով ես հանդիսատեսին հասկացնում եմ այն ամենը, ինչ ուզում եմ ասել բարձրաձայն: Ես ուրախ եմ, որ իմ  մեջ ստացվում է կերպար ստեղծելը: Չէ՞ որ դժվար է կրքոտ իսպանուհուց հանկարծ վերածվել նազանի հայուհու»,- նշում է Մերին: Նրա փոխանցմամբ, ինքն  իր պարի արժեքը զգացել է 2009 թվականին, Հունգարիայում ունեցած ելույթի ժամանակ՝ «Ես պարս ավարտել էի եւ հանդերձարանում պատրաստվում էի զգեստափոխվել, սակայն հանդիսատեսի ծափահարությունները չէին դադարում, եւ ինձ երկրորդ անգամ  բեմ հրավիրեցին: Այդ  պահն ինձ համար այնքան հուզումնալից էր: Ես առաջին անգամ հասկացա իմ պարի արժեքը ու հասկացա նաեւ այն, թե ինչու արժե պարել»:
«Ինձ համար թեկուզ մեկ հանդիսատեսի անկեղծ ժպիտն ու ծափահարությունը շատ ավելի թանկ են, քան պատվոգրերը կամ շնորհակալագրերը»,- այս սկզբունքով է առաջնորդվում նա, ում երկնագույն աչքերը, գեղեցիկ ժպիտը եւ հեզաճկուն պարը դեռ շատ ասելիք ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել