Լրահոս
Օրվա լրահոսը

Որ Անին այլեւս չվաճառվի

Ապրիլ 27,2010 00:00

\"\"Անկախ այն բանից, թե որ երկիրը կճանաչի եւ որը ոչ՝ 1915թ. Հայոց մեծ եղեռնը, ճանաչելիս որ բառը կօգտագործի, իսկ որը՝ ոչ, ինչ քաղաքական հաշվարկով կառաջնորդվի այդպես վարվելիս, ակնհայտ է հետեւյալը. Մեծ եղեռնը հայ ժողովրդի համար ունեցավ անդառնալի հետեւանք: Նախ՝ ամենից կարեւորը մարդկային բազում ճակատագրերն են. չկա թվերով չափվող ոչ մի հաշվարկման համակարգ, որով կարելի է չափել ցեղասպանության ենթարկվածների մարդկային տառապանքը. դա կհասկանան քչերը՝ հրեաները, թութսիները, բոսնիացիները: Մյուս անդառնալի կորուստը գենոֆոնդն է. կորուստը ոչ միայն մեկուկես միլիոնն է, որ սպանվեց, այլեւ այն միլիոնավորները, որ չծնվեցին, ինչպես նաեւ ձեւավորված Սփյուռքը, որը թեեւ առաջին հայացքից պահպանեց ազգային ինքնությունը, սակայն ի վերջո դատապարտված է ուծացման: Անգամ անսահման լավատեսը, որը, սակայն, չի կորցրել իրականության հետ կապը, դժվար թե այսօր կարծի, որ բնակչության բնական աճի ավանդական ճանապարհով հայերս երբեւէ կվերականգնենք դեմոգրաֆիկ հավասարակշռությունը եւ կամ երբեմնի հարաբերակցությունը հարեւանների հետ: Ինչ վերաբերում է եւս մեկ անդառնալի կորստին՝ պատմական հայրենիքին, նկատի ունենալով մարդկության պատմությունը, կարելի է միայն փաստել, որ հողը միշտ էլ այնտեղ ապրողինն է եղել:
Հայրենիքում մեր ապագան կախված է առկա մտավոր ներուժից եւ ընդունված որոշումների ոչ ստանդարտ լինելուց: Մինչդեռ այդ ներուժն այսօր գոնե տեսանելի չէ. այն սակավաթիվները, ովքեր կրում են գոնե փոքր-ինչ թարմ մտածողություն, այսօրվա Հայաստանում գտնվում են այլախոհի կարգավիճակում: Փոխարենը՝ առատորեն բարգավաճում են բոլոր նրանք, ովքեր իրենց «ժողովրդական արտիստը», «վաստակավոր գիտնականը», «պատվավոր մանկավարժը» մեծավ մասամբ ստացել են ԿԳԲ-ին ու դրա տեղապահներին մանր ու միջին ծառայություններ մատուցելու դիմաց: Կարելի՞ է, արդյոք, սպասել նրանցից մտքի թռիչք կամ գոնե այդ թռիչքին ունակ սերնդի դաստիարակություն: Այն, ինչին ունակ է նման միտքը, գավառական ազգայնականությունն է, կույր ռուսապաշտությունը (օտարամոլությունը՝ մեծ հաշվով), կղերական ֆունդամենտալիզմ-ավանդապաշտությունը: Առաջին երկուսի համադրման դառնագույն պտուղներն արդեն մի անգամ ճաշակեցինք անցած դարասկզբին, իսկ կեսարինն ու Աստծունը տարանջատել չկարողանալու հետեւանքով՝ երեք անգամ պետականություն ենք կորցրել…
Ու քանի դեռ գաղտնազերծված չեն ԿԳԲ-ի արխիվները, քանի դեռ քաղաքացին չգիտի, թե ով է բանտերում փակել իր հերոսներին, թե ով է, որ միջակություն լինելով՝ մի թաս ապուրով «հեղինակություն» է վաստակել, քանի դեռ նրանց չի արգելվել հետայսու պղծել Հայաստանի Հանրապետությունը, որի ստեղծման դեմ է ուղղված եղել իրենց ողջ գիտակցական կյանքը, հոգեւոր քաոսը ավարտ չի ունենալու, մշակութային անապատացումը շարունակվելու է մինչեւ վերջ, որքան էլ հանուն այդ մշակութային ու հոգեւոր վերակենդանացման՝ ջանանք հանդուրժել ու համակերպվել:
Հենց այս արժեքային անկման, անկումը հանդուրժելու եւ դրան համակերպվելու պատճառով է, որ չի զարգանում միտքը (այդ թվում՝ նաեւ քաղաքական): Որպես կանոն, երբ սեփական արտադրական հզորությունները չեն բավարարում, առաջ է գալիս ներմուծումը: Պատմությունն ապացուցել է, որ Պարթեւ Արշակունիները միշտ չէ, որ դառնում են հայ թագավորներ: Իսկ Հայոց պետականությունը վերացնելու գնով օտարի հարկահավաք-տեղապահ դառնալու համար խնդրագրեր գրողներ, Անի մայրաքաղաք վաճառողներ միշտ էլ գտնվել են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել