Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱԽՏՎԵԼ Է 800 ՀՈԳՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ»

Ապրիլ 30,2010 00:00

\"\"«Ո՞ւր եք շպրտում 800 երեխաներին, ո՞վ է պատասխանատվություն կրելու նրանց՝ երեք առարկա պարապելու վրա ծախսված գումարների համար: Այն պատգամավորները, որոնք ունեն զավակներ, ի՞նչ են մտածել քվեարկության ժամանակ: Սա թյուրիմացություն է»,- այս մտահոգությամբ «Հանրապետական», «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներին է դիմում «Շրջադարձ» հ/կ նախագահ Էմմա Խուդաբաշյանը: Երեկ նա դիմորդների ու ծնողների խմբի հետ «Առավոտի» խմբագրությունում էր: Տիկին Խուդաբաշյանը նկատի ունի վերջերս «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի այն նախագիծը, որով վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց՝ ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը: Նոր նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է: Սույն օրենքով ոստիկանության ակադեմիա ընդունվել ցանկացող դիմորդներն այս տարի փաստի առաջ են կանգնել՝ եթե չեն ծառայել, ուրեմն չեն կարող ընդունվել: Այդ մարդիկ հիմա պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: «Խախտվել են շուրջ 800 հոգու իրավունքները. նրանք չեն կարող մասնակցել քննությունների,- ասում է Է. Խուդաբաշյանը ու շարունակում:- 2 տարի հետո երիտասարդը կկարողանա՞ այդտեղ ընդունվել: Հասել է վերջին պահը, որ երեխան պետք է ընդունվի, ու հիմա փողո՞ց եք շպրտում»: Տիկին Խուդաբաշյանը հավելեց, որ մինչեւ վերջ կանգնելու է այդ 800 հոգու կողքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել