Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն կրթությամբ մատուցողուհի կամ գործակատար

Մայիս 01,2010 00:00

Սա է բուհերի շրջանավարտների մեծ մասի ճակատագիրը

«Երեք տարի առաջ ավարտեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը ու սկսեցի խանութում վաճառողուհի աշխատել: Ես մարզից եմ ու ցածր հոնորարով չեմ կարող աշխատել, ճանապարհի վրա շատ եմ փող ծախսում, իսկ էն տեղերում, որտեղ քիչ թե շատ նորմալ աշխատավարձ են տալիս, աշխատանքային փորձ են ուզում, որը ես, բնականաբար, չունեմ»,- ասում է Մերի Վարդանյանը: Իսկ ահա Նարինե Մարտիրոսյանը այս տարի կարմիր դիպլոմով ավարտելու է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժնի մագիստրատուրան: «Ես չգիտեմ՝ ինչ մասնագետ եմ ու որտեղ եմ աշխատելու, սովորելուց հետո պետք է գնամ առանձին հաշվապահական դասընթացների, որ կարողանամ որպես հաշվապահ մի տեղ աշխատանքի անցնել»,- ասում է նա: Կարինե Ղազարյանն էլ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետն է ավարտել: «Ուր գնում եմ, ասում են՝ տեղ չկա, չգիտեմ ինչ անեմ»,- ասում է նա:
Իսկ ինչո՞ւ հատկապես մանկավարժի տեղ չկա՝ այս թեմայով զրուցեցինք Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանի հետ: «Աշակերտների թիվը պակասում է, հետեւաբար ժամերն էլ գնալով կրճատվում են. եթե ես մի ժամանակ ունեի 1200 աշակերտ, ապա այսօր նրանց թիվը 667 է, որից 74-ն այս տարի կավարտի, իսկ առաջին դասարան կգա ամենաշատը 50 երեխա, մի քանի հոգի էլ 9-րդ դասարանից դուրս կգան ու ես 2010-11 ուստարում կունենամ մոտ 630 աշակերտ: Սրան գումարած՝ ուսուցիչներն էլ չեն թոշակավորվում, որովհետեւ մինչեւ 63 տարեկան կարող են աշխատել, այս պայմաններում ես ինչպե՞ս կարող եմ երիտասարդ կադրեր ընդունել աշխատանքի»,- ասում է տիկին Մանուկյանը: Ըստ նրա՝ եթե ուսուցիչները 55 տարեկանից հետո գնան թոշակի, պատկերը մի փոքր այլ կլինի: «Հիմա երիտասարդներին չենք կարողանում ընդունել աշխատանքի, նրանք բուհում իրենց ստացած գիտելիքները մոռանում են, մի քանի տարի հետո էլ, երբ աշխատանքի ընդունվելու հնարավորություն լինի, իրենց իմացածը արդեն ժամանակավրեպ է ու նրանք ստիպված դառնում են բարձրագույն կրթություն ունեցող, բարետես արտաքինով մատուցողուհիներ կամ վաճառողուհիներ: Ցավալի է, բայց սա է իրականությունը»,- ասում է տիկին Մանուկյանը:
Ուսանողների մասնագիտական հետագա գործունեության խթանմանը աջակցելու նպատակով՝ 2006 թվականի ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոն: «ԵՊՀ բոլոր ուսանողները շրջանավարտ դառնալու շեմին մեր կողմից ստանում են գրանցման թերթիկներ, որտեղ թողնում են իրենց տվյալները: Մենք ամենամյա համակարգչային բազա ենք ստեղծում ու այդ բազայով տարածում ենք իրենց համար մեր ունեցած բոլոր հնարավոր առաջարկները՝ լինի դա աշխատանք, դասընթաց թե պրակտիկա, օգտագործում ենք բոլոր հնարավոր տարբերակները,- ասում է Կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:- Կազմակերպությունների ու գործատուների հետ համագործակցում ենք ու շրջանավարտներն ընդգրկվում են նրանց internship (պրակտիկայի) ծրագրերի մեջ. դա նրանց լավ հնարավորություն է տալիս եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու, եւ մասնագիտական որակները ցույց տալու համար, եւ դրա արդյունքում էլ, ովքեր կարողանում են աճել, զարգանալ՝ ինքնաբերաբար աչքի են ընկնում եւ ընդունվում են աշխատանքի»: Օրինակ՝ Ռաֆայել Ջրաղացպանյանը, 2008 թվականին ավարտելով սոցիոլոգիայի ֆակուլտետը, Կարիերայի կենտրոնի միջոցով մեկ ամսվա ընթացքում կարողացել է աշխատանք գտնել ԵՊՀ Հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ որպես սոցիոլոգ: Ըստ Կարինե Նազարյանի՝ դժվար է տեխնիկական կրթություն ունեցողների եւ բանասերների խնդիրը, ավելի շատ բանկային համակարգում են ընդգրկվում աշխատանքի: Վերջին մեկ տարվա ընթացքում Կարիերայի կենտրոնի միջոցով 300 շրջանավարտ է աշխատանքի տեղավորվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել