Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 15,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնմեկերորդ

ՊԱՐԶԱՊԵՍ ՍԱՄՍՈՆ

Եվ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով Նինային ասացի՝ «փաստորեն, ես քեզնով ավելի եմ գայթակղվել, քան դու՝ ինձնով», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես անում, որ համեմատության մեջ ես նայում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «օրինակ, ես քեզնով ավելի եմ գայթակղված, քան՝ Սամսոնով», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց Մեժիրովի հրավիրատոմսով ավելի ես գայթակղված, քան՝ ինձնով», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բնական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ արարածն իր չունեցածով ավելի ա գայթակղվում, քան՝ ունեցածով», եւ ես ժպտալով ասացի՝ «դու նույնիսկ էս հիմար մոզաիկայով ես գայթակղվում», եւ Նինան կողքանց մոզաիկային նայելով ասաց՝ «հեչ էլ հիմար չի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «սոցռեալիստական ստեղծագործություն ա՝ սիմվոլիստիկան որոշ շեղումներով», եւ ես ժպտալով ասացի՝ «Սամսոնը կարար շատ ուժեղ արվեստաբան դառնար», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սամսոնն ամեն ինչ էլ կարար դառնար», եւ ես ասացի՝ «բայց ինքը մատուցողի աշխատանքն ավելի ա սիրում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հրեաներն ամեն ինչ էլ սիրում են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրանք մենակ Սովետական Միությունը չեն սիրում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեջները սիրողներ էլ կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չսիրողներն էլ են իրանք, սիրողներն էլ», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեռի հետ Սամսոնի հրեա լինելը հաստատեցիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա հրեա լինելը ճակատին գրված ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ճակատին գրված ա, որ տիպիկ ջհուդ ա», եւ ես հարցրի՝ «տիպիկ ջհուդը ո՞րն ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բովանդակությամբ սոցռեալիստական՝ սիմվոլիստական որոշ շեղումներով», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու էլ ազնվական ես՝ սեւհարյուրակային որոշ շեղումներով», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ հնդեվրոպացիք էին պակաս, որ հրեաներին ինձանից պաշտպանեին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «այ խելոք, ես ընդամենը հորս կողմից եմ ազնվական», եւ ես հարցրի՝ «բա մո՞րդ կողմից ինչ ես», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մորս կողմից լեհուհի եմ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «սիմվոլիստական որոշ շեղումներով», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց հիմնականում ռուսների դիրքերից ես խոսում», եւ Նինան մի քիչ մտածեց ու խեղճացած հարցրեց՝ «ռուսները դիրք ունե՞ն որ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու կիմանաս» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «մեկ դու կիմանաս, մեկ էլ՝ Սոկոլովը», եւ Նինան մի քիչ մտածեց ու մեղավոր տոնով ասաց՝ «ես, փաստորեն, խառնուրդ եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «Սոկոլովը մաքո՞ւր ռուս ա», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «Աստված չանի», եւ ես հարցրի՝ «ինքն էլ ա՞ խառնուրդ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «հուսով եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց ինքը լրիվ ուրիշ հոդվածով ա գնում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ուրիշ հոդված», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «թաթարական» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «չես նկատե՞լ, որ ինքը մի քիչ շեղաչ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «խի՞ մի քիչ . լավ էլ շեղաչ ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շեղաչության իմաստով՝ Սանյան էլ ընենց ոչինչ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «փաստորեն, մաքուր ռուս չկա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր շրջապատում չկան», եւ ես հարցրի՝ «բա որտե՞ղ կան», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս՝ ոչ Մոսկվայում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ էլ Գրողների միությունում», եւ ես հարցրի՝ «բա մաքուր ռուսները որտե՞ղ են», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անձամբ չեմ տեսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց տեսնողներ եղել են», եւ ես ժպտալով ասացի՝ «անձամբ չես տեսել, բայց միշտ իրանց դիրքերից ես խոսում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած երբ» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ասաց՝ «հենց հորս կողմի հետ եմ շփվում, սկսում եմ ռուսներին խղճալ» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «բայց հենց որ մորս կողմի բարեկամներիս հետ եմ շփվում, սկսում եմ նրա՛նց խղճալ», եւ ես ժպտալով հարցրի՝ «սիմվոլիստների՞ն», եւ Նինան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «սիմվոլիստներին, մոդեռնիստներին ու ամեն տեսակ աֆերիստներին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես ոչ մեկին չեմ խղճում, բայց չեմ էլ ատում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ հայերը շատ նման են նրանց», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ են նման», եւ Նինան պատասխանեց ու ասաց՝ «ռուսներին ու հրեաներին», եւ ես զարմացած հարցրի՝ «հայերն ինչո՞վ են ռուսներին նման», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «խելքով» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ անխելքությամբ», եւ ես հարցրի՝ «բա հրեաների՞ն ինչով են նման», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «խելքով» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ անխելքությամբ», եւ ես ժպտալով ասացի՝ «քո ասածից ստացվում ա, որ ռուսներն ու հրեաներն էլ են իրար նման», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անխելքության իմաստով շատ նման են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էրկուսն էլ ուզում են աշխարհը նվաճեն», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրենք ուզում են աշխարհը նվաճեն, բայց իրականում հայերն են նվաճում», եւ ես զարմացած հարցրի՝ «հայերն ի՞նչ են նվաճել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ սիրտը» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «քիչ ա՞», եւ ես ծիծաղելով ասացի՝ «աշխարհի չափ տարածություն ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ամեն մարդ մի աշխարհ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ամեն մեկն ուզում ա մյուսին նվաճի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բոլորն ուզում են, բայց հնդեվրոպացիներին ա հաջողվում», եւ ես մեր բաժակները լցնելով ասացի՝ «մի հատ կենաց ասեմ՝ խմենք», եւ Նինան ասաց՝ «ասա», եւ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «ժողովուրդների բարեկամության կենացը», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «երեւում ա՝ էս մոզաիկան քեզ վրա էլ ա շատ ուժեղ ազդել», եւ ես ժպտալով ասացի՝ «առանց էս մոզաիկայի էլ գիտեի, որ ժողովուրդների բարեկամությունը լավ բան ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ես ու դու պրակտիկորեն ենք ապացուցում, որ ժողովուրդների բարեկամությունը լավ բան ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էլի ենք ապացուցելու», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չի կարելի նախապես զգացմունքները պլանավորել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ժողովուրդների բարեկամությունն եմ պլանավորում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ժողովուրդների բարեկամությունը որ պլանավորում են, արդյունքում անհեթեթություն ա ստացվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էս մոզաիկայի պես բան ա ստացվում», եւ ես ասացի՝ «հիմա դեմ ե՞ս, որ ժողովուրդների բարեկամության կենացը խմենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «արի ոչ թե ժողովուրդների բարեկամության կենացը խմենք, այլ՝ ժողովուրդների», եւ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «ժողովուրդների կենացը», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհում վատ ժողովուրդներ չկան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրականում բոլոր ժողովուրդներն էլ լավն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց, չգիտես ինչու, ուզում են ցույց տալ, թե վատն են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ թե ժողովուրդներն են վատ, այլ՝ մարդիկ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրան էլ չեմ հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վատ մարդիկ չկան» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «պարզապես, անհասկանալի պատճառներով, որոշ մարդիկ իրենց կաշվից դուրս են գալիս՝ ապացուցելու, թե իրենք վատն են», եւ ես ժպտալով ասացի՝ «դու մեծ մարդասեր ես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես մեղավոր չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես մեղավոր չեմ, որ կյանքումս վատ մարդու չեմ հանդիպել», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ ասածդ Սոկոլովին էլ ա՞ վերաբերում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Սոկոլովը մեղավոր չի, որ չգիտի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չգիտի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «չգիտի, որ ինքը լավ մարդ ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեղավորը մենք ենք, որ Սոկոլովին չենք ասել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չենք ասել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «չենք ասել, որ ինքը լավ մարդ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձ ու քեզ էլ չեն ասել, որ լավն ենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առանց ուրիշների ասելու էլ՝ մենք մեր մասին բավական բարձր կարծիքի ենք», եւ ես ժպտալով ասացի՝ «գալիս ա», եւ Նինան հարցրեց՝ «ո՞վ ա գալիս», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «լավ մարդկանցից մեկը», եւ Նինան մեզ մոտեցող Սամսոնին տեսնելով ասաց՝ «քանի չի մոտեցել, շուտ խմենք» եւ բաժակը բաժակիս խփելով ավելացրեց՝ «էս կենացը չարժի հետաձգել» ու էդ ասելով՝ Նինան իր բաժակի ողջ պարունակությունը մի շնչով խմեց, ու ես էլ խմեցի, եւ Սամսոնը մեզ մոտենալով հարցրեց՝ «որեւէ բանի կարիք չե՞ք զգում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ամեն ինչ նորմալ է, ընկեր Սամսոն», եւ Սամսոնը ժպտալով Նինային ասաց՝ «պարզապես Սամսոն», եւ ես Սամսոնին ասացի՝ «նոր շատ լավ կենաց խմեցինք», եւ Սամսոնը ժպտալով հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ ինչ կենաց եք խմել», եւ ես ասացի՝ «լավ ժողովուրդների կենացը», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե հայ ժողովրդի կենացն եք խմել, նվաստիս էլ է որոշ չափով վերաբերում», եւ ես ասացի՝ «բոլոր ժողովուրդների կենացը խմեցինք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «որովհետեւ վատ ժողովուրդներ չկան», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «միանգամայն համամիտ եմ», եւ ես ասացի՝ «լավ մարդկանց կենացն էլ խմեցինք», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հուսով եմ՝ լավ մարդկանց կենացն էլ է որոշ չափով նվաստիս առնչվում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «իհարկե առնչվում է», եւ Սամսոնը ժպտալով Նինային հարցրեց՝ «որովհետեւ վատ մարդիկ չկա՞ն», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դուք դիմացինի մտքերը կարդալու արտակարգ ընդունակությամբ եք օժտված, ընկեր Սամսոն», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «պարզապես Սամսոն», եւ Նինան ժպտալով ասաց՝ «պարզապես Սամսոն, ձեզ հաջողվում է դիմացինի մտքերն անսխալ կարդալ», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «բոլոր դեպքերում, շնորհակալ եմ, որ նվաստիս լավ մարդկանց շարքերն եք դասում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «լավ մարդկանց շարքերի առաջին շարքերում», եւ Սամսոնը նախ մեր ֆիլեներին նայեց, հետո մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե իսկապես լավ մարդ լինեի, առանց ձեզանից թույլտվություն հայցելու՝ այս ֆիլեները կտանեի ու կվերատաքացնեի», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «ազատ եք անել այն ամենը՝ ինչ ճիշտ եք համարում», եւ ես Սամսոնին ասացի՝ «իզուր նեղություն ես քաշում, Սամսոն ջան», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ մի նեղություն. դա մեր սրբազան պարտականությունների մեջ է մտնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «այս ճաշատեսակը հատուկ նպատակով ենք մետաղյա ափսեներով մատուցում, որպեսզի հարկ եղած դեպքերում վերատաքացնելու հնարավորություն ունենանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ գոյություն չունի ավելի համեղ ուտելիք, քան արյունոտ ֆիլեն՝ տաք վիճակում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եւ՝ ընդհակառակը. գոյություն չունի ավելի անիմաստ ու անհեթեթ կերակուր, քան նույն այս արյունոտ ֆիլեն է՝ սառը վիճակում», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «դուք իսկական փիլիսոփա եք», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խոհարարական փիլիսոփայությունն իր ուրույն տեղն ունի փիլիսոփայության ընդհանուր համակարգում», եւ երբ Սամսոնը մեր ֆիլեները վերցնելով գնաց, Նինան ծիծաղելով ասաց՝ «շատ մազալու զեմլյակ ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ պարզ չի՝ ում զեմլյակն ա», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ինքը խոստովանեց, որ որոշ չափով հնդեվրոպացի ա», եւ ես ժպտալով ասացի՝ «հնդեվրոպացի ա, բայց՝ սիմվոլիստական լիքը շեղումներով», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ուզում ես ասես՝ ի՞մ զեմլյակն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էրկուսդ էլ ահագին շեղումներ ունեք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, իմ հետ շփվելով՝ միաժամանակ համ ռուսների հետ ես շփվում, համ էլ՝ հրեաների» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «հանկարծ ուրիշ տեղ չասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «էդ մասին, փաստորեն, մենակ դու գիտես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «մենակ քեզ եմ ասել, որ քսանհինգ տոկոսով հրեա եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հանկարծ մարդու չասես» եւ մի քիչ էլ մտածեց ու վախեցած ասաց՝ «հատկապես՝ Սանյային ու Սոկոլովին», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «խի՞ հատկապես իրանց», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ իմանան, էդ քսանհինգ տոկոսը մի վայրկյանում հարյուր կդարձնեն», եւ ես հարցրի՝ «իրանց դարձնելով ա՞», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, իրանց դարձնելով ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «լավ չի», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչը լավ չի», եւ ես ասացի՝ «լավ չի, որ մարդիկ իրանց ծագումն ու ազգությունը թաքցնում են», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընդամենը քսանհինգ տոկոսն եմ թաքցնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որոշ մարդկանց ասել եմ», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ ես ասել», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քեզ», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա ի՞նձ ինչի ասեցիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեկին պիտի ասեի», եւ ես ժպտալով հարցրի՝ «տնօրենին չես ասե՞լ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ տնօրեն», եւ ես ասացի՝ «որ առաջ ուսմասվար էր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Պավլիկը պատմաբան ա. ինքը բոլորի ծագումնաբանությունն անգիր գիտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «տոկոս առ տոկոս» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «իրենից բացի՝ բոլորի ծագումնաբանությունն անգիր գիտի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «ինքն էլ շեղումներ ունի՞», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երեւի կունենա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի բոլորի մոտ էլ ինչ-ինչ շեղումներ կան», եւ ես մի քիչ մտածեցի ու ինքնագոհ ասացի՝ «երեւի մենակ հնդեվրոպացիների մոտ շեղումներ չկան», եւ Նինան մի քիչ մտածեց ու հանկարծ սկսեց հռհռալ, եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ ես ծիծաղում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ավելի ուժեղ հռհռալով ասաց՝ «հնդեվրոպացի լինելն ինքնին շեղվածություն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «բոլորս էլ շեղված ենք», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ենք շեղված», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքից» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «իսկական կյանքից», եւ ես հարցրի՝ «իսկական կյանքը ո՞րն ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երեսուն տարեկան մարդ ես. դո՛ւ պիտի ինձ բացատրեիր՝ իսկական կյանքը որն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «իսկական կյանքն իմ ու քո կյանքն ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էս մի քանի օրվա մեր կյա՞նքը նկատի ունես», եւ ես հարցրի՝ «քիչ ա՞», եւ Նինան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «քիչը քիչ չի, բայց էս մի քանի օրերը տխուր հիշողություն են դառնալու», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ընենց ես խոսում, ոնց որ դո՛ւ երեսուն տարեկան ըլնես», եւ Նինան մտահոգ ասաց՝ «ցավոք սրտի, մեր էս մի քանի օրվա կյանքն էլ կավարտվի», եւ ես հարցրի՝ «ինչի՞ ես ուզում, որ ավարտվի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ ուզելով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ էլ քո ուզելով ա» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «զգում եմ, որ շուտով կավարտվի», եւ ես ասացի՝ «չես կարա՞ լավ բան զգաս», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու էլ ես զգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ հասկանում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «հասկանում ես, որ մեր էս համատեղ կյանքը շատ շուտով կվերջանա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ մասին ընդհանրապես չեմ մտածում», եւ Նինան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «հենց սկսես մտածել, անմիջապես կհասկանաս, որ մեր էս մի քանի օրերը ժամանակավոր բնույթ ունեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «առանց մտածելու էլ հասկացել եմ», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ ես հասկացել», եւ ես ժպտալով ասացի՝ «հասկացել եմ, որ կյանքը ժամանակավոր բան ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «կյանքը ժամանակավոր բան ա, բայց մենք ավելի ժամանակավոր ենք դարձնում», եւ ես հարցրի՝ «ո՞նց ենք դարձնում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեզ կեղծելով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեզ կեղծելով՝ մեր ապրածը տխուր հիշողություն ենք դարձնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «քո սենյակում ավելի անկեղծ էինք, քան՝ էս ռեստորանում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ իմ սենյակում չէինք մտածում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց դու մտածելու փորձեր անում էիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց դու խանգարում էիր. չէիր թողնում մտածեմ», եւ ես հարցրի՝ «ո՞նց էի խանգարում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «րոպեն մեկ շալակս էիր թռնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ ծիծաղում ես, ուրեմն՝ տխուր հիշողություն չի դառել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ դեռեւս միասին ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «հենց իրարից հեռանանք, էս ամենը տխուր հիշողություն կդառնա», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բայց ինչի՞ ես մտածում, որ պիտի իրարից հեռանանք», եւ Նինան մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «զգում եմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես զգում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգում եմ, որ Մոսկվան իմ տեղը չի», եւ ես հարցրի՝ «բա քո տեղը որտե՞ղ ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Կլինը», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «Կլի՞նը», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ես ծիծաղում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հենց էնպես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես չեմ կարողանում հենց էնպես ծիծաղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չեմ կարողանում հենց էնպես ապրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չեմ կարողանում կեղծ կյանքով ապրել», եւ ես հարցրի՝ «կեղծ կյանքը ո՞րն ա», եւ Նինան մի քիչ մտածեց, հետո ձեռքը կտրուկ բարձրացրեց եւ մոզաիկան ցույց տալով գոռաց՝ «է՛ս», եւ էդ պահին Սամսոնն արդեն մոտեցել էր մեզ, եւ Սամսոնը մեր վերատաքացված ֆիլեները սեղանին դնելով՝ Նինային ասաց՝ «այս տեսարանն իմ նյարդերի վրա էլ է ազդում, գեղեցկուհի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց ես դրանից փրկվելու ձեւը գտել եմ», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ո՞նց եք անում», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «պարզապես աշխատում եմ էդ պատին չնայել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով Սամսոնին ասաց՝ «ամեն ինչի ձեւը գտել եք», եւ Սամսոնը ժպտալով Նինային ասաց՝ «ես ինքս ստեղծագործող չեմ, գեղեցկուհի, բայց կարողանում եմ լավ ստեղծագործությունը տարբերել վատից», եւ Նինան պատին նայելով ասաց՝ «սրան նույնիսկ ստեղծագործություն ասելն է անհարմար», եւ Սամսոնը պատին նայելով ասաց՝ «պարզապես՝ գորշ միջակություն է», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «ինչպես միշտ, ձեր ձեւակերպումը ճշգրիտ է», եւ Սամսոնն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ոչ միայն մտահղացումն է ահավոր, այլեւ՝ կատարումը», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ կատարում», եւ Սամսոնն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «նույնիսկ անզեն աչքով է տեսանելի», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչն է տեսանելի», եւ Սամսոնն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «եթե ավելի մոտիկից նայեք, կնկատեք՝ ինչպիսի փնթիությամբ են այս մոզաիկա կոչվածի կտորտանքները սվաղված» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նույնիսկ իմ բնակարանի լոգարանի կաֆելներն են սրանից ավելի խնամքով փակցված», եւ Նինան մի քիչ մտածեց եւ ժպտալով Սամսոնին ասաց՝ «դուք էնքան բծախնդիր մարդ եք, որ դժվար թե ձեր լոգարանի կաֆելի գործը պատահական մեկին վստահեիք», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ ճիշտ կռահեցիք, գեղեցկուհի» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «իմ լոգարանի կաֆելներն անձամբ իմ այս ձեռքերով եմ մեկիկ-մեկիկ փակցրել», եւ Նինան Սամսոնի հսկայական թաթերին նայելով ասաց՝ «փաստորեն, ձեր ձեռքից ամեն ինչ գալիս է», եւ Սամսոնն ամոթխած ժպտալով ասաց՝ «սկզբում մի քանի հատ կաֆել փչացրի, ճիշտ է, բայց հետո ամեն ինչ շատ հարթ ու շատ գեղեցիկ գնաց», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ էլ կասկածում», եւ Սամսոնը ժամացույցին նայելով ասաց՝ «ես իմ տրամադրության տակ ընդամենը քսանհինգ րոպե ունեմ» եւ մոզաիկային նայելով ավելացրեց՝ «եթե մի քիչ էլ էս դեգեներատիզմը քննարկենք, ձեր ֆիլեները վերստին տաքացնելու անհրաժեշտություն կառաջանա» ու էդ ասելով եւ սեղանից մատուցարանը վերցնելով՝ Սամսոնը գնաց:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել