Լրահոս
Օրվա լրահոսը

«Էմնիսթի Ինտերնեյշնլ»-ին սպառնում են դատարանով

Մայիս 29,2010 00:00

\"\"Իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում՝ Տիգրան Ուրիխանյանը պահանջում է 1.000.000 դոլար

Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է դատարան դիմել հայցով՝ ընդդեմ «Էմնիսթի Ինտերնեյշնլ» իրավապաշտպան միջազգային հեղինակավոր կազմակերպության: «2010թ.-ի «զեկույց» կոչվածի մեջ այդ կազմակերպության անպատասխանատու «զեկույց» գրողները այնպիսի բացահայտ ստեր են գրել, որ կարելի է այդ առնչությամբ միմիայն երկու եզրակացություն անել՝ կամ նրանք անգրագետ ու անպարտաճանաչ են եւ իրենց կատարած սխալի համար պետք է ներողություն խնդրեն, կամ միտումնավոր են «զեկույց» կոչվածի մեջ մտցրել աներեւակայելի ստեր՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, որի համար եւս պետք է ներողություն խնդրեն»,- երեկ «Առավոտին» փոխանցեցին կուսակցության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ նախորդ օրը կազմակերպությունը հրապարակել էր 2010-ի զեկույցը, որում Հայաստանին վերաբերվող բաժնում անդրադարձ կա Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպին: Այդ առիթով «Էմնիսթի Ինտերնեյշնլ»-ի զեկույցում ասված է. «Մայիսին փակվեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա կրակելու գործը՝ այն հիմնավորմամբ, թե կրակողը ինքնապաշտպանության է դիմել։ 2008-ի մայիսին Դանիելյանի վրա գազային ատրճանակից կրակել էր Հայաստանի առաջադիմական իշխանամետ կուսակցության նախկին ղեկավարը։ Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել, որ դատախազությունը ուշադրություն չի դարձրել առանցքային վկաների ցուցմունքների վրա։ Միքայել Դանիելյանը բողոքարկել է այդ որոշումը, սակայն տարեվերջի դրությամբ նրա միջնորդության մասին որոշում ընդունված չէր»: Ի հեճուկս միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, Առաջադիմական կուսակցությունում շարունակում են պնդել, որ «հարբած Միկա Դանիելյանն ու իր ընկերները հետապնդեցին ու հարձակվեցին Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանի վրա, որը հարկադրված դիմել էր ինքնապաշտպանության՝ օդ արձակելով անգնդակ, դատարկ կրակոց: Մ. Դանիելյանը տվեց սուտ ցուցմունքներ, զրպարտեց ու ինքն իր մարմինը քերելով՝ հայտնեց (դեռ չիմանալով փորձաքննության արդյունքները այն մասին, որ կրակոցն անգնդակ էր), թե կրակոցից բեկորային վնասվածքներ է ստացել»:
Առաջադիմական կուսակցությունը չի սահմանափակվելու «ինչ-ինչ քաղաքական շահեր սպասարկող «Էմնիսթի Ինտերնեյշնլ»-ին միայն պատասխանատվության ենթարկելու պահանջով: Իբրեւ բարոյական վնասի հատուցում՝ ակնկալում է ստանալ 1.000.000 դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31