Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հունիս 29,2010 00:00

Խորհրդային տարիներին ազգայինի մասին բարձրաձայնած ուսուցչուհուն մոռացե՞լ են

\"\"1971 թվականին՝ ընդամենը 52 տարեկանում իր երկրային կյանքը ավարտած, 30 տարի մանկավարժությանը նվիրած, պատմության ուսուցչուհուց մինչեւ դպրոցի տնօրեն ճանապարհը անցած, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի, Լենինի շքանշանով պարգեւատրված Մարուսյա Մարտիրոսի Սաղումյանը հունիսի 24-ին կդառնար 91 տարեկան:
Պատմական Ուտիքի Տավշո գավառում (Շամշադին) ծնված մանկավարժը, ավարտելով Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, վերադարձել է հայրենի Շամշադին՝ Բերդ ավանի թիվ 1 միջնակարգ դպրոց ու հմտություններն ու գիտելիքները նպաստ բերել մի քանի սերունդների կրթությանը:
Վաստակավոր ուսուցչուհուն Վահրամ Փափազյանը ժամանակին «Հայրենի ծնող, հայրենիք ստեղծող, հայ կին-առյուծ» տիտղոսին է արժանացրել, իսկ խորհրդային «Պրավդայում» հրապարակված «Դոչ Արմենիի» հոդվածում ասվել է. «Սաղումյանական մանկավարժական արվեստը իր դասանյութի մատուցման մեթոդաբանական տեխնոցիզմի կատարելությամբ ու վիրտուոզ հղկվածությամբ առայսօր համաշխարհային մանկավարժության պրակտիկայում մնում է հանելուկային, անգերազանցված: Նրան անվանում էին մարդկային փոխհարաբերությունների գորդյան հանգույցներ բացող դիվանագիտական մարգարե»:
Մարուսյա Սաղումյանը 1962 թվականին ԽՍՀՄ ուսուցիչների առաջին համամիութենական համագումարում, սիբիրներ աքսորվելու վտանգը աչքի առաջ, ճառով առաջինն է ըմբոստացել «Ազգային պատմությունների դասավանդումը ԽՍՀՄ ժողովուրդների պատմությամբ փոխարինելու» ԽՍՀՄ քաղբյուրոյի հայտնի ծրագրի դեմ եւ նույն 1962-ին էլ ճանաչվել Խորհրդային Միության լավագույն ուսուցչուհին՝ պատմության դասավանդման գծով: 1971 թվականին Երեւանում լույս տեսած «Հայաստանի առաջավոր կանայք» գրքում կրթության եւ գիտության ժամանակի հայտնի կանանց շարքում նշված է նաեւ Մարուսյա Սաղումյանի անունը:
Օտարալեզու կրթության կողմնակիցներին եւ ջատագովներին ի ուշադրություն տեղեկացնենք, որ պատմության մասնագետ տիկին Սաղումյանը, որ Աճառյանի, Աբեղյանի ու Լեոյի նման անհատականությունների ուսանողն է եղել, հայկական կրթություն է ունեցել, ԽՍՀՄ ուսուցիչների համամիութենական համագումարներում այնպիսի ռուսերենով է ներկայացել պատվիրակներին, որ բոլորն են զարմացել:
Սաղումյանին ճանաչողները ընդգծում են նրան բնորոշ եւ ուսուցչին խիստ հարիր մի շարք որակներ. հումանիզմ եւ խստաբարո կեցվածքի տակ թաքնված կարեկցող հոգի, ուսուցչին անհրաժեշտ ներդաշնակ հագուկապ, ազդեցիկ պահվածք, զրնգուն հռետորական ձայն, փարթամ միտք, հյութեղ խոսք, ազատամտություն: Սաղումյանի դասական ու ժամանակակից հայերենով մատուցած նյութը գայթակղիչ ազդեցություն էր թողնում լսարանի վրա՝ հրապուրելով դասավանդող առարկայով:
Անգամ մահվանից 40 տարի անց Տավուշի կամ Բերդ քաղաքի որեւէ դպրոց չի անվանակոչվել Մարուսյա Սաղումյանի անունով: Մինչդեռ արժեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել