Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց՝ տեղում ծանոթանալու չեզոքացման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվական ծառայությունը: Գերեզմանոցում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել այս տարվա մարտ ամսին, հայտնվել էր ինչ-որ տեխնիկա, որը փորել էր տարածքը, որի պատճառով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգավոր իրավիճակ էր առաջացել: Տարածքը գտնվում է սողանքային գոտում, հողն այստեղ սահում է՝ վտանգավոր նյութերն էլ հասնում են հարակից բնակավայրեր, որտեղ գյուղացիները հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում: Ի դեպ, վարչապետ Սարգսյանին զեկուցվել է, որ հարցի առնչությամբ ՀՀ ոստիկանությունն արդեն հարուցել է քրեական գործ: Կաոավարությունը 2010թ. 2-րդ եռամսյակում հատկացրել է 32 մլն դրամ՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների կատարման համար: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ՝ կատարվել է շուրջ 31 մլն դրամի շինարարական աշխատանք, եւ 700 հազար դրամ՝ նախագծային եւ մնացած այլ աշխատանքների իրականացման համար: Տ. Սարգսյանի խոսքով, տարածքում դեռ պետք է շարունակվեն ուսումնասիրությունները, եւ վերջնական որոշումը կկայացվի միջազգային փորձագետների եզրակացությունից հետո: Վարչապետը շնորհակալություն է հայտնել խնդրի մասին բարձրաձայնած հասարակական կազմակերպություններին, եւ ասել է. «Կառավարությունն արդեն բավական միջոցներ է ծախսել, որպեսզի գերեզմանատան մակերեսի բացման վտանգավոր հետեւանքները այս պահին վերացնենք, չեզոքացնենք, հսկողություն է իրականացվում շրջակա միջավայրում, բոլոր համայնքները տեղյակ են պրոբլեմի մասին, նրանք նույնպես ուշադիր են լինելու: Համոզված եմ, որ այնպիսի լուծումներ ենք տալու, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի եւ բոլորս վստահ լինենք, որ այլեւս շրջակա միջավայրին որեւէ վտանգ չի սպառնում»: Վարչապետի հանձնարարությամբ շահագրգիռ նախարարությունների կողմից կմշակվի հայեցակարգ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի ՀՀ-ում բացահայտելու նմանատիպ հիմնախնդիրները:


















































