Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»

Հուլիս 23,2010 00:00

\"\"Վստահեցնում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը

– Ակնհայտորեն, վերջին ամիսները բավականին ակտիվ էին ղարաբաղյան թեմաների շուրջ կատարվող իրադարձությունների, հայտարարությունների մասով, եւ եթե մենք դեռ չունենք հարցի լուծման բանալին, ապա հաստատ համանախագահները ինչ-որ բան ունեն՝ դատելով իրենց ակտիվությունից:

– Համանախագահողների ակտիվությունը ես առաջին հերթին կապում եմ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների հետ, այդ երկրի՝ ոչ համարժեք քայլերի հետ: Վերջին շրջանում այդ երկիրը իր տարբեր տրամաչափի պաշտոնյաների միջոցով հայտարարություններ է տարածում, որը ամենեւին չի բխում հարցի կարգավորման խաղաղ գործընթացի տրամաբանությունից, եւ պատահական չէ, որ հնգակողմ հանդիպումից հետո համանախագահ երկրների ԱԳ նախարարները, նաեւ պետքարտուղարի տեղակալը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ շատ հստակ դեղին քարտ ցույց տվեցին Ադրբեջանի իշխանությանը: Իսկ մեր կարծիքը միանշանակ է եւ հայտնի ու ընդունելի է համանախագահողների կողմից՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ այն սկզբունքների հիման վրա, որ կոչվեցին մադրիդյան սկզբունքներ եւ պետերբուրգյան առաջարկներ: Հայաստանը ընդունում է այս սկզբունքները, Ադրբեջանը իրար հետեւից անտրամաբանական եւ անհեթեթ հայտարարություններ է անում: Կարծում եմ՝ Ադրբեջանի այս պահվածքը կհասցնի նրան, որ այդ երկիրն իրար հետեւից ապտակներ կստանա: Տեսանք, որ Ալմաթիի հանդիպումից հետո մեկն արդեն եղավ, կարծում եմ՝ մյուսները եւս չեն ուշանա: Ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնց խոսքը գործի հետ կապ չունի, եւ դրանում մենք ավելի համոզվեցինք հատկապես վերջին շրջանում, մեր երկիրն այս ամբողջ ընթացքում ապացուցեց, որ ունի տարածաշրջանային առաջնորդ՝ ի դեմս նախագահ Սարգսյանի, որը ձգտում է տարածաշրջանում ունենալ երկարատեւ կայունություն եւ խաղաղություն եւ ձգտում է լուծել խնդիրները: Մենք տեսանք, որ այս խաղում Թուրքիան մնացել է միայնակ՝ իր փոքր եղբայր Ադրբեջանի հետ: Իրականում Թուրքիան չկարողացավ սեղմել Հայաստանի մեկնած ձեռքը, եւ սա ոչ միայն Հայաստանի ձեռքն էր, այլեւ միջազգային հանրության, որը Թուրքիան չկարողացավ արժանապատիվ սեղմել: Կրկին խոսեց Թուրքիայի հայկական բարդույթը, որը նրանք, որքան էլ փորձեն թաքցնել, ամեն տեղից է երեւում:

– ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունների անցկացումը Հայաստանում ի՞նչ է տալու մեզ, ինչո՞ւ հատկապես Հայաստանը:

– Դա նշանակում է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է այդ կառույցի համար եւ որպես ռազմավարական ընկեր՝ շատ կարեւոր: Մենք միշտ էլ եղել ենք ՀԱՊԿ-ի ակտիվ անդամը, միաժամանակ՝ ակտիվություն ենք ցուցաբերում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Իսկ սա նշանակում է, որ տարածաշրջանում Հայաստանը բավականին լուրջ գործոն է:

– Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ՀՀՇ-ում, այս կուսակցության ներքին խմորումների համար մեղադրանք հնչեց իշխանության հասցեին:

– Իշխանությունները այսօր բավականին կարեւոր գործեր ունեն եւ դրանցով են զբաղված եւ բոլորովին պարապ չեն, որ զբաղվեն ՀՀՇ-ով:

– Մեր թերթին տված հարցազրույցում ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը կարծիք էր հայտնել, որ ցանկացած պահի իշխանությունը կարող է ստեղծել կառավարելի ընդդիմություն, եւ կոալիցիայի անդամները (նկատի ունի ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին) երբեք դուրս չեն գա ՀՀԿ-ի դեմ, քանի որ պետական մեքենան իրականում բավականին ուժեղ է:

– Նախ, ես ուրախ եմ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը գիտի, որ պետական մեքենան Հայաստանում հզոր է, իսկ հզոր է այն իշխանությունը, որը վայելում է ժողովրդի վստահությունը: Երկրորդ, իշխանությունը գրպանային ընդդիմության կարիք չունի, որովհետեւ, ի տարբերություն նախկին իշխանությունների, գտնում է, որ ուժեղ, առողջ ընդդիմության առկայությունը խթան է քաղաքական գործընթացների զարգացման եւ առաջընթացի: Իսկ մենք ձգտում ենք մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:

– Ադրբեջանի նախագահը հերոսի կոչում շնորհեց մարդասպանին, ինչո՞ւ է «վա-բանկ» գնում միջազգային ընդունված չափանիշներին:

– Դա ավելորդ անգամ ապացուցում է, որ լկտիությունը եւ տգիտությունը սահման չունի, եւ երեւի այդպես է արձագանքում միջնորդների կոչերին՝ վերջ տալ ուժի լեզվով խոսելուն եւ հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել