Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՀԱՐԶԱՆ ԵՎ ՆՈՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Հուլիս 30,2010 00:00

ԼՂ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցկացված սոցհարցման արդյունքներով ղարաբաղցիների 85%-ը Արցախը անկախ է ուզում տեսնել, 15%-ը կասկածում է Ղարաբաղի անկախացման հարցում: Այդ մասին, ըստ aysor.am-ի, երեկ տեղեկացրել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ բանախոսի՝ արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցություններով՝ առանց Հայաստանի ներկայության: «Հայաստանը պետք է դուրս գա գործընթացից եւ թողնի, որ կողմերը դիմեն «բարեկիրթ ապահարզանի», երբ երկար տարիներ միասին ապրող զույգը մի օր որոշում է բաժանվել, որոշում են՝ գույքը ոնց պետք է բաժանեն»,- պարզաբանեց սոցիոլոգը՝ կարծիք հայտնելով, որ եթե հիշյալ լուծման առնչությամբ ԼՂ բնակչության շրջանում հարցում արվի, 90%-ը կհամաձայնի իր նշած տարբերակին։ Ա. Ադիբեկյանը գտնում է, որ նման քայլը որեւէ վտանգ չի ներկայացնում, քանի դեռ Ղարաբաղում են հայկական զինված ուժերը։ Նա նաեւ կարծում է, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չցանկացան հերթական անգամ կեղծ հույս տալ սեփական ժողովրդին, թե Կոսովոյի վերաբերյալ դատարանի որոշմամբ հնարավոր է հասնել նաեւ Ղարաբաղի անկախությանը։ Այսպես նա մեկնաբանեց Հաագայի դատարանի որոշման հետ կապված՝ Արցախում նախատեսված հանրահավաքի չկայացման փաստը: Այդ քայլով, ըստ նրա, Արցախի իշխանությունները փորձեցին չկոտրել բնակչության հույսը՝ անկախության ճանաչման հանդեպ, քանի որ դեռ երկար ժամանակ է պետք, որ գերտերությունները հաշվի առնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Հաագայի միջազգային դատարանի կողմից որոշում կայացվեց Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման օրինականության վերաբերյալ: ԼՂՀ ԱԺ խմբակցությունները նախատեսում էին հուլիսի 23-ին հանրահավաք կազմակերպել այդ կապակցությամբ, սակայն խորհրդակցությունների արդյունքում հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել