Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին Արգիճի մասին

Օգոստոս 26,2010 00:00

Երեկ Արգիճի հարցով հանդես էին եկել ոչ միայն լրատվամիջոցները եւ բնապահպանները, այլեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էր խմբակցության անունից նամակ հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հանցագործության մասին հաղորդագրություն համարվող այդ նամակում «Ժառանգությունը» պահանջում էր քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի ապօրինի գործողությունների կապակցությամբ, ով փաստացի հետապնդման է ենթարկում Արգիճի գետի հիմնական վտակի՝ Գայլաձորի հունը՝ փոքր ՀԷԿ կառուցելու միջոցով դեպի Վայոց Ձոր հեռացնելու նախաձեռնության դեմ փետրվարի 19-ին բողոքի ակցիայի մասնակիցներին՝ ակցիայի կազմակերպիչներին բացահայտելու նպատակով: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց վերջին օրերին Մարտունու դատախազության եւ ոստիկանության քննիչների գործողությունների մասին, որոնք, մեր կարծիքով, ոչ միայն հակաօրինական ու հակասահմանադրական են, այլեւ պետք է անհապաղ արժանանան իրավական համարժեք գնահատականի: Համաձայն տարածված տեղեկատվության՝ Մարտունու դատախազությունն այլեւս բացահայտ հետապնդման է ենթարկում մասնավորապես Վերին Գետաշեն գյուղի բնակիչներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքների շրջանակներում հուլիսի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Արգիճի գետի հիմնական վտակի՝ Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու միջոցով դեպի Վայոց Ձոր հեռացնելու նախաձեռնության, եւ որպես բողոքի արտահայտություն՝ 4 ժամով փակել են Երեւան-Մարտունի մայրուղին»: Նաեւ գրված էր. «Թե դատախազության, թե ոստիկանության քննիչների նման անառողջ եւ նույնական հետաքրքրությունները վկայում են, որ նրանք երկուսն էլ ակնհայտ հրահանգ են ստացել ինչ-որ կենտրոնից՝ պարզել եւ պատժել բողոքի ակցիայի ակտիվիստներին, ըստ այդմ՝ ճնշել տարածաշրջանի 5 համայնքների՝ Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ եւ Վարդաշեն գյուղի բնակիչների արդարացի բողոքը: Դատախազության եւ ոստիկանության քննիչներին բողոքի ակցիայի կազմակերպիչների ինքնությունը բացահայտել հրահանգած «կենտրոնի» բացահայտումը էական է այն պատճառով, որ մինչ այժմ անհայտ է, թե ո՞ւմ է իրականում պատկանում անավարտ եւ ապօրինի այդ կառույցը, որի միայն շինարարությունն իրականացրած ընկերությունն է հայտնի՝ «Զանգեզուր Էքսիմպ»: Նկատելով, որ իրական սեփականատերը հայտնի չէ, Ս. Սաֆարյանը գրում է. «Եթե նրա անձը բացահայտված լիներ, իսկ կատարած արարքներն էլ՝ պատժված, դժվար թե դատախազության կամ ոստիկանության քննիչները այսպիսի շահագրգռություն ունենային պատժելու ՀՀ այն ակտիվ քաղաքացիներին, ովքեր տապալել են սեփականատիրոջ բիզնես-նախագիծը»:
Ավելի ուշ պատգամավորի բաց նամակին ի պատասխան հանդես եկավ Գլխավոր դատախազությունը. «Օգոստոսի 25-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին, ինչպես նաեւ հրապարակեցին ԱԺ պատգամավորի բաց նամակը, որով իբրեւ թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացվում հանրապետության գլխավոր դատախազին՝ Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչների նկատմամբ ոստիկանության եւ դատախազության գործողությունների վերաբերյալ:
Հարգելով հանրության ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ նախեւառաջ հարգելի պատգամավորը պետք է վաղուց տեղյակ լիներ, որ 2007 թվականի մայիսից՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, ՀՀ դատախազությունը նախաքննությամբ չի զբաղվում, դատախազության համակարգում քննիչներ չեն աշխատում, հետեւաբար հարգարժան պատգամավորի հայտարարությունը՝ «քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի գործողությունների կապակցությամբ», անհիմն է, քանզի ՀՀ դատախազության կառուցվածքային կազմում «Մարտունու դատախազություն» ստորաբաժանում եւ «Մարտունու դատախազության քննիչ» գոյություն չունեն: Կարծում ենք՝ հայտարարությամբ հանդես գալուց առաջ կարելի էր ճշտել տեղեկատվության իսկությունը եւ զերծ մնալ հանրությանը չստուգված տեղեկատվություն փոխանցելուց:
2010 թվականի  հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն եւ Մադինա գյուղերի մի խումբ բնակիչներ անօրինական միջոցառում էին անցկացրել Մարտունի-Երեւան հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դադարեցրել երթեւեկությունը: ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի կողմից դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում հիշյալ գյուղերի մի խումբ բնակիչներ իրենց բացատրություններում հայտնել են, որ իրենք ցանկացել են դիմել կառավարությանը՝ «Արգիճա» գետի հունը փոխելու շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով:
Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մարտունի բաժնի քննչական բաժանմունքում շարունակվում է:
Գեղարքունիքի մարզի դատախազությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերոնշյալ գյուղերի բնակիչների կողմից որեւէ դիմում-բողոք չի ստացվել:
Նկատի ունենալով դեպքի հնչեղությունը՝ նյութերի հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել