Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ավետիսյանի թմրանյութի գործը

Սեպտեմբեր 09,2010 00:00

Արա Ավետիսյանը 2009թ. հուլիսին աշխատանքի է անցել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական մասում՝ որպես կրտսեր մասնագետ: Աշխատանքի ընթացքում ունենալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակ գոտիում ազատ տեղաշարժվելու հնարավորություն, Արա Ավետիսյանը որոշել է թմրամիջոց անցկացնել ՔԿՀ-ի տարածք եւ այն իրացնել ազատազրկման վայրում պատիժը կրող կամ նախնական կալանքի տակ գտնվող անձանց: Ա. Ավետիսյանը այս տարվա մայիսի 3-ին Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Եվրոշինանյութ» խանութի մոտակայքում հանդիպել է X-անձի (դեռ չի հայտնաբերված), որն իրեն է փոխանցել «Նոկիա-1200» տեսակի բջջային հեռախոսը: Բջջային հեռախոսը, որի դիմային կափարիչի տակ թաքցված է եղել 1,035 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը, Ավետիսյանը պահել է բաճկոնի գրպանում, ապա գործընկերոջ՝ Գրիգոր Սարգսյանի ավտոմեքենայով հասել «Նուբարաշեն» ՔԿՀ-ին հարակից տարածք: Ապահովության համար բաճկոնը թողնելով ավտոմեքենայի սրահում, Ա. Ավետիսյանն առանց թմրամիջոցի մտել է ՔԿՀ-ի հսկիչ-անցագրային կետ, հաշվարկելով, որ Գ. Սարգսյանը, որպես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնտեսական մասի պահեստապետ, քիչ հետո ավտոմեքենայով մտնելու է արգելված գոտի, որտեղ եւ հնարավորություն է ունենալու մեքենայից աննկատ վերցնելու բջջայինն ու այն փոխանցելու է հասցեատիրոջը: Սակայն հսկիչ-անցագրային կետում Ա. Ավետիսյանին անձնական ստուգման ենթարկելուց հետո, ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցները ստուգման են ենթարկել նաեւ Գ. Սարգսյանի ավտոմեքենան եւ սրահում թողած՝ Ա. Ավետիսյանին պատկանող բաճկոնի գրպանում գտնվող բջջային հեռախոսի զննման ընթացքում հայտնաբերել կափարիչի տակ թաքցված թմրամիջոցը:
Հատուկ քննչական ծառայությունը Արա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Ձեռնարկվում են միջոցներ X անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել