Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏՈՆ՝ ԱԼԱՎԵՐԴՑԻՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Հոկտեմբերի 20-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում կայացավ «Թատերական Լոռի 2010»՝ 20-րդ թատերական փառատոնի հանդիսավոր բացումը: «Առավոտի» հետ զրույցում փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը նշեց, որ 80-ական թվականներին մետալուրգիայի քաղաք Ալավերդիում անց էին կացվում թատերական եւ երաժշտական փառատոներ, որոնք ունեին ոչ միայն համամիութենական, այլեւ միջազգային բնույթ, քանի որ այդ փառատոներին մասնակցում էին գեղարվեստական կոլեկտիվներ նաեւ եվրոպական երկրներից:

Ըստ պարոն Հ. Պապինյանի, փառատոները անց էին կացվում Ալավերդի քաղաքում եւ շրջանի տարբեր բնակավայրերում եւ, ի դեպ, լեփ-լեցուն դահլիճներում, հուշարձանների տարածքներում: Հ. Պապինյանի խոսքերով, հասարակական-քաղաքական կյանքի վայրիվերումների հետեւանքով 1992 թվականից դադարեց ավանդական դարձած այդ փառատոներից՝ երաժշտականի գոյությունը: Մնաց միայն «Թատերական Լոռին»: 2008 թվականից «Թատերական Լոռին» անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հավելենք, որ փառատոնի բացմանը մրցանակներ հանձնվեցին որոշ թատերական գործիչների: Փառատոնը բացեց Հ. Մաթեւոսյանի «Աշնան արեւը» պիեսը՝ «Նորք» թատրոնի բեմադրությամբ: Գլխավոր դերում հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանը: Բեմադրությունը՝ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանինն էր: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Պրոֆեսիոնալ ժյուրին գլխավորում է ճանաչված թատերագետ Հայկազ Երանոսյանը: «Թատերական Լոռին» կտեւի մինչեւ հոկտեմբերի 27-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել