«2023 թվականից, երբ տեղափոխվել ենք Հայաստանի Հանրապետություն, մեր գործունեությունը սահմանափակ է։ Վերջին օրերին տեսանք, թե Ազգային ժողովում ինչ տեղի ունեցավ, փաստորեն կառավարության լիազոր ներկայացուցիչները լքեցին դահլիճը եւ չպատասխանեցին մեր հարցերին։ Սա եւս ցուցիչ է»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Արցախի իշխանությունները հայտարարել են Հայաստանում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ առաջիկայում կամփոփեն այդ աշխատանքը։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն Արցախի պետական ինստիտուտների շարունակության, համագործակցության մասով։
«Ընտրություններին 19 կուսակցություն էր մասնակցում, եւ գրեթե բոլորն անխտիր խոսում էին Արցախի հարցի շուրջ։ Բայց ինչ մենք հայտարարել ենք քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին, մինչ այս պահը երկու քաղաքական ուժ են հանդիպել եւ իրենց դիրքորոշումը հայտնել՝ ՀՀԿ-ն եւ «ՀայաՔվե»-ն։ Նաեւ առաջիկայում հանդիպելու ենք «Ուժեղ Հայաստան»-ի հետ։ Տասը օրվա ընթացքում մենք այդ հանդիպումները կամփոփենք, որից հետո ինքս եմ որոշում կայացնելու՝ շարունակելու եմ Արցախի պետական նախարարի պաշտոնում պաշտոնավարել, թե՞ կթողնեմ։ Բայց վստահեցնում եմ ձեզ, եթե լինի հակառակը, այսինքն՝ հրաժարական տամ, հանգիստ չեմ նստելու եւ կողքից չեմ հետեւելու, թե ինչ է կատարվում»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով հարցին՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացվելո՞ւ են, Նժդեհ Իսկանդարյանն ասաց․ «Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքների դիմումները, դա է պատճառը,որ այս փուլում դեռ նպատակահարմար չենք գտնում ակցիաներ անելու։ Բայց առաջիկայում որոշ պրոցեսներ միանշանակ ձեռնարկելու ենք, որովհետեւ ամեն օր արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակը ավելի ծանր է դառնում»։
Նա նշեց, որ քննարկումներ ունեցել են, գիտեն արցախցիների տրամադրությունը, պարզապես պետք է սպասել հարմար պահի։ «Միանշանակ պետք է դուրս գանք եւ պետք է մնանք այնքան ժամանակ, մինչեւ մեր խնդիրների լուծումը կստանանք»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































