Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ԺԻԳՈՒԼՈՒ ՈՒՂԵՎՈՐ» ՀՆՉԱԿՅԱՆ՝ ԵՐԵՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Շուտով Հայաստանում եւս մեկ հնչակյան կուսակցություն կգրանցվի

Հայաստանյան կուսակցությունների պատմության մեջ ամենաաղմկահարույցը թերեւս հնչակյաններն են եղել, չնայած  մշտապես էլ փոքրաթիվ են եղել եւ քաղաքական դաշտում առանցքային դերակատարում չեն ունեցել: Երեկ հայտնի դարձավ, որ մեկ տարի առաջ ՍԴՀԿ-ից Վահան Շիրխանյանի եւ Վարդան Խաչատրյանի հետ հեռացված-հեռացածները, ովքեր այս ընթացքում, փաստորեն, տանուլ տվեցին նաեւ դատական ատյաններում իրենց իսկ սկսած վեճը՝ կուսակցության կնիքի եւ ատրիբուտների վերաբերյալ, պատրաստվում են նոր կուսակցություն գրանցել: Այն կկոչվի Հնչակյան Սոցիալ-Դեմոկրատ Կուսակցություն (ՀՍԴԿ): «Հնչակյան կուսակցությունը, ժողովներ անցկացնելով իր մասնաճյուղերում, լսելով շարքային անդամների տեսակետները, եկել է հավաքական որոշման՝  գնալ իրավաբանական նոր գրանցման եւ դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երեւան քաղաքում հրավիրել  համագումար: Միեւնույն ժամանակ,  կուսակցությունը շարունակում է մնալ համասփյուռ Հնչակյան ընտանիքի լիիրավ անդամ եւ ունի Հայաստանի ներկայացուցիչը Կեդրոնական Վարչությունում՝ ի դեմս ընկ. Վահան Շիրխանյանի: Կուսակցությունը նաեւ վստահ է, որ ՀԱԿ-ի հովանավորյալ, աշխարհասփյուռ  եւ Հայաստանի հնչակյանության կողմից մերժված Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձն ապօրինաբար  եւ անարժանաբար է կրում  հնչակյան անվանումը եւ վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը՝ կրելով դավաճանի պիտակ»,- ասված է երեկ տարածված հայտարարության մեջ: Իսկ Նարեկ Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց այս քայլն, ըստ էության, ժամանակավոր, իրավիճակային լուծում է, եւ որ առանձին կուսակցականներ շարունակելու են Լյուդմիլա Սարգսյանի դեմ դատական գործընթացը՝ այլ հայցով: Հայցի մանրամասներ նա առայժմ չհրապարակեց:
Մինչ այդ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած կուսակցությունն էր հայտարարություն տարածել, որում ասված է. «Հիմք ընդունելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ վերաքննիչ  դատարանի որոշումը՝ ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը: Չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ, որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք: Տեղեկացնում ենք, որ համաձայն ՍԴՀԿ ԿՎ 16.12.2009թ. թիվ 14 նիստի արձանագրության՝ Վահան Շիրխանյանը, Գեւորգ Պերկուպերկյանը, Նարեկ Գալստյանը, Գագիկ Մելիքյանը, Արսեն Կուպելյանը հեռացված են ՍԴՀԿ շարքերից՝ կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու եւ իրականացնելու համար»: Նաեւ հիշեցնում են, որ՝ «Վարդան Խաչատրյանի ապօրինի անդամությունը կասեցվել է դեռ ՍԴՀԿ ԿՎ 31.10.2009 թ. թիվ 11 նիստի որոշման հիման վրա»:
«Առավոտի» հետ զրույցում էլ անդրադառնալով հնչակյան մեկ այլ կուսակցություն գրանցելու նախաձեռնությանը՝ տիկին Սարգսյանն ասաց. «Իրենց կանաչ ճանապարհ եմ մաղթում այդ նախաձեռնության մեջ, բայց փորձը ցույց է տվել, որ նմանատիպ նախաձեռնությունները վերջանում են հենց սկսելու պահից: Նրանք դաշտում որեւէ դերակատարություն չեն կարողանալու վերցնել: Վերջին հաշվով՝ պետք է նայել ու տեսնել, թե ովքեր են այդ նախաձեռնության հիմքում կանգնած. ընդամենը մի քանի երիտասարդներ, որոնց քայլերը կազմակերպելու հարցում դրսից, հավանաբար, հուշողներ կան: Ինչքան էլ Սեդրակ Աճեմյանը (ՍԴՀԿ ԿՎ ատենապետ- Ն. Գ.) փորձի նրանց «ջրի երեսին» պահել, միեւնույն է, ձախողվելու են»: Տիկին Սարգսյանը կարծում է նաեւ, որ Վահան Շիրխանյանի դերակատարումն ընդհանրապես ավարտված է, եւ որ նա այլեւս ոչ իշխանական, ոչ էլ, առավել եւս, ընդդիմադիր դաշտում հավակնություններ ցուցաբերել չի կարող, ու հիշեցնում է, որ Վահան Շիրխանյանը ՍԴՀԿ ԿՎ անդամ է առաջադրվել եւ ընտրվել իրենց կառույցի կողմից, եւ որ նա այլեւս իրավունք չունի այդ անվան տակ հանդես գալու:
Վահան Շիրխանյանն այս թեմաների շուրջ խոսել չցանկացավ եւ ձեռնպահ մնաց մեկնաբանություններից: Հիշեցնենք, որ հնչակյան մեկ այլ կուսակցություն էլ կա՝ ՀՍԴՀԿ, որը ղեկավարում է նախկին ՍԴՀԿ-ական Էռնեստ Սողոմոնյանը, ով այժմ ԱԺ-ում ներկայացնում է ԲՀԿ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել