Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Կրոնական քարոզիչները ներթափանցել են նաեւ ԼՂՀ

Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո մեր երկիր են թափանցել տարբեր կրոնական կազմակերպությունների քարոզիչներ եւ աղանդավորականներ: Նրանց գալուստը կանխատեսելի էր, քանի որ պատերազմ տեսած երկրում ստեղծվում են անհամեմատ բարենպաստ պայմաններ եւ գործունեության լայն հեռանկարներ: Եվ նրանք եկան, որոնք, բացի «Եհովայի վկաներից», հիմնականում բողոքական եկեղեցու տարատեսակ կրոնական կազմակերպությունների հետեւորդ-քարոզիչներ են եւ կաթոլիկներ, այսինքն՝ մեծամասամբ քրիստոնյաներ են:
Սովորաբար, եթե քրիստոնյա քարոզիչները գնում են քրիստոնյա մի այլ երկիր (խնդրում ենք երկիրը չշփոթել պետության հետ)՝ կա՛մ հրավիրված են լինում, կա՛մ գնում են միայն ու միայն օգնելու նպատակով: Հակառակ դեպքում, ցանկացած այլ քայլ հակասում է քրիստոնեական սկզբունքներին եւ մանավանդ քրիստոնեական սիրո գաղափարին:
Հարց է ծագում, արդյո՞ք քրիստոնեական սիրուց դրդված են Արցախ մուտք գործել քրիստոնյա քարոզիչները: Միանգանից նշենք՝ ո՛չ, եւ փորձենք հիմնավորել մեր կտրուկ պատասխանի պատճառները: Նման դեպքերում ընդդիմախոսները իսկույն մեջտեղ են բերում մի քանի պատրվակներ՝ այլ կրոնական կազմակերպությունների եւ եկեղեցիների նկատմամբ մեր անհանդուրժողականությունը, խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու սահմանադրական իրավունքը եւ Հայ առաքելական եկեղեցու անբավարար հոգեւոր քարոզչությունը: Կարծում եմ, մեզ՝ հայ քրիստոնյաներիս անհանդուրժողականության մեջ մեղադրելը այնքան էլ դյուրին չէ, քանի որ հյուրասիրությունը եւ դրան միահյուսված հանդուրժողականությունը հայկական ավանդապահության եւ կենցաղավարության անբաժանելի մասն են կազմում: Հետեւաբար, եթե հայ քրիստոնյան ինչ-որ բան չի հանդուրժում, մանավանդ, երբ գործ ունի հյուրի հետ (կապ չունի՝ անկոչ, թե հրավիրված), նշանակում է՝ «դանակը հասել է ոսկորին»: Նման դեպքում մեխանիկորեն գործի են դրվում ինքնապաշտպանության եւ գոյապահպանության ազդակները, որոնց շնորհիվ է նաեւ, որ արցախահայությունը առայսօր գոյատեւում է: Պատմությունից հայտնի է, որ Մեծ Հայքի Արցախ եւ Ուտիք աշխարհների տարածքում հայը, բացի Հայ առաքելական եկեղեցուց, այլ եկեղեցի չի ունեցել:
Դիտարկենք հաջորդ պատրվակը՝ խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու՝ մարդու եւ քաղաքացու իրավունքը: Տվյալ պարագայում մեր քրիստոնյա քույր-եղբայրներին տեղին է հարց տալ. «Որտեղի՞ց է վերցվել խղճի ազատության գաղափարը եւ, ընդհանրապես, ո՞վ է մարդուն տվել ազատ կամք»: Եթե մարդը գտնում է, որ ազատություններն իրեն տրվել են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ հռչակագրերի, օրենքների, փաստաթղթերի եւ ԼՂՀ Սահմանադրության միջոցով, ապա պետք է, որ նա ծանոթ լինի նաեւ նույն փաստաթղթերով իրեն «վերապահված» պարտականություններին: Իսկ պարտականությունները նույնքան պարզ ու հստակ են գրված, որքան ազատությունները: Պարզապես, պետք է ենթարկվել այն երկրի օրենքներին, որտեղ ապրում են կամ հյուր են գնացել: Քրիստոնյաներին հիշեցնենք նաեւ Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին գրած թղթերից մի հատված. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգուած: Հետեւաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում: Եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում…»:
Նշվածները նպատակաուղղենք ու կատարենք հաջորդ հարցադրումը. «Արդյո՞ք Արցախում գործող քրիստոնեական կրոնական կազմակերպությունները կատարում են երկրի Սահմանադրության նորմերը, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջները եւ հպատակվում են երկրի իշխանությանը»:
Արցախում գործող համարյա բոլոր քրիստոնեական կրոնական կազմակերպությունները հանդես են գալիս բարեգործական հասարակական կազմակերպության անվան տակ (մեկն էլ գրանցված է որպես Անհատական ձեռնարկություն): Զբաղվելով քարոզչությամբ, դրանք հենց էն գլխից խախտում են ԼՂՀ օրենքները: Դրան ավելացնելով նաեւ հոգեորսությունը եւ արտերկրից ստացվող ֆինանսավորումը, պարզ կդառնա մեր օրինախախտ քրիստոնյաների իրական պատկերը: Իհարկե, նրանք ցանկացած օրինախախտումների «բնագավառում» մի քանի անգամ զիջում են «Եհովայի վկաներին», որոնց համար իրավախախտումները գոյաձեւ են եւ փիլիսոփայություն:
Այժմ գրենք Հայ առաքելական եկեղեցու մասին, որի, այսպես կոչված, թույլ հոգեւոր-քարոզչական աշխատանքները հաճախ են շահարկում Արցախ թափանցած քրիստոնյա քարոզիչները: Նրանք գտնում են, որ Արցախի Հանրապետությունում Հայ եկեղեցու հոգեւոր-քարոզչությունը բավարար չէ եւ իրենք եկել են եւ կոչված են այդ բացը լրացնելու՝ «Դուք չեք անում՝ մենք ենք անում» սկզբունքով: Որպես հավաստում իրենց ճշմարիտ քայլի՝ մեջբերում են Մարկոսի եւ Ղուկասի ավետարանների հայտնի դրվագը, երբ Հովհաննեսը ասում է. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»: Հիսուսը ասում է նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»:
Զարմանալի է, որ Աստվածաշնչի այս դրվագի մեկնաբանություններին ծանոթ չեն մեր նորօրյա քարոզիչները կամ էլ դիտմամբ են խեղաթյուրում եւ մեկնաբանում իրենց շահեկան տարբերակով: Նախ, Հիսուսը մինչեւ Հովհաննեսի ասելն էլ գիտեր, որ մեկը իր անունով դեւեր է հանում, չէ՞ որ այդ շնորհը Աստծո կողմից է տրված: Այստեղ կարեւորը զգոնությունն է, որ Հովհաննեսը եւ մյուս աշակերտները պարտավոր են ցուցաբերել, որը եւ մասնավոր օրինակով հաստատվում է: Իսկ մեր պարագայում, տվյալ դրվագը պարտավորեցնում է զգոն լինել ու պարզել, թե ովքե՞ր են Արցախի Հանրապետություն ժամանած անկոչ հյուրերը, ովքե՞ր են նրանց ուղարկել եւ ի՞նչ նպատակով: Ցավալին այն է, որ «առաքյալների» համար կարեւոր չէ, թե Արցախը Հայաստանի մի մասն է կազմում, որտեղ 70 տարի պարտադրված «պարապուրդից» հետո վերաբացվել է Հիսուսի աշակերտներ Թադեւոսի եւ Բարդուղիմեոսի հիմնադրած եկեղեցին՝ Հայ առաքելական եկեղեցին: Մյուս կողմից. եթե, իրոք, Արցախ ժամանած քարոզիչները քրիստոնյաներ են եւ գտնում են, որ Արցախի թեմը թույլ է աշխատում կամ տկար է, ապա առողջ բանականությունը թելադրում է, որ նրանք ցուցաբերեն քրիստոնեական գթասրտություն եւ սեր, օգնեն Հայ եկեղեցուն, այլ ոչ թե ստեղծեն իրենց «եկեղեցիները», ազգը բաժանեն տարբեր կրոնական համայնքների եւ քայքայեն Հայ եկեղեցու հիմքերը:
Այս պահին, եթե Արցախին միայն մի բան է անհրաժեշտ, ապա դա համայն հայության հոգեւոր եւ նյութական միասնությունն է: Իսկ միասնությունը ստեղծվում է ընդհանուր գաղափարի շուրջ, որը հիմնված է լինում ճշմարիտ հավատքի վրա, այն է՝ քրիստոնեությունը՝ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու:
Դրսից ներմուծված կրոնական կազմակերպությունների շնորհիվ արցախահայության մի մասը՝ մոտ 3000 հավատացյալ, բողոքական է կամ կաթոլիկ, աղանդավոր է կամ այլադավան: Հոգեւոր դաշտի նման խայտաբղետությունը չի կարող չազդել արցախահայության ազգային եւ կրոնական ինքնագիտակցության վրա: Ամբողջ բարդությունն այն է, որ հնարավոր չէ որոշել կամ գծել այն սահմանը, որից այն կողմն անցնելը կործանարար կարելի է համարել: Ավելի պատկերավոր ասած. խմիչքի սիրահար մարդը փորձից գիտե իր չափաբաժինը՝ «վերին սահմանը», ասենք՝ 3 կամ 5 բաժակ օղի, իսկ մեր պարագայում դժվար է պարզել 3000-ը 140 հազար ազգաբնակչության համար կրիտիկական սահմա՞ն է, թե՞ ոչ: Համեմատության համար նշենք, որ արցախյան ազգային-ազատագրական շարժման տարիներին, երբ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը ստանձնեց քաղաքական իշխանության ղեկը (իհարկե, ՀՀ իշխանությունների հիմնավորված համաձայնությամբ), դաշնակցությունը ուներ ընդամենը 251 անդամ եւ ավելի քան 1000 համակիր: Այնպես որ, 3000 հավատացյալները, որոնց մեծամասնությունը «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են, զգալի ուժ է, անգամ պետական անվտանգության տեսանկյունից սպառնալիք է ներկայացնում:
Իհարկե, այստեղ չի կարելի հավասարություն դնել «Եհովայի վկաների» եւ մյուս քրիստոնեական կազմակերպությունների, «եկեղեցիների» եւ աղանդների միջեւ, բայց, այնուամենայնիվ, չմոռանանք, որ հոգեւոր ոլորտը ավելի շատ զգոնություն է պահանջում, քան ցանկացած այլ ոլորտ:
Վերջում մեջբերենք ԼՂՀ Սահմանադրության հոդված 10-ի 2-րդ մասը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունն արցախահայության հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»:
Ասել է թե՝ օգնելով Հայ եկեղեցուն, նպաստում ենք մեր ազգային մշակույթի զարգացմանը եւ ազգային ինքնության պահպանմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել