Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ԼՐՏԵՍՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Վրաստանի իշխանություններն ուզում են կալանավորված ռուս լրտեսներին փոխանակել Ռուսաստանում դատապարտված վրացի լրտեսների հետ: Այդ մասին հաղորդում է newsru-ն՝ վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը: Պարբերականը մատնանշել է նաեւ փոխանակման ենթակա թեկնածուների անունները. Վրաստանի արտաքին հետախուզության հաստիքային աշխատակից Զազ Խարկելաձե, որն այս տարվա մարտին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, ՌԴ պաշտպանության նախարարության երկու գնդապետներ՝ Խվիչի Իմերլիշվիլի եւ Մարլեն Բոգդանով, որոնք դատապարտվել են համապատասխանաբար 13 եւ 15 տարվա բանտարկության, եւ Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակից Էդուարդ Գոբոզովը, որը սեպտեմբերին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ գտնվում է ուղղիչ աշխատանքային գաղութում:
Այս շաբաթասկզբին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանթաձեն հայտարարել էր, թե Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցելու ռուսական հետախուզության հետ առնչություններ ունեցող լրտեսական ցանցի բացահայտման շուրջ, ինչին ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ առաջարկը սադրանք համարելուց զատ, նաեւ հայտարարել էր, թե բանակցություններ չեն լինի:
Չորեքշաբթի օրը Քալանթաձեն հաստատել է, որ լրտեսների ճակատագրի շուրջ Մոսկվայի հետ բանակցություններ դեռեւս չեն վարվում, բայցեւ հավելել էր. «Ռուսներն արդեն խնդրանքով դիմել են մեզ՝ հանդիպելու եւ խոսելու իրենց քաղաքացիների հետ: Մենք, իհարկե, կապահովենք այդ կալանավորների օրենսդրությամբ նախատեսված իրավունքները»:
Հիշեցնենք, որ Վրաստանում հօգուտ Ռուսաստանի լրտեսություն կատարելու մեղադրանքով կալանավորված շուրջ երկու տասնյակ հոգուց չորսը՝ Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պետր Դեւշիրաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը, Ռուսաստանի քաղաքացիներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել