Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն ռիսկերը ամենուր են

Դեկտեմբեր 10,2010 00:00

Կապանի ՇՊԱԿ-ում չորս ամսում 200 դիմում են ստացել

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, Սյունիքի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի՝ ՇՊԱԿ ղեկավար Արշավիր Խալափյանը կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առիթով երեկ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի շարք հիմնախնդիրներ:

Սեպտեմբերից գործող Սյունիքի ՇՊԱԿ արդեն դիմել է մոտ 200 քաղաքացի տարբեր հարցերով՝ սեփականության եւ աշխատանքային իրավունքների խախտումներ, դատական համակարգի եւ նոտարական գրասենյակների հետ կապված խնդիրներ եւ այլն:

Սյունիքում քիչ չեն նաեւ տեղեկատվության ազատությանը առնչվող խնդիրները: Տեղեկատվություն տնօրինողները խուսափում են տեղեկատվություն տրամադրելուց կամ տրամադրում են ոչ լիարժեք տեղեկատվություն, այն էլ՝ շատ դեպքերում ուշացումով: «Օրենքով սահմանված ժամկետում տեղեկատվություն չստանալը մեզ համար որոշակի դժվարություններ է ստեղծում մեզ դիմած քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Մենք նման խնդրի ենք բախվել Կապանի քաղաքապետարանում: Բանը հասել էր նրան, որ մենք տեղեկատվության տրամադրման պահանջի մասին հայցադիմում ենք ներկայացրել քաղաքապետարանի դեմ: Հայցադիմումը ներկայացնելուց մի քանի օր հետո տեղեկատվությունը ստացել ենք: Այս պահի դրությամբ էլ տեղեկատվություն ենք պահանջել, բոլոր ժամկետների խախտմամբ մեզ այդ տեղեկատվությունը չեն տրամադրել: Խոսքը եկեղեցու հարեւանությամբ գտնվող բանկի դիմացի կանգառում սկսված շինարարության մասին է: Քաղաքապետի հրահանգով սեպտեմբերի 22-ին շինարարությունը կասեցվել է, դե յուրե կասեցվել էր, բայց դե ֆակտո շարունակվում էր: Միայն այն բանից հետո, երբ որոշակի գրագրություն արեցինք ոստիկանության եւ քաղաքապետի հետ, շինարարությունը դե ֆակտո կասեցվեց»,- ասում է ՇՊԱԿ-ի ղեկավարը:

Կոռուպցիոն ռիսկեր է պարունակում նաեւ Սյունիքում ուրանի հանքերի հետազոտման-շահագործման ծրագիրը: «Բնապահպանական տեղեկատվությունը թաքցվել է ազգաբնակչությունից, խախտվել են «Օրհուսի» կոնվենցիան, ՀՀ Սահմանադրությունը: Հասարակական քննարկումներ որպես այդպիսիք չեն եղել, սրանք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկ, կոռուպցիա՝ հօգուտ հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության»,- նշում է Արշավիր Խալափյանը:

Առանձին թեմա են դատաիրավական համակարգում կոռուպցիոն ռիսկերը եւ տեղեկատվության ազատությունը: «Առանց քաղաքացու դատաիրավական կարգավիճակը հստակեցնելու կանչում են ոստիկանություն, ցուցմունքներ վերցնում եւ որոշ ժամանակ անց քաղաքացին տեղեկանում է, որ ինքը վկա է: Ոչ ոք իրավունք չունի առանց քաղաքացու դատաիրավական կարգավիճակը հստակեցնելու նրա հետ նման գործողություններ իրականացնել: Եթե այս փուլում գործը սխալ ուղղությամբ է գնում, շատ բարդություններ են առաջանում քաղաքացու եւ նրա փաստաբանի համար: Հիշեք՝ եթե դատաիրավական կարգավիճակը հստակեցված չէ, քաղաքացին իրավունք ունի ծանուցագիր պահանջելու: Դատաիրավական կարգավիճակի կոնկրետացում պահանջեք: Եթե, այնուամենայնիվ, ոստիկանության բաժանմունք տանեն, լռեք, պահանջեք փաստաբան: Սա շատ փակ թեմա է, բայց լուրջ հիմնախնդիր է, որոշակի տեղեկացվածություն պետք է ունենա քաղաքացին` հետագայում լուրջ բարդություններից խուսափելու համար»,- հանդիպումը եզրափակեց Արշավիր Խալափյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել