Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկու հանդեպ սիրուց մինչեւ բանտի ճաղեր

Դեկտեմբեր 25,2010 00:00

Կազմակերպիչը հանգրվանեց մեկուսարանում

\"\"«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Ա. Մկրտչյանը մեղադրանք է առաջադրել Նորագյուղ 113 տան բնակիչ, 30-ամյա Արմեն Ստեփանի Սաղաթելյանի (աջից) նկատմամբ: Ա. Սաղաթելյանին դեկտեմբերի 21-ին հայտնաբերել էին Երեւանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները: Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հենց Ա. Սաղաթելյանն է կազմակերպել եւ ղեկավարել դեկտեմբերի 13-ին Երեւանի Մովսես Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ» ոսկու շուկայի վաճառողուհի Լուսինե Մանուչարյանի նկատմամբ ավազակային հարձակումը:

Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», այդ օրը Դեղատան 15 հասցեում գործող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշման կետից դուրս է գալիս ոսկու շուկայի վաճառողուհի Լ. Մանուչարյանը: Այդ պահին նրա վրա է հարձակվում 26-ամյա Տարոն Խաչատրյանը: Վերջինս հարվածում է կնոջը, տապալում գետնին, հափշտակում ձեռքի պայուսակը եւ դիմում է փախուստի: Պայուսակում լինում է 1 միլիոն 800 հազար դրամի կանացի ոսկյա եւ արծաթյա զարդեր: Լուսինեն հետապնդում է նրան, եւ Տիգրան Մեծի 12 շենքի մոտ նա ընկնում է եւ ընկած վիճակում բղավում է, թե՝ օգնեցեք: Այդ պահին վրա է հասնում Երեւանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպեր-լիազոր Մանվել Հակոբյանը, ով տեսել էր, թե ինչպես է մի երիտասարդ պայուսակը ձեռքին նստում փողոցում կայանված տաքսին: Լուսինեն օպեր-լիազորին ասում է՝ «պայուսակս գողացան», եւ ոստիկանը արագ կողմնորոշվելով, անմիջապես փորձում է վնասազերծել կողոպտչին: Վերջինս դիմում է փախուստի, սակայն չի հասցնում փախչել կողոպտչի գործընկերը՝ 22-ամյա Մհեր Համբարձումյանը: Փախուստի դիմած Տարոն Խաչատրյանին քաղաքացիներն ու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները բռնում են Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստում բավարարեց Ոստիկանության Երեւանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մկրտչյանի միջնորդությունը եւ 2 ամսվա կալանքի որոշում կայացրեց կազմակերպչի՝ Ա. Սաղաթելյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է ՀՀ քր.օր.-ի 38-34 հոդվածի (կազմակերպիչ) եւ 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով): Դատարանի որոշումը հրապարակելուց հետո Ա. Մկրտչյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ մի քանի օր առաջ տեղափոխվել էին նրա երկու հանցակիցները՝ Տարոն Խաչատրյանն ու Մհեր Համբարձումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել