Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակցիները ինձանից դեռ կհոգնեն»

Հունվար 11,2011 00:00

Իր պաշտոնանկության մասին պտտվող լուրերին այսպես է արձագանքում Շիրակի մարզպետը

Մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ Ոսկեհասկի գյուղապետ Ջեյմս Մուրադյանը, անհանգստացած լինելով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի՝ մնալ-չմնալու հարցով, հետաքրքրվեց, թե ճի՞շտ են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե շուտով Գիզիրյանին հետ են կանչելու: Ի պատասխան այս հարցի, նորանշանակ մարզպետը վստահեցրեց, որ պաշտոնավարելու է այնքան, մինչեւ որ շիրակցիները իրենից հոգնեն: Նա նաեւ գյուղապետերին «կարգի ու չափի» հրավիրվելու մի լավ դաս տվեց: Օրինակ՝ հրահանգեց չչարաշահել իրենց պաշտոնեական դիրքը, չփոշիացնել համայնքային բյուջեի միջոցները, քաղաքացիների հետ վարվելակերպ սովորել, սատարել բնակիչներին, նրանց բարձրացրած հարցերին արդարամիտ լուծում տալ, գյուղապետի պաշտոնին զուգահեռ դպրոցներում չաշխատել որպես ուսուցիչ՝ կտրելով մանկավարժի հացը եւ դա այն դեպքում, երբ առանց այդ էլ դասաժամեր չկան: «Կառավարման ոլորտում ներգրավված մարդկանց մեջ, խոսքը նաեւ մեզանից շատերի մասին է, այն մտայնությունը կա, որ եթե պաշտոն են զբաղեցնում, ուրեմն իրենք ամենակարողն են եւ անձեռնմխելի, չարաչար սխալվում են: Ժամանակն է ձերբազատվել կառավարման հին, դարն ապրած մեթոդներից: Մարդուն սատարելը, նրա կողքին կանգնելը համարելով գերակա խնդիր՝ մենք նպաստելու ենք գործնական բարեհամբույր մթնոլորտի ձեւավորմանը, որը պակաս կարեւոր չէ հաջողությունների հասնելու ճանապարհին: Քաղաքացու եւ պաշտոնյայի միջեւ արհեստական պատնեշ չպետք է լինի»,- այսպես ներկայացրեց իր մի քանի նկատառումներն ու դիտարկումները Շիրակի մարզպետը՝ նախազգուշացնելով, որ գյուղապետերի բացթողումներն ու անգործությունը հատուկ քննարկման առարկա են դառնալու, իրենց արժանի գնահատականն են ստանալու: Ա. Գիզիրյանը գյուղապետերին նաեւ հրահանգեց հստակեցնել իրենց քաղաքական կողմնորոշումը, իսկ սրանից կարելի է ենթադրել, որ շիրակցի գյուղապետերը, երբեմն, միաժամանակ սատարում են մի քանի կուսակցության, շատ դեպքերում ստիպված են լինում չմերժել թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՕԵԿ-ի ու մյուսների առաջարկը, թեկուզեւ այն դեպքում, երբ նրանցից ոմանք հոգով ու սրտով ընդդիմադիր են:
Նկատենք, որ Շիրակի մարզում այլեւս անկուսակցական գյուղապետ չի մնացել, վերջին 10 «անբասիրները» մի քանի ամիս առաջ ստիպված եղան համալրել ՀՀԿ-ի շարքերը: Շիրակի մարզպետը անդրադարձավ նաեւ իր կադրային քաղաքականությանը՝ դժգոհելով, որ մարզպետ նշանակվելուն պես շշուկներ տարածվեցին, թե ինքը կադրային ջարդ է անելու, մինչդեռ անցած ամիսների համատեղ աշխատանքը հակառակն ապացուցեց: «Կարծում եմ՝ կադրերի հետ աշխատանքը լուրջ դիտողականություն պահանջող ոլորտ է, ուղղակի պետք է ասեմ, որ դա չի նշանակում, թե փոփոխություններ չպետք է լինեն, բայց եւ այնպես ամեն մի փոփոխություն պետք է արդարացված լինի, որեւէ նման գործողություն կատարելիս պետք է առաջնորդվել երկրի եւ պետության շահերով: Մինչեւ մի որոշում կայացնելը, լինում են գիշերներ, որ ես չեմ քնում, սա սուտ խոսքեր չեն, հավատացած եղեք, եթե այդպես չլիներ, իմ եկած օրվանից շատ մարդիկ այսօր չէին աշխատի: Ես համարում եմ, որ ավելի լավ է մարդու հանդեպ ներողամտություն դրսեւորել, քան պատժել: Երեւի թե բոլորիդ միշտ թվացել է, թե ես, որպես ուժային կառույցի ներկայացուցիչ, ավելի շատ կողմնակից եմ եղել պատժելու, դա այդպես չէ»,- ասաց մարզպետը: Նա նաեւ շեշտեց, որ անչափ շատ են կրթության ոլորտից ստացվող բողոքները, հատկապես աշխատանքից անօրինական ազատվող ուսուցիչներից, որոնք հետագայում դատի են տալիս, շահում են դատը, այնուհետեւ գումար են պահանջում հարկադիր պարապուրդի մատնվելու համար ու այսպես տուժում է պետական բյուջեն: Շիրակի մարզպետն այս հարցում մեղադրեց՝ իրենից սկսած մինչեւ կրթության վարչության ամենավերջին մասնագետին: Աշոտ Գիզիրյանը չմոռացավ անդրադառնալ նաեւ համայնքների սանիտարական վիճակին, նա սպառնաց՝ հարցին ուշադրություն չդարձնելու դեպքում իր կողմից կատարված նկարահանումները տրամադրել տեղական հեռուստաալիքներին ու այսպիսով գյուղապետերին «մի լավ խայտառակել»: Նկատենք, որ «Տիրամայր Հայաստան» կոչվող կրթահամալիրում (այն Գյումրիում առավել հայտնի է «կուսանոց» անվանմամբ) ընթացող մարզխորհրդի նիստին մասնակցում էին նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի ոստիկանապետը, ԱԱԾ պետը, որոնք «պատվավոր» տեղ էին զբաղեցնում իրենց նախկին գործընկեր Աշոտ Գիզիրյանի կողքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել