Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրյանը՝ այլեւս երկնային մեծություն

Հունվար 11,2011 00:00

\"\"2011թ. առաջին օրերին արվեստի երեւելիների երկնային աշխարհում ավելացավ եւս մեկ անուն՝ Օհան Դուրյան

Երուսաղեմում կայացած առաջին իսկ բեմելից, երբ 23 տարեկանում նա կանգնեց դիրիժորական վահանակի առջեւ, կերտեց նահապետի պատմական իր կերպարը: Կերպար, ում պետք է աշխարհն անվաներ մաեստրո Օհան Դուրյան: Միայն խոշոր անհատականությունը կարող է հասկանալ ու բացահայտել ստեղծագործության մեծությունը: Բեռլիոզի, Բեթհովենի, Վերդիի եւ մյուս հանճարների անունով մեզ են հասել նրանց ստեղծագործությունների պարտիտուրները՝ կոմպոզիտորների մտքերի, հույզերի նոտագրությունը, սակայն դրանք դեռեւս երաժշտություն չեն: Մաեստրոն ավելի քան կես դար \"\"իր «գործիքի»՝ նվագախմբի միջոցով ներկայացրեց տարբեր ժամանակաշրջանի ստեղծագործողների ասելիքը: Նվագախումբը ղեկավարելիս Դուրյանը տարերքի մեջ էր, նրա մեջ կային ստեղծագործողի իմպրովիզային տարրեր, անսպառ էներգիա, ծայրաստիճան արտահայտչականություն, ինքնանվիրում:
Հասկանալի պատճառով հնարավոր չէ թվարկել այն սիմֆոնիկ ու օպերային երկերը, որ ղեկավարել է դիրիժորը: Մի բան անվիճելի է. տարբեր ստեղծագործությունների ոճի, գեղարվեստական մտահղացման խոր հասկացությունը, նուրբ եւ բարձր գեղարվեստական մեկնաբանությունը, արտիստական խառնվածքը ապահովում էին դուրյանական համերգների ու ներկայացումների բարձր մակարդակը:
Դուրյանը նվիրված էր ոչ միայն իր արվեստին, այլեւ ունկնդրին: Ժամանակին «Առավոտի» հետ ունեցած հարցազրույցներից մեկում մեծանուն դիրիժորն ասել էր. «Ունկնդրին պետք է սիրե՛լ, հարգե՛լ, բայց ոչ երբեք ենթարկվել: Հակառակ դեպքում դու կնմանվես ղեկը կորցրած նավի… Պետք է կարողանալ տեղ հասցնել գաղափարը եւ ոչ միայն հիանալ նվագախմբի հնչողությամբ…»:
Մաեստրոն նաեւ կայացած քաղաքացի էր, քաղաքական անցուդարձերի ակտիվ մասնակիցն ու դերակատարը: Նա երբեք չերկնչեց սեփական համոզմունքները ազատորեն արտահայտելուց, իրեն հոգեհարազատ քաղաքական ուժի կողքին կանգնելուց: Երեկ Ազգային օպերային թատրոնում ժողովուրդը հրաժեշտ էր տալիս իր սիրելի զավակին, մարդուն, արվեստագետին, ու պատահական չէր, որ ասեղ գցելու տեղ չկար:
Օհան Դուրյանն այլեւս երկնային մեծություն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել