Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Գնդապետի բարոյական կերպարը

Հունվար 12,2011 00:00

Երեկ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են Իջեւանի մատույցներում գտնվող Գետահովիտ գյուղի զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է բացել, ապա զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ «բերման» ենթարկել երիտասարդներին եւ ոտնձգություններ կատարել, ինքնաձիգով ահաբեկել: Երիտասարդներն էլ փախուստի դիմելով՝ ցած են նետվել երկրորդ հարկից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը ստացել է գանգուղեղի վնասվածք, իսկ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոն Ենգիբարյանը 10 օր շարունակ «կայուն ծանր» վիճակում պառկած է եղել Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, իսկ հունվարի լույս 10-ի գիշերը մահացել է: Երիտասարդի մահվանից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հունվարի 10-ի հրամանով զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ գնդապետ Սերգեյ Կարապետյանը ձերբակալվել է: Լուրեր կան, որ դեկտեմբերի 31-ին Գետահովիտում տեղի ունեցածի ժամանակ նա եղել է անսթափ վիճակում: Գնդապետ Սերգեյ Կարապետյանի կերպարի մասին վկայող այլ փաստեր կան:

Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ նա ծառայել է, արտաամուսնական կապերից երեխաներ է ունեցել, իսկ հետագայում չի հետաքրքրվել նրանց ճակատագրով: Նման երկու որբուկներ ապրում են Նոյեմբերյան քաղաքում: Երեխաների մոր մահից հետո նրանք հայտնվել են սոցիալապես դժվարին վիճակում, սակայն գնդապետը շարունակում է չհետաքրքրվել իրենից սերված մանուկներով: Գնդապետի մեկ այլ՝ չափահաս աղջիկն էլ Նոյեմբերյանի սրճարաններից մեկում բարմեն էր աշխատում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել