Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեյ ջան Շաշաստան»

Հունվար 18,2011 00:00

Կամ ներկայացում-էքսպերիմենտ՝ ըստ Թումանյանի հեքիաթների

\"\"

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շուտով հանդիսականի դատին կհանձնի խաղացանկային «Հեյ ջան Շաշաստան» ներկայացումը՝ ըստ Հ. Թումանյանի հեքիաթների: Այս գործը, որի բեմականացումը Նիկոլայ Ծատուրյանինն է, որոշել են համարել պրեմիերա, ինչ է թե՝ ներկայացման մեջ ներգրավված են Երեւանից հրավիրված երեք «սերիալային» դերասաններ: Նրանք են՝ Արփինե Իսրայելյանը, Սամվել Թոփալյանը, Անի Երանյանը:
«Առավոտի» հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը ասաց, որ «Հեյ ջան Շաշաստանը» իր դիպլոմային աշխատանքն է եղել եւ այն բեմադրել է 2005 թ.-ին:
«Այս ներկայացումը արդեն վեց տարի է, ինչ թատրոնի խաղացանկում է: Նրա մեջ ներգրավված են Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները»,- հավելեց Լ. Հարությունյանն ու նշեց, որ ներկայացումը իմպրովիզների վրա է կառուցված եւ դերասաններից յուրաքանչյուրը հնարավորություն ունի տարբեր կերպարներ մարմնավորել: Լ. Հարությունյանը փաստեց նաեւ, որ «Հեյ ջան Շաշաստանը» Գյումրիում մեծ պահանջարկ ունի՝ հաճույքով են դիտում թե մեծերը, թե փոքրերը: Գաղտնիքը՝ ըստ զրուցակցի, այն է, որ հանդիսականներից յուրաքանչյուրը դառնում է «Շաշաստանի» մասնակիցը, ինչը հանդիսականին դուր է գալիս:
Լ. Հարությունյանը ասաց նաեւ, որ թեեւ ներկայացման մեջ չկան մոդեռն տարրեր, պահպանվել է թումանյանական կոլորիտը, ազգային ծեսերում առկա խաղերը, երգերը, պարերը: Պարերը բեմադրել է Գագիկ Կարապետյանը: Անդրադառնալով Երեւանից հրավիրված դերասաններին, Լ. Հարությունյանը տեղեկացրեց, որ նման էքսպերիմենտներ հաճախ են արվել իրենց թատրոնում, եւ դա այսուհետեւ շարունակական բնույթ կկրի: Պատճառն էլ այն չէ, որ Գյումրիի թատրոնում դերակատարի խնդիր կա:
Բեմադրիչը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Երեւանից հրավիրվել էր ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը՝ Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (ռեժիսոր՝ Ռ. Գրիգորյան) ներկայացման մեջ խաղալու: Ինչ վերաբերում է երիտասարդ կադրերին, որոնք հրավիրվել են Երեւանից, ընտրությունը կատարել է թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:
Մեզ հետ զրույցում Տ. Վիրաբյանն էլ ասաց, որ «սերիալային» դերասանները հնարավորություն կստեղծեն հնարավորինս մեծացնել հանդիսականի հոսքը դեպի թատրոն: Պրոդյուսերը հավելեց, որ Գյումրիում արդեն փակցված են գովազդային պաստառները ու հետաքրքրություն կա: Տ. Վիրաբյանը հայտնեց, որ երեք դերակատարներն էլ մեծ սիրով են համաձայնել մասնակցել էքսպերիմենտին: Նրանց հետ հունվար ամսվա սկզբին արդեն պայմանագիր է կնքվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել