Լրահոս
Օրվա լրահոսը

Ելույթը վատը չէր, բայց…

Հունվար 19,2011 00:00

Երեկ «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե արդյոք Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ յուրօրինակ վերջակե՞տ էր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց. «Չեմ կարծում, որ սա վերջակետ էր: Սա միջազգային հանրությանը եւս մեկ անգամ ուղղված ազդակ էր, որով արձանագրվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առաջ շարժվել բացառապես այն համաձայնությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել արձանագրություններով»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ժողովուրդն իմաստուն մի խոսք ունի՝ սխալի կեսից հետ դառնալն էլ է տղամարդկություն: Նախագահը վերջին 2-3 ելույթներում, որտեղ անդրադարձ է կատարում հայ-թուրքական հարաբերություններին, արդեն անուղղակիորեն ասում է, որ Թուրքիայի հետ նախաձեռնողական քաղաքականությունը եղել է սխալ: Եվ այդքան համարձակություն ունի, ի պատիվ իրեն, խոստովանելու այդ սխալը: Բայց ամբողջական հետ դառնալու համար անհրաժեշտ է ուղղակի հետ վերցնել ԱԺ-ից Ցյուրիխյան այդ չարաբաստիկ արձանագրությունները: Եվ կարծում եմ, եթե շեշտադրումներն այդ տրամաբանությամբ շարունակվեն՝ առաջիկայում դրա ականատեսն էլ կլինենք»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ ասաց. «Ընդհանրապես՝ չեմ հիշում, որ նախագահը երբեւէ վատ ելույթ ունենա՝ հիմնականում: Խնդիրն այն է, թե ինչքանով են այդ ելույթները գործադրվում, որքանով են դրանք կյանք մտնում, հատկապես՝ նաեւ ներքին քաղաքականության մեջ: Ինչ-որ տեղ սա սպասումների տարի պետք է դիտել, որովհետեւ ՀՀ նախագահը տարեմուտին, ՀՀԿ 20-ամյակի հավաքի ժամանակ արեց բավականին լուրջ շեշտադրումներ: Պատահական չէ, որ ընդդիմադիր գործիչներից ոմանք ասացին, որ ամենաամբողջական ընդդիմադիր ելույթներից մեկն էր դա: Հիմա պետք է սպասել, թե ինչքանով են կյանքի կոչվում այդ ելույթները»: Եվ հավելեց. «Ճշմարիտ խոսքը դեռ ոչ մի բան է. ճշմարտությունը պետք է ամբողջական լինի: Իսկ ամբողջական է այն ժամանակ, եթե ճշմարիտ խոսքը նաեւ ճշմարիտ գործ է դառնում»:

Արտակ Զաքարյանը հակադարձեց, թե հայ-թուրքական նախաձեռնությունը սխալ չէր: Սակայն Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց. «Մեր պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, թե ո՛ւմ հետ գործ ունենք, ի՛նչ բազմաթակարդ դիվանագիտություն ունեցող պետության հետ գործ ունենք: Ուստի պետք չէր նորից մի բան նախաձեռնել՝ տասներորդ անգամ համոզվելու, որ գործ ունենք մի պետության հետ, որը կխաբի, ինչպես եւ խաբեց»: Ըստ նրա՝ «Մեր վերջին շրջանի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը եղել է պարտությունների շղթա: Եվ վերջապես պետք է մեր համառությունը մի կողմ դնենք ու հասկանանք, որ չի կարելի այդ ակոսով շարունակել քաղաքական ընթացքը»: Արտակ Զաքարյանն առարկեց. «Ձեր ասած պարտությունները որեւէ կերպ տեսանելի չեն որեւէ մեկի համար, եւ որեւէ մեկի համար ապացուցված չէ, թե Հայաստանը կրել է պարտություն ինչ-որ մի հարցում: Ընդհակառա՛կը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել