Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա չէր իմ պատկերացրած պետությունը»

Հունվար 19,2011 00:00

\"\"Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ Ազնիվ տատը վստահ է, որ եթե ճաշը բաժանողը մեկին երկու կտոր միս է բաժին հանում, մյուսին՝ ոչ մի, դրանով պառակտում է ժողովրդին:

74-ամյա Ազնիվ մայրիկն արցունքն աչքերին բացեց դատարկված հավանոցի դուռը: Օրեր առաջ նրա 15 հավերը մեկը մյուսի ետեւից սատկել էին: Թեեւ լսել էր, որ իրենց գյուղում՝ Արմավիրի մարզի Նորակերտում թռչնային հիվանդություն եւ մասսայական անկման դեպքեր կան, բայց համոզված էր, որ վարակը կշրջանցի իր հավերին: Նա չնայած իր փետրավորներին չէր պատվաստել, որովհետեւ պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորություն չուներ, բայց տնական մեթոդներ էր կիրառել ու վստահ էր, որ հավերին ապահովագրել է գյուղում բնադրած չարաբաստիկ թռչնային ժանտախտից: Թռչնակեր ու վիտամիններ էլ էր գնել, որպեսզի թեւավորները չհյուծվեին: «Ես ինքս դեղերի ու վիտամինների կարիք ունեմ, բայց վիտամինը հավերի համար գնեցի: Օրական մի քանի ձու էին ածում, գոնե առավոտվա ուտելու հարցը դրանով լուծում էի»,- ասաց Ազնիվ մայրիկը:

Նորակերտում հավերի մասսայական անկում արձանագրվել է դեկտեմբերին: Համայնքը սպասարկող անասնաբույժ Արսեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ հավերը սատկել են H ժանտախտ կոչվող հիվանդությունից, որի դեմ չէին պատվաստվել: «Նախկինում պատվաստումը պետական ծրագրով է եղել: 2010 թվականից այդ ծրագիրը դադարեց գործել: Մեզ մոտ էլ վակցինա չկա, որ պատվաստեինք, դրա համար եղավ այն, ինչ եղավ»,- «Առավոտին» փոխանցեց անասնաբույժը:

Ստացվում է, որ վակցինայի ձեռքբերումն ու պատվաստումն ինքնաբերաբար անցել է թռչնատերերին, նրանք իրենց միջոցներով պետք է պատվաստանյութ ձեռք բերեն, ներարկման համար անասնաբույժ հրավիրեն, հոգան ինչպես անասնաբույժի աշխատանքի, այնպես էլ նրա ճանապարհի ծախսը, ինչը, հասկանալի է՝ թանկ հաճույք է Ազնիվ մայրիկի նման թռչնատերերի համար:

19 000 դրամ թոշակ ստացող տարեց կինն ապրում է դստեր հետ, ով օրական 1000 դրամով հաց է թխում թե Նորակերտում, թե հարեւան գյուղերում: Եթե պատվերը գյուղից է լինում, լավ է՝ գնալ-գալու համար գումար չի ծախսում, իսկ գյուղից դուրս պատվերի դեպքում աշխատածի կեսը «թողնում» է ճանապարհներին:

Ընտանիքին օգնելու նպատակով 2005 թվականին էլ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի մեկնեց Ազնիվ մայրիկի որդին: Կարճ ժամանակ անց մայրը ստացավ սպանված տղայի դին:

Դրսում աշխատանք փնտրողների թվի օրեցօր աճի համար տարեց կինը մեղադրում է պետությանը, որը, ըստ նրա՝ տարբերակված մոտեցում ունի իր քաղաքացիների նկատմամբ: Թեեւ գրագիտությունը թույլ չի տվել հասկանալու կապանքներից ազատված երկիր կառուցելու այբուբենը, բայց որ այն ազատ ու ժողովրդավար էր լինելու, ընկալել ու ողջունել էր: «Սա չէր իմ պատկերացրած ազատ երկիրը, որտեղ մի քանիսը տեր են, մնացածները՝ ծառա: Եթե տան, պետության ղեկավարը, ում ձեռքին է շերեփը, ճաշը բաժանելիս մեկին երկու կտոր միս է բաժին հանում, մյուսին՝ ոչ մի, դրանով պառակտում է նախ իր ժողովրդին, հետո՝ հանում իրար դեմ: Բա էս երեք միլիոն ժողովրդին արժե՞ խմբերի բաժանել ու միմյանց նկատմամբ թշնամացնել»,- պետության կառավարման ու պետության ղեկավարի մասին իր պարզ ու հասարակ պատկերացումներն այսպես ներկայացրեց Ազնիվ տատը: Ասաց՝ երբ երկիրը նոր էր անկախացել, ամեն մի հաջողության համար ուրախացել, աշխարհով մեկ է եղել: Բայց տարեցտարի հասկացել է, որ պետությունն իր նմաններին հեռացնում է իրենից. «Մեզ իր բնակիչը չի համարում: Տարին մի անգամ թոշակը երկու կոպեկով բարձրացնում է, կարծում է մեծ բան է անում: Էս երկրի ղեկավարներին թվում է, որ տարիքներս առած մարդիկ ենք, տնտեսությունից բան չենք հասկանում: Թոշակը բարձրացնելուց առաջ ապրանքների գների կրկնակի ու եռակի բարձրացումը ճի՞շտ հաշվարկ է համարում: Եթե մենք էլ ժամանակին նման մոտեցում ունենայինք մեր փոքրիկ տնտեսությանը՝ մեր տուն-տեղին, հիմա մեր երեխաներին ոչինչ ժառանգած չէինք լինի: Թող հիմա պետության հաջողություններով ուրախանան նրանք, ովքեր չաղանում են դրա հաշվին: Իմ նմանների համար ի՞նչ օգուտ. ինչքան էլ զարգացման մասին ասեն ու խոսեն, մեկ է՝ մենք էլի էս ենք՝ աղքատ, օրվա հացի կարոտ, անտեսված ու ոտնահարված»:

Ծեր կնոջ ծխածածկ սենյակում առարկաները գրեթե չէին նշմարվում, իսկ շնչելն ուղղակի անհնար էր: Ասաց, որ իր այգու ծառերն է կտրում, որոնք խոնավ լինելու պատճառով դժվար են վառվում, այդ պատճառով շարունակ ծխում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել