Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՈՇՏ ԿԼԻՆԻ

Հունվար 20,2011 00:00

\"\"Համենայնդեպս, նրա հետ հանդիպումից հետո այդպես արձանագրեց քաղբանտարկյալներից մեկի կինը

2008-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան էր այցելել երկու անգամ. մեկ՝ մարտյան դեպքերից անմիջապես հետո, մեկ էլ՝ տարեվերջին, երբ արդեն ավարտվել էին մարտիմեկյան գործերով դատավարություններն ու «Յոթի» գործով նախաքննությունը: Այն ժամանակ, նոյեմբերին, պարոն Համմարբերգը բացահայտ ասել էր, որ քննադատելու է «Մարտի 1»-ի գործերով արդեն ավարտված որոշ դատավարությունների ընթացքը՝ դրանք բնորոշելով որպես «քաղաքական վենդետա»: Անդրադառնալով «Յոթի» գործի նախաքննությանը՝ ասել էր, թե այդ գործով չի հանդիպել այնպիսի ապացույցների, որոնց հիման վրա անկախ դատարանը կարողանա այդ 7 կալանավորներին մեղադրել իշխանությունը բռնությամբ տապալելու փորձի մեջ՝ որոշակի կասկածներ հայտնելով նաեւ, թե բավարար ապացույցներ կան անգամ դատավարությունը սկսելու համար: Նա պարբերաբար պահանջել էր ազատ արձակել քաղաքական շարժառիթներով կալանավորվածներին, եթե վերջիններս անմիջականորեն մասնակից չեն եղել բռնություններին: Երեւանում այս խիստ գնահատականները հնչեցնելուց հետո, սակայն, նա հայաստանյան այցի մասին ոչ միայն զեկույց չներկայացրեց, այլեւ չմասնակցեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ Հայաստանի հարցով համազեկուցողները կոշտ ձեւակերպումներ պարունակող զեկույց էին ներկայացրել՝ առաջին անգամ պաշտոնապես բարձրաձայնելով Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին:
2008-ի ավելի քան երկամյա դադարից հետո նա այս օրերին կրկին Երեւանում է եւ հենց առաջին օրն էր հայտարարել, թե ՀՀ իշխանությունների հետ քննարկելու է նաեւ քաղբանտարկյալների հարցը: Երեկ ուշ երեկոյան նա հանդիպեց դեռեւս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Նիկոլ Փաշինյանի, Արամ Բարեղամյանի եւ Հարություն Ուռուտյանի կանայք, նաեւ Սասուն Միքայելյանի քույրը: Հանդիպումը, որը տեղի ունեցավ Հայաստանում ԵԽ գրասենյակում, տեւեց ավելի քան մեկ ժամ:
Հանդիպումից հետո վեց տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Ուռուտյանի որդին, որը եւս մասնակցում էր հանդիպմանը, «Առավոտին» փոխանցեց, թե առայժմ սպասողական վիճակ է, «բայց ոչ մի կասկած չկա, որ բոլոր քաղբանտարկյալներն էլ ազատ են արձակվելու: Բոլոր դեպքերում մենք մեր հույսը դնելու ենք մեր ժողովրդի վրա եւ ոչ թե ԵԽ-ի, թեեւ չենք էլ կասկածում, որ այս մարդը (Համմարբերգը) մի բան անելու է: Նույնիսկ վստահ ենք»: Համմարբերգը քաղբանտարկյալների հարազատներին հավաստիացրել է, թե նրանց խոսքն ու մտահոգությունները հասցնելու է տեղ եւ ներկայացնելու է այն, ինչ կա, ինչ տեսել է ու ինչ փոխանցել են իրեն:
Սասուն Միքայելյանի քույրը՝ Սուսաննա Միքայելյանն էլ տեղի ունեցած հանդիպումը գնահատեց դրական: «Բոլորս էլ բարձրացրինք մեզ հուզող հարցերը: Օրինակ՝ ես խոսեցի իմ եղբոր առողջական վիճակի մասին, որն ինձ այսօր ամենաշատն է հուզում: Նա ինքն էլ հանդիպել է Սասունի հետ եւ ասաց, որ իսկապես նրա վիճակը շատ վատ է: Չգիտեմ՝ այս հանդիպումից հետո ինչ-որ բան կփոխվի՞, թե՞ ոչ, որովհետեւ մինչեւ հիմա այնքան անհույս ենք եղել»,- ասաց տիկին Սուսաննան՝ հավելելով, թե նկատի ունենալով ոչ միայն Սասունի անմեղ լինելու հանգամանքը, այլեւ առողջական վիճակը՝ պահանջել եւ խնդրել է, որ իշխանությունները նրան առանց որեւէ միջնորդության ազատ արձակեն:
Արամ Բարեղամյանի կինը՝ Գարունիկ Սողոմոնյանը, ասաց, թե հանդիպման ընթացքում բարձրացրել են իրենց ամենահուզող հարցերը, մասնավորապես նաեւ այն, որ Ա. Բարեղամյանը պահվում է կիսափակ ռեժիմով, բավականին խիստ բնակեցված խցում. «Նա մեզ ըմբռնումով էր լսում եւ ասաց, թե իր ցանկությունները բոլոր դեպքերում չէ, որ համընկնում են իրողությունների հետ: Նա ասաց, որ զեկույց կներկայացնի՝ դա իր պարտականությունն է, իսկ թե որքանով այդ զեկույցը տեղ կհասնի, եւ որքանով իր բարձրացնելիք հարցերը լուծում կստանան՝ ոչինչ ասել չի կարող, բայցեւ ասաց, որ շատ կոշտ զեկույց է լինելու»:
Ի դեպ, այսօր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կհանդիպի «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել