Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբիշները մրցաշրջանն սկսում են

Հունվար 25,2011 00:00

\"\"Վաղը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից անմիջապես հետո մրցագորգ կմտնեն նաեւ հանրապետության հունահռոմեական ոճայինները: Երկու մրցաձեւերում էլ ակնկալվում է, որ պայքարի մեջ կներգրավվեն յուրաքանչյուրում՝ առնվազն 120 մարզիկ: Նրանք ներկայացնելու են Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Հայաստանի բոլոր մարզերը:
Ազատ ոճայինների առաջնությանը, ի տարբերություն հունահռոմեականի, որում մեր երեք առաջատարները՝ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը, անհատական ծրագրով մարզվելու պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցելու իրավունք ունեն, ազատ ոճում հավաքականի մարզչի առաջարկով եւ ֆեդերացիայի որոշումով բոլոր լավագույնների մասնակցությունը պարտադիր է՝ անկախ կոչումներից եւ տիտղոսներից: Սա արվել է նրա համար, որպեսզի նախաօլիմպիական տարում հանրապետությունում այս մրցաձեւի ընդհանուր վիճակի մասին իրական պատկերացում կազմվի: Կասկածի տակ է միայն 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովի մասնակցությունը, որը վատառողջ է: Սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Նուրմագոմեդովն այսօր ժամանելու է Հայաստան եւ միայն բժիշկները կորոշեն՝ նա պե՞տք է մտնի գորգ, թե՞ ոչ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան թե ազատ, թե հունահռոմեական ոճերում հաղթողների, մրցանակակիրների, նաեւ նրանց անձնական մարզիչների համար սահմանել է մեդալներ, դիպլոմներ եւ դրամական խոշոր պարգեւավճարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31