Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-Ն ԹԵԿՈՒԶ 1 ՕՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»

Հունվար 28,2011 00:00

\"\"Հերթական հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահը

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ նախագահը եւս մեկ անգամ կոնկրետ եւ հստակ ներկայացրեց այն մեխերը, որոնք ընդունելի են Հայաստանի եւ Արցախի համար եւ կարեւոր են ղարաբաղյան հարցի լուծման համար: Ի դեպ, այդ հարցազրույցը, բացի այն, որ եթեր է սփռվել, ռադիոկայանի կայքէջում ընթերցել է մոտ 10 հազար մարդ՝ երեկ, ժամը 17.30-ի տվյալներով: Ռադիոկայանի կայքում ընթացող քննարկումները եւս բավականին ակտիվ են եւ բազմամարդ: Շուրջ 200 մարդ ակտիվորեն քննարկել է հարցազրույցը ռադիոկայանի քննարկումների բաժնում: «Մեդիամաքսի» ներկայացմամբ, Հայաստանի նախագահի հարցազրույցը մեկնաբանելով՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովն ասել է. «Բաքուն անհնարին է համարում Լեռնային Ղարաբաղում քվեարկության անցկացումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացման պայմաններում»: Էլնուր Ասլանովն ասել է նաեւ, թե 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքների ճանաչումն անհնարին է, «քանի որ այն անցկացվել է ԽՍՀՄ-ի օրենսդրության խախտմամբ, իրավական հիմք չի ունեցել, էլ չենք խոսում միջազգային իրավունքին որեւէ համապատասխանության մասին»: Ըստ էության, այսպես է արձագանքել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը ՀՀ նախագահի արտահայտած մտքին, թե՝ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ ճանապարհը խաղաղն է, 1991-ի հանրաքվեի արդյունքների ճանաչումը կամ նոր հանրաքվեի անցկացումը։

Խոսելով արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «2007թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին հիմնախնդիրը լուծել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Սակայն գնալով Ադրբեջանն իր սեփական մեկնաբանություններն է տալիս այդ սկզբունքներին։ Երբ խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին, նրանք ասում են՝ այո, բայց միայն Ադրբեջանի կազմում։ Եվ երկրորդը՝ իբր ուժի չկիրառումը միայն այն դեպքում է, երբ պետությունը չունի գրավյալ տարածքներ։ Ամեն անգամ ուզում ես հիշեցնել, որ առաջին՝ 1994թ.-ին մենք ստորագրել ենք հրադադարի մասին պայմանագիր։ Առայժմ ոչ ոք չի փոխել դրանում ամրագրված դրույթները։ Նաեւ ուզում եմ ավելացնել, որ այն տարածքները, որոնք վերահսկվում են ղարաբաղյան բանակի կողմից, պարզապես հանդիսանում են ռազմական գործողությունների արդյունք, որոնք ղարաբաղցիները չեն սկսել։ Ոչ ոք չի հերքում, որ այո, կան տարածքներ, որոնք նախկինում Ադրբեջանի կազմում էին, տվյալ պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ։ Դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններն էին, որոնց վրա վերահսկողությունն իրականացվել է անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, որպեսզի ադրբեջանական բանակի այն ժամանակվա սպառազինությամբ հնարավոր չլիներ գնդակոծել բնակելի շրջանները»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, վերոնշյալ հարցազրույցում Սերժ Սարգսյանը ամրագրել է այն վիճակը, ինչը իրականում գոյություն ունի. «Իսկ ստեղծված վիճակը ինձ մտահոգում է, որովհետեւ դատելով թե Թուրքիայի, թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի ղեկավարների հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ փակուղում են հայտնվել ինչպես ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացը, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Շատ մտահոգիչ է, որ բոլոր երկրների ղեկավարները կառուցողական երկխոսության փոխարեն ավելի մեծացնում են ագրեսիվ շեշտադրումները»: Մեր զրուցակիցը Սերժ Սարգսյանի շեշտադրումների մեջ ոչ մի նոր բան չի տեսել. «Համենաjնդեպս, վերջին երեք ամիսներին Ղարաբաղի հարցով Սերժ Սարգսյանը բավականին կարծր դիրքորոշում է հայտնում: Նաեւ՝ Իլհամ Ալիեւը, եւ այդ դիրքորոշումների բեւեռացվածության պարագայում Ղարաբաղի խնդրի մոտակա կարգավորում չի լինելու»:

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին խոսելով՝ ՀՀ նախագահը շեշտել էր, որ այդ երկիրը չի կարող մեր խորհրդատուն լինել եւ իրավունք չունի դաստիարակի դեր ստանձնել: Սուրեն Սուրենյանցը ասաց. «Ելույթի այդ շեշտադրմանը համաձայն չեմ, քանի որ ես կողմ կլինեի, եթե Հայաստանը թեկուզ միակողմանի վավերացներ այդ արձանագրությունները, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տրվեր, որ Թուրքիան շահագրգռված չէ իրական երկխոսության հարցում»։ Մեր դիտարկմանը, թե այսպես կամ այնպես՝ դա պարզ է, պարոն Սուրենյանցը համամիտ չէր. «Պարզ չէ, որովհետեւ ուզենք թե չուզենք՝ ԼՂՀ խնդիրը եւ հայ-թուրքական խնդիրները փոխկապակցված են»:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամա վոր Կարեն Ավագյանը, մեկնաբանելով ՀՀ նախագահի հարցազրույցը, նշել է. «Նախագահը հստակորեն ներկայացրել է խնդրի առնչությամբ իր ունեցած մտայնությունները, եւ ես պարզապես նշեմ, որ Ադրբեջանի ղեկավարն այնքան է ռազմատենչ հայտարարություններով հանդես եկել, որ, ոչ միայն միջազգային արենայում, լուրջ չի ընկալվում»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել