Լրահոս
Օրվա լրահոսը

5 օր ավելի ժամանակ տվեցին

Հունվար 28,2011 00:00

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հետաձգեց ՀԴՄ շահող կտրոնների պարգեւավճարների տրամադրման համար սահմանված ժամկետը՝ մինչեւ փետրվարի 5-ը: Ամեն ամսվա համար սահմանվել է վիճակահանության անցկացման մեկ միասնական օր՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեից պահանջել է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի վճարման ժամանակ կանխվեն հերթերը, եւ այլեւս չկրկնվի հունվար ամսվա իրավիճակը։ Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ tert.am-ի, ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը ասել է, որ այս որոշման ընդունումն անհրաժեշտություն էր, քանի որ վերջին ժամանակահատվածում այդ վճարումներն իրականացնող «Արարատբանկում» եւ «Հայփոստի» բաժանմունքներում մեծ հերթեր են գոյացել։ Այդ ժամկետն, ըստ Ալավերդյանի, բավարար կլինի որոշելու, թե կտրոնների խաղարկության արդյունքում ովքեր են լինելու 30 ավտոմեքենաների տերերը։ Հերթերի գոյացման պատճառը եղել է այն, որ նախատեսվածից շատ մարդ է մասնակցել գործընթացին։ «Այսօրվա դրությամբ 140 հազար հատ շահող կտրոն է ներկայացվել այդ բաժանմունքներ»,- նշեց Ալավերդյանը: Թեեւ 30 ավտոմեքենաները պետք է շահեին 8 եւ 7 թվի համընկնմամբ շահողները, սակայն նման դեպքեր դեռ չեն արձանագրվել։ Մեկ քաղաքացի 6 թվի համընկնմամբ է շահել, եւս 150-ը՝ 5 թվի։ Սակայն, ըստ Ալավերդյանի, 30 ավտոմեքենաները կգտնեն իրենց տերերին. դրանք կբաշխվեն 6 եւ 5 թվի համընկնմամբ շահողների միջեւ։ Նախապատվությունը կտրվի նրանց, ում կտրոնների վրա ավելի մեծ գումար կլինի ֆիքսված։

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ այս տարվա պետբյուջեով ՀԴՄ կտրոններով վիճակահանության արդյունքում շահած քաղաքացիների գումարները վճարելու համար նախատեսված է 1 մլրդ 600 մլն դրամ, որից 650 մլն դրամը՝ ավտոմեքենաների ձեռք բերման համար։ Նշենք, որ շահողներին հատկացվելիք առաջին 30 ավտոմեքենաներից յուրաքանչյուրի գինը չի գերազանցում 5 մլն դրամը։ ՊԵԿ-ը վստահ է, որ այս գործընթացը շարունակական կլինի եւ կնպաստի ստվերային շրջանառության կրճատմանը։ Ըստ Ալավերդյանի՝ միայն 2009-ին այս գործընթացի շնորհիվ պետբուջե վճարված հարկերի ծավալը 12 մլրդ դրամով ավելացել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել