Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ, ՇՆՈՐՀԱԼԻ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ

Հունվար 28,2011 00:00

Նոր հայտ՝ հայ կատարողական արվեստում

\"\"
Վ. Սարգսյանը (ձախից), Ա. Աբրահամյանը, Էդ. Թոփչյանը եւ Հ. Արզումանյանը:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հերթական համերգը հետաքրքրել է հատկապես դաշնակահարներին: Այլ ստեղծագործությունների թվում կհնչի նաեւ Ս. Պրոկոֆեւի դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արտյոմ Աբրահամյանի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանը: Նա հայ դիրիժորներից միակն է, որ ԱՄՆ-ում հաղթող է ճանաչվել Վ. Ջորդանիայի անվան միջազգային մրցույթում:

Նախօրեին «Առավոտը» ներկա գտնվեց գլխավոր փորձին, որտեղ հանդիսատեսի կարգավիճակում հանդիպեցինք ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին ու երիտասարդ դաշնակահարի պրոֆեսոր՝ անվանի մանկավարժ Վիլլի Սարգսյանին:

Շուրջ տասն օր առաջ, այս համերգի հայտագիրը երեւալուն պես, տարածված այն շշուկներին, թե ինչ համարձակություն է՝ հնչեցնել Պրոկոֆեւի այս երկը երիտասարդ դաշնակահարի մեկնաբանմամբ, Էդ. Թոփչյանն ասաց. «Երբ ընթացիկ համերգաշրջանի սկզբում ինձ առաջարկեցին լսել Արտյոմի կատարումը, կամուկացի մեջ էի, բայց երբ տեղեկացրին, որ նա Վիլլի Սարգսյանի ուսանողն է ու դաշնակահար-կոնցերտմայստեր Աննա Մանդալյանի որդին, անհանգստությունս փոքր-ինչ մեղմվեց: Իսկ երիտասարդին լսելուց հետո պարզապես ապշեցի: Բանն այն է, որ Պրոկոֆեւը իր այս առաջին մեծակտավ ստեղծագործությունում ներկայանում է որպես համարձակ, արվեստում նոր ուղիներ որոնող կոմպոզիտոր եւ ավելի քան համարձակություն է հարկավոր՝ Արտյոմի տարիքում մոտենալու համաշխարհային դաշնամուրային գրականության գլուխգործոցներից մեկին: Համոզված եմ, որ երիտասարդի կատարումը կարժանանա մասնագետների բարձր գնահատականին»: Էդ. Թոփչյանը նաեւ հավելեց, որ երիտասարդ շնորհալի դաշնակահարը եւս լինելով համարձակ՝ կարող է իրեն թույլ տալ համարձակ կոմպոզիտորի գործ մեկնաբանել:

Դիտարկմանը, թե ստեղծագործական կյանքում առաջին լուրջ ելույթին ինչո՞ւ չի ընտրել հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, Ա. Աբրահամյանը խոստովանեց, որ թեեւ գնահատում է հայ ստեղծագործողների երկերը, որոնցում կա մի այլ համուհոտ, սակայն առայժմ դրանց քիչ է անդրադառնում. «Մի այլ վերաբերմունք ունեմ Պրոկոֆեւի դաշնամուրային կոնցերտների հանդեպ եւ մտադիր եմ մնացած չորսն էլ յուրացնել»:

Դաշնակահարի պրոֆեսորից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ իր ուսանողը մինչ օրս չի մասնակցել որեւէ մրցույթի: Վ. Սարգսյանը նախ հիշեց իր դասարանում ուսում առած ճանաչված դաշնակահարներին, այդ թվում՝ Անահիտ Չաուշյանին, իսրայելաբնակ Վահագն Պապյանին, ամերիկաբնակ Վահան Սարգսյանին, Արթուր Ադամյանին, Իտալիայում ստեղծագործող Անի Մարտիրոսյանին, Արեգ Սարգսյանին եւ ուրիշներին, հետո էլ նշեց, որ մեր օրերում անցկացվող մրցույթները նմանվում են սպորտային մրցավազքի, մյուս կողմից էլ՝ ուշադրության են արժանանում միայն տեխնիկապես զինված երաժիշտները, մինչդեռ արվեստագետը պետք է լինի անհատականություն: «Ինչ վերաբերում է մրցույթներին Արտյոմի մասնակցությանը, նա դեռ կհասցնի՝ երիտասարդ է… Դեռ իրեն էլ չեմ ասել իմ այն մտադրության մասին, որ ցանկություն ունեմ նրան «փորձարկել» գարնանը Երեւանում կայանալիք Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում»,- ասաց Վ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել