Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՈՔԻ ՏՐՎԱԾ ՉԷ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇԵԼ ՄԵՐ ԱՐՅԱՆ ԳԻՆԸ»

Հունվար 29,2011 00:00

Հայոց բանակի ծննդյան օրվա առիթով իր ուղերձում ասել է ՀՀ նախագահը

\"\"

Երեկ հայոց բանակի ծննդյան օրն էր: Սա մի ծնունդ է, որի երկունքի ցավերը զգացել ենք ազգովի, եւ մեր այս զավակը միլիոնավոր հայրեր ու մայրեր ունի՝ ողջ հայ ժողովուրդը: Վաղ առավոտից Եռաբլուրում մարդիկ էին հավաքվում, գալիս էին խմբերով, շարքերով, մենակ: Հետո եկավ ՀՀ նախագահը, նրան ուղեկցում էին Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարության ղեկավարը, ՍԴ նախագահը եւ պաշտոնատար այլ անձինք: Հետո Եռաբլուր եկան ԵԿՄ-ն, երիտասարդներ, տարեցներ, ազատամարտիկներ: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ԱԺ նախագահը, ինչպես նաեւ ընդդիմադիր դաշտից՝ Արամ Զ. Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ ընդդիմադիրներ Եռաբլուրում չերեւացին:
ՀՀԿ-ն եկավ կեսօրին մոտ: Բոլորը ծաղիկներ էին դնում նախ՝ անհայտ զինվորի հուշաքարին, ապա՝ մյուսների: Հատուկ միջադեպեր մեր այցելության պահին չգրանցվեցին: Հանրապետականից անմիջապես հետո, կարծես պայմանավորված, Եռաբլուր եկան ՀԱԿ-ի մի խումբ ներկայացուցիչներ՝ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գագիկ Գեւորգյանը եւ ուրիշներ, ապա եկան Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնողները, եւ երթը սկսվեց: Բառացիորեն նույն պահին դեպի հուշարձաններ էր շարժվում նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Իսկ արդեն Սպարապետի գերեզմանի մոտ մարզպետը մոտեցավ տիկին Գրետային, գրկեց նրան, ապա ձեռքով բարեւեց բոլոր ընդդիմադիրներին:
Հանրապետության նախագահի տոնական ուղերձում ասված է. «Հայկական բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է: Մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով՝ խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում՝ ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, եւ այդ ճակատը Հայոց բանակն է՝ բառի ե՛ւ ուղղակի, ե՛ւ փոխաբերական իմաստով: Մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատելի չեն Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ: Այսօր մենք ունենք որակապես բոլորովին այլ մակարդակ եւ ամենակարեւորը՝ ռազմական աննահանջ ոգին ու կամքը: Այսօր անհնար է պատկերացնել մեր տարածաշրջանն առանց հայկական բանակի, որ գրավականն է մեր խաղաղության, անվտանգության ու հավերժության»,- ասված է Հայաստանի նախագահի ուղերձում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է. «Պատրաստակամությամբ, որակական հատկանիշներով, մանավանդ՝ հայ զինվորի մարտական ոգով ավելի բարձր ենք՝ երկիրը պատվով պաշտպանելու համար»:
Հանրապետական Վազգեն Կարախանյանը այն կարծիքին է, որ մենք ունենք այն բանակը, որի «դրական ցուցանիշները բավականին բարձր են»:
Անդրանիկ Քոչարյանին հարցրինք՝ այսօրվա բանակը նմա՞ն է այն բանակին, որի մասին երազում էր Վազգեն Սարգսյանը: Ըստ ընդդիմադիր գործչի. «Իհարկե, Վազգեն Սարգսյանի երազած բանակը դեռ չի, բայց բանակը այսօր էլ ունի ձեռքբերումներ, չնայած ունի նաեւ մեծ կորուստներ՝ այն առումով, որ գուցե Վազգենի երազած բանակի սկզբնաղբյուրում եղած տարբերակը իր մեջ շատ ավելի հզոր էներգետիկ լիցք էր պարունակում, քան այսօրվա բանակը: Ըստ էության, այն ժամանակվա նվիրվածությունը, այն ժամանակվա անկեղծությունը, այն ժամանակվա տղաների մոտեցումները լրիվ այլ էին»: Մեր զրուցակիցը համաձայն չէ «բանակի մասին կամ լավ, կամ ոչինչ» տրամաբանությանը: Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, բանակի մասին պետք է ասել ճշմարտությունը, որը կօգնի բանակի հզորացմանը: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ մարտունա՞կ է արդյոք այսօր մեր բանակը, պարոն Քոչարյանն ասաց. «Ես կուզեի, որպեսզի բանակը միշտ լինի մարտունակ, որովհետեւ մարտունակության պտուղները մենք ստացել ենք 94-ի զինադադարով»: «Առավոտի» դիտարկմանը, թե բանակի շուրջ իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է համախմբված եւ համերաշխ լինեն, պարոն Քոչարյանը կարծես համամիտ էր. «Ընդհանրապես, բանակի թեման այն թեման է, որի շուրջ պետությունը ինքը պետք է ամեն ինչ համախմբի, բայց ինչպես տեսնում եք, առավել եւս՝ երեկ տեսաք կադրեր, երբ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը զոհվածների հարազատների հետ շփվում էին ճաղերի տարբեր կողմերից»։ Մեր դիտարկմանը, թե ուրիշ նախագահներ ընդհանրապես չեն շփվել, եւ դա առաջին դեպքն էր, պարոն Քոչարյանը համամիտ չէր. «Շփումներ եղել են միշտ, գոնե ես ականատես եմ եղել այնպիսի շփումների, որ ճաղեր չեն եղել: Երկրի մարտունակությունը հենց ճաղերի բացակայությունն է բանակի պարագայում: Բանակի թեմայի հետ կապված՝ ճաղերը պետք է հանել, որովհետեւ բանակի ամենամեծ ուժը զինվոր տվող հասարակությունն է»։
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին հարցրեցինք՝ այդ ինչպե՞ս է հաշվարկել, որ Եռաբլուր այցելեց ընդդիմադիրների հետ միաժամանակ, ի պատասխան՝ լսեցինք. «Նոր եմ գալիս Սյունիքից, ի՞նչ անենք, բոլորն էլ մեր ընկերներն են»: Ի դեպ, իշխանության ներկայացուցչի հետ նույն ժամին նույն տեղում հայտնվելը նույն կերպ բացատրեցին նաեւ իշխանական գործիչները. «Հա, շատ նորմալ է, ի՞նչ կա որ»: Իսկ բանակի մասին մարզպետը այս կարծիքին է. «Բանակը մի երեխա է, միշտ էլ ուշադրության կարիք ունի, մենք ազգովի պետք է բանակին ուշադրություն դարձնենք: Չնայած, եթե անկեղծ խոսենք, այսօր Անդրկովկասում մեր բանակը ամենակարգապահն է եւ ամենամարտունակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31