Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ ՏԵՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հունվար 29,2011 00:00

\"\"Արտահանողների խոսքով, գների նվազման համար արտադրությունը խթանել է պետք

Ձկան արտադրությունը Հայաստանում խթանելու ու այն եվրոպական շուկաներ արտահանելու նպատակով կառավարությունը վերջերս հաստատեց ձկնամթերքի հիգիենային վերաբերող առանձնակի պահանջներ:
 Կանոնակարգով սահմանվել են մի շարք պահանջներ: Օրինակ՝ թարմ ձկնամթերքը պետք է լվացվի միայն խմելու կամ մաքուր ջրով: Ձուկը սառեցնելու կամ պահպանելու համար պետք է օգտագործվի մաքուր ջրից ստացված սառույց: Իսկ շուկա հանվող ձկնամթերքը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված մանրէաբանական չափորոշիչները, այլեւ միջազգային հիգիենիկ նորմերը: Եվրոպական շուկաներ մուտք գործելու հնարավորությունը ոգեւորել է հայ արտահանողներին:
«Մեր ձուկը բարձրորակ է ու արտասահմանյան շուկայում պահանջված»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «Ակվատեխ» ձուկ արտահանող ընկերության ներկայացուցիչ Արկադի Գեւորգյանը: Նրա խոսքով, աշխարհի շատ ֆերմաներ հիվանդ ձկներին բուժում են անտիբիոտիկներով, հետո՝ վաճառում, բայց հայ ձկնաբույծները դրա կարիքը չունեն. «Մենք անտիբիոտիկներ չենք օգտագործում: Այդ տեսակետից մեր ձուկը առողջ է ու շատ համեղ: Մենք միշտ մեր ձկները լվացել ենք մաքուր ջրերով, օգտագործում ենք բարձրակարգ եվրոպական կերեր, հետեւաբար մեր ձկան որակը բարձր է, արտասահմանյան շուկայում խնդիրներ չենք ունենում»:
Նրա խոսքով, արտահանվում են հիմնականում հայկական ձկնատեսակներից իշխանը, կարմրախայտն ու թառափը: Հայկական ձկնատեսակները՝ Ռուսաստան, նաեւ շատ քիչ քանակությամբ էլ Վրաստան են հասել: Պարոն Գեւորգյանին ոգեւորել է եվրոպական շուկա մտնելու լուրը, բայց նաեւ մտահոգել. «Մեր ձուկը բարձրորակ է, բայց չունենք հավատարմագրված լաբորատորիա, որտեղ կկարողանանք հավաստել դա: Հետեւաբար եվրոպական շուկա հասնելու մասին դեռ վաղ է խոսելը»: Նրա խոսքով, այն, որ կառավարության որոշմամբ ձկնամթերքի հիգիենայի պահանջները վերահսկող մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու՝ հնարավոր է կոռուպցիոն ռիսկերի տեղիք տան. «Ռիսկերը միշտ էլ կլինեն, բայց էական դեր չեն խաղա: Իրականում մենք աշխատելու ենք արտադրական կուլտուրայի բարձրացման ուղղությամբ եւ ամեն ինչ անելու ենք, որ մեր արտադրանքը հիգիենայի պահանջները բավարարի»:
Պարոն Գեւորգյանը նկատեց, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ վերջին շրջանում տեղական շուկայում ձկնամթերքի գները կտրուկ աճել են, ինչը կարող է դժվարություններ առաջացնել արտահանման հարցում. «Եթե տեղական շուկայում միջին շուկայական գները պահպանեն աճի միտումներն ու շատ թանկանան, գուցեեւ ձուկ արտահանելը դառնա ոչ շահավետ»:
Ձկնամթերքի հիգիենայի պարտադիր պահանջները ձուկ արտահանող մեկ այլ՝ «Յունիֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի սրտով էլ են:
«Առավոտի» հետ զրույցում նա ասաց, թե առանց հիգիենայի պահանջների համապատասխանության ոչ միայն կզրկվեն եվրոպական շուկա մտնելու հնարավորությունից, այլեւ, շատ հավանական է, նաեւ ռուսական շուկայից. «Կառավարությունն ասի, թե ոչ՝ մենք պետք է հետեւենք այդ պահանջներին, դա մեզ պետք է»: Պարոն Մկրտչյանը, անդրադառնալով վերջին շրջանում տեղական շուկայում ձկնամթերքի գնաճին, բացատրեց, որ դրան նպաստել են ոչ միայն միջազգային շուկայում ձկան կերերի դեֆիցիտը ու դրան հաջորդած թանկացումները, այլեւ. «Ներքին աշխատուժի աշխատավարձերը վերջերս բարձրացան, թանկացան նաեւ գազը ու էլի շատ ծառայություններ: Թանկացումները միայն Հայաստանում չեն, 20 օր առաջ էլ Եվրոպայում ձկան գինը բարձրացավ»: Պարոն Մկրտչյանի տեղեկացմամբ, ձկան արտահանումը հեռանկարային ու շահավետ բիզնես է. «Այսօր արտահանումն ավելի էժան ենք իրականացնում, քան տեղական շուկայում վաճառքն է: Արտահանման հետեւանքով տեղական շուկայում ձկան որոշակի դեֆիցիտ է առաջանում, ինչին հետեւում է գնաճը: Եթե արտադրությունը լավ կազմակերպենք, շատ հնարավոր է, որ գները առաջիկայում 100- 200 դրամով նվազեն»: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի արդեն հասցրել են կենդանի ձուկ ճանապարհել Վրաստան. «Առաջիկա 10 օրերին էլ էլի մոտ 3 տոննա կուղարկենք Վրաստան»: «Յունիֆիշի» տնօրենի խոսքով, ձկան վաճառքը արտասահմանյան շուկայում ակտիվանում է փետրվարի կեսերից. «Սա հաշվի առնելով՝ Ռուսաստան ձուկ կարտահանենք մարտի կեսերից»:
Նա նաեւ վստահեցրեց, որ եվրոպական շուկայում էլ հայկական ձկնամթերքը մրցունակ կլինի, որովհետեւ ե՛ւ էժան է, ե՛ւ որակով: Նրա խոսքով, Եվրոպա մուտք գործելու ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում՝ առաջիկայում Հայաստանում Եվրախորհրդարանի պահանջներին համապատասխան հավաստագրված լաբորատորիա կստեղծվի:
Հիշեցնենք, որ անցած տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 160 տոննա թարմ ձուկ, ինչը 560 անգամ գերազանցել է 2009-ի ցուցանիշը: Ավելացել է նաեւ սառեցված ձկան արտահանումը՝ հասնելով մոտ 50 տոննայի: Նվազել է միայն կենդանի ձկների արտահանումը՝ մոտ 5 տոննա: Կենդանի ձկների արտահանման նվազումը, պարոն Մկրտչյանի խոսքով, պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով. «Կենդանի ձուկ հեռու երկրներ արտահանելը հեշտ չէ, հատուկ մեքենաներ, տեխնիկական հնարավորություններ են պետք: Բացի այդ էլ, ամբողջ աշխարհում ընդունված է սառեցված ձուկ արտահանելն ու վաճառելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել