Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ «ՇՈՒԽՈՒՐՆԵՐ»՝ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՇՈՒՐՋ

Մարտ 16,2011 00:00

2005թ.-ից ի վեր, ինչ Միխայիլ Բաղդասարովը ձեռք բերեց «Արմավիան», տարին մեկ անգամ պարբերականությամբ լուրեր են տարածվում, որ նա «Արմավիան» վաճառում է: Դրանում հավաստիանալու համար բավական է google.am կայքում փնտրում տալ՝ որպես հուշում գրելով «Արմավիան» վաճառվում է» արտահայտությունը: Եվ նույն պարբերականությամբ էլ Բաղդասարովը հերքում է այդ ընկերության վաճառքի մասին լուրերը:

Հերթական լուրերը տարածվեցին վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ընդ որում, բոլորը որպես «հավաստի» եւ նույնիսկ «գերհավաստի» աղբյուրներից բազմիցս «ճշտված» ինֆորմացիա: Սակայն Բաղդասարովը շարունակում է հերքել: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ՝ հենց այն օրերին, երբ տարածվում է ընկերության «վաճառքի» մասին աղմուկը՝ մամուլում համատարած ինֆորմացիա է գնում այն մասին, որ «աշխատակիցներ են կրճատվում», «աշխատավարձեր չեն վճարվում» եւ այլն: Եվ որ առավել հետաքրքիր է՝ հենց այդ օրերին «Զվարթնոցը» որոշում է «Արմավիայի» թռիչքները չսպասարկել… Այս զուգադիպություններն այնքան ցցուն են, որ ուժեղ հոտառություն չի պահանջվում՝ հասկանալու համար, որ դրանք միայն զուգադիպություն չեն: Եվ երեկ էլ «Զվարթնոցը» մի որոշ ժամանակով դադարեցրեց «Արմավիայի» սպասարկումը՝ պարտքերի պատճառով, ապա՝ վերսկսեց: Հիշեցնենք, որ մեր օդանավակայանում սպասարկումը այնքան էլ մատչելի չէ՝ մեղմ ասած (կարդացեք՝ «Այս պայմաններով տուրիզմ չես զարգացնի», «Առավոտ», 01.03.2011): Եվ այդ գներից պարբերաբար դժգոհում են մեր օդանավակայանի սպասարկումից օգտվող ավիաընկերությունները: Մեր տեղեկություններով՝ այսօր էլ, որպես «Զվարթնոցի» բարձր գներից բողոքի նշան, «Արմավիան» իր բոլոր չվերթները մեկ ժամ ուշացումով է իրականացնելու: Թե այդ «հռետորական» ակցիան ինչ կտա՝ պարզ չէ, բայց դժվար թե «Զվարթնոցը» դրանից հետո ավիակերոսինի կամ իր բազմապիսի ծառայությունների գինն իջեցնի, կամ՝ ԱԺ-ն օրենք ընդունի «օդի հարկ» կոչվող անհեթեթությունը վերացնելու մասին:

Այդուհանդերձ՝ այս աղմուկը հաստատ ինչ-որ մեկին պետք է, եւ ակնհայտ է, որ ինչ-որ տեղից ուղղորդված է: Չէ՞ որ «Արմավիան» իսկապես յուղոտ պատառ է, եւ շատերի աչքն է դրա վրա: Եթե Միխայիլ Բաղդասարովը լիներ իշխանություններին ոչ այնքան մոտ կանգնած մեկը՝ միանշանակորեն կարելի էր ասել, որ որոշում է կայացվել ազգային ավիափոխադրողի տիրոջը փոխելու մասին, եւ նրա ձեռքից ընկերությունն ուղղակի խլելու են: Դա Հայաստանում ընդունված գործելաոճ է: Սակայն քանի որ պարոն Բաղդասարովին դժվար է ընդդիմադիր կամ ընդդիմությանը համակիր լինելու մեջ մեղադրել՝ մնում է ենթադրել, որ այս կարգի աղմուկով ոմանք կամ ուզում են ջուր պղտորել, կամ ընդամենը «փողի բազար է»: Մանավանդ, որ 2010-ի աշնանը տարածված հերթական «Արմավիան վաճառվում է» կարգի «շուխուրի» ժամանակ «Կապիտալ» բիզնես օրաթերթին «Արմավիայից» ասել էին՝ «Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, եւ մեզ ոչ ոք չի առաջարկել վաճառել ընկերությունը: Թեեւ բիզնեսի աշխարհում ամեն ինչ վաճառվում է, եւ հարցը գինն է»: 

Գուցե հիմա էլ են «շուխուր անողները» նման ձեւերով փորձում «գին գցել»: Բայց Միխայիլ Բաղդասարովը առայժմ կարծես մտադիր չէ վաճառել ընկերությունը եւ պնդում է, որ «Արմավիայի» վաճառքի մասին պարբերաբար տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Վեց տարվա կրկնվող պատմությունը թույլ է տալիս հավատալ նրա խոսքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել