Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշել էր տանկով գնալ

Մարտ 19,2011 00:00

\"\" Ներսիկ Իսպիրյանը վստահ է, որ Մուշ գնալու իր երազանքը կկատարվի

«Լեռան լանջին» երգը ազգագրական երգերի անզուգական կատարող Ներսիկ Իսպիրյանի ամենասիրելի երգերից է. բոլոր համերգներին երգում է: Մնացած երգերն էլ է սիրում, բայց սա եւ իր հեղինակած «Ասմար աղջիկը» առանձին տեղ ունեն իր երգացանկում: Ներսիկ Իսպիրյանը երգչի ճանապարհն ընտրելիս երկար չի մտածել: Ազգագրական երգի նկատմամբ սերը պապերից ստացած միակ ու անփոխարինելի ժառանգությունն է: \"\"«Նախնիներս 6000 տարի առաջ հաստատվել են Մշո գավառներից մեկում: 1915թ. եղեռնազարկ լինելով՝ գաղթել են Արեւելյան Հայաստան: Հայրս՝ Աղասի Իսպիրյանը, ով իմ առաջին եւ ամենամեծ ուսուցիչն էր, ծնվել է գաղթի տարիներին: Հենց նա էլ իմ մեջ ցանել է հայրենասիրության սերմը»: Ներսիկ Իսպիրյան արտիստի կայացման գործում մի քանի արվեստագետներ լուրջ դեր են ունեցել. «Հորիցս բացի, ինձ ուսուցիչ եմ համարում նաեւ Մարո Մուրադյանին, Մգրոյին, Արզաս Ոսկանյանին»: 
Հոր ցանած սերմերը սկսեցին աճել նաեւ իր սեփական ընտանիքում: Կինը՝ Արմենուհին, ինչպես եւ ինքը՝ Ներսիկը, երգել է «Մարաթուկում»: Երեխաներից Արաբոն, ում անունը դրվել է Տարոն աշխարհի առաջին ֆիդայապետի պատվին, նույնպես երգում է: Հոր մենահամերգին, որը տեղի կունենա մարտի 20-ին, երգով հանդես կգա: Նրանց պապենական ոգին այդ օրը կփոխանցվի նաեւ Հայաստանում ապրող հայ հանդիսատեսին: «Համերգներից մեծ ակնկալիքներ ունեմ: Մեր ժողովրդի ոգին այսօր ազգայինն է, եւ այդ տեղը դատարկ է»,- կարծում է Ներսիկը: 
Հայրենիքից դուրս 16 տարի ապրելը հեշտ չի եղել. «Խոր ցավ էի ապրում, երբ տեսնում էի, թե ինչպես են Լոս Անջելեսում ապրող հայերը ամուսնանում այլազգիների հետ: Այս վտանգը գրեթե բոլորին է սպառնում: Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ ընտանիքում նման խնդիրներ չառաջացան»: Եթե իր ծննդավայր Երեւանում 10 տարուց ավելի չէր եղել, ապա Մուշում՝ իր պապերի հողում, նույնիսկ իրավունք էլ չունի լինել, որովհետեւ շատ վաղուց հայտնվել է թուրք ազգին թշնամի համարվողների «սեւ ցուցակում»: Բայց նրա՝ այնտեղ գնալու հույսերը երբեք չեն մարել. «Թուրքիան Եվրոպական միության աչքին բարձրանալու համար որոշել է վերանայել այդ ցուցակը: Հույսեր կան, որ ինձ կհանեն այնտեղից, եւ ես մի օր կգնամ մեր պատմական հայրենիք: Չնայած՝ որոշել էի տանկով գնալ»: Թեկուզ եւ այդպես, միեւնույն է, Ներսիկ Իսպիրյանը վստահ է, որ իր երազանքը կկատարվի. կունենանք ամբողջական Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել