Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՖԵ՞Տ ԵՆ, ԹԵ՞ ԾԽԱՐԱՆ

Մարտ 25,2011 00:00

\"\"Բուհերի բուֆետների մեծամասնության կողքով անցնելիս ախորժակդ միանգամից փակվում է

Վերջին շրջանում հաճախ է խոսվում ՀՀ հանրակրթական դպրոցների բուֆետների մասին: Սակայն «Առավոտի» շրջայցը ցույց տվեց, որ բուհերի համեմատությամբ՝ դպրոցների բուֆետները շատ բարվոք վիճակում են: Հատկապես Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) մասնաշենքերում գործող բուֆետների տեղը կարելի է գտնել միայն այնտեղից բուրող տարատեսակ հոտերով, այն էլ ոչ հաճելի կերակրային, այլ զուգարանային ու ծխախոտային: Դրանց մեծամասնությունը գտնվում է խարխուլ վիճակում, հիմնականում կառուցված է սանհանգույցներին հարակից տարածքներում: Բուֆետներն էլ ծառայում են ոչ թե որպես մի վայր, որտեղ կարելի է սնվել, դրանք դարձել են իսկական ծխարան: Այստեղ աղջիկներ դժվար թե գտնես, իսկ բուֆետի տարածքն այնքան է ծխի գերակայությանը ենթարկվել, որ բուֆետից օգտվողները մառախուղի միջից հազիվհազ են միմյանց դեմքերը տարբերում:

Բուֆետների անմխիթար վիճակի մասին խոսակցությունները տեղափոխվել են նաեւ ուսանողական բլոգներ: ՀՊՃՀ ուսանողական խորհրդի բլոգում այս թեման լայնորեն լուսաբանվել է: Օրինակ՝ Ashot Avoyan անունով մի այցելու նշում է. «Բուֆետների հարցն այսօր Պոլիտեխնիկում ամենագլխավոր խնդիրներից մեկն է: 5-րդ մասնաշենքի բուֆետի անկյունում դրված ծակ սեղանը մեռնեմ չեմ մոռանա»: Uch-ն էլ նշում է. «Արա, լավ էլի, մի հիշեցրեք բուֆետները: Դրանք բուֆետ չեն, այլ «կուրիլկա», բացի 3-րդի բուֆետից, որը միակ տեղն է, որ աղջիկներն էլ են գնում»: Նշված այցելուն մյուս կողմից էլ հավելում է. «Բայց եկեք չմոռանանք, որ բուֆետները այն տեղն են, որտեղ մենք անցկացնում ենք օրվա մեծ մասը: Ուղղակի դրանք Պոլիտեխնիկի տարածքում միակ տեղն են, որտեղ կարող ենք սուրճ խմել ու ծխել»: «Առավոտի» հետ զրույցում պոլիտեխնիկցի ուսանողուհիները դժգոհեցին. «Ինտերնետով նայում ենք զարգացած համալսարանների բուհերը, տեսնում, թե ինչ հաճելի պայմաններում են ուսանողները սովորում, մի տեսակ նախանձ է առաջանում, թե ինչո՞ւ մենք էլ նույն բախտին չաժանացանք: Այնքան անբախտ գտնվեցինք, որ մի կարգին բուֆետի էլ արժանի չեղանք, որ դասամիջոցներին գոնե կարգին սնվենք, ոչ թե դեսից-դենից, չգիտես ինչ եղանակով պատրաստված մթերք գնենք ու չիմանանք՝ որտեղ ուտել: Իսկ, այսպես կոչված, արագ սննդի կետերում սնվելը ձեռնտու չէ, քանի որ այնտեղ գները թանկ են. մեր ստացած ուսանողական թոշակը չի բավարարի անգամ ամսվա տասը օրվա քիչ թե շատ նորմալ սնվելուն»:

ԵՊՀ-ի եւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուֆետներից դժգոհություններ չկան, քանի որ այս բուհերում վիճակը բարվոք է, ինչը չես ասի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բուֆետի մասին: Այս խնդիրը եւս ուսանողության շրջանում, առօրյա քննարկումներից բացի, արդեն տեղափոխվել է օն -լայն միջավայր: Ուսանողներից մեկը ինտերնետում այսպիսի հաղորդագրություն էր տարածել. «Տնտեսագիտականի կառավարման ֆակուլտետի մասնաշենքում բուֆետն ու սանհանգույցը գտնվում են կողք կողքի, ուստի դրանց բույրերը միախառնվում են իրար, որից ուսանողների ու դասախոսների ախորժակը փակվում է»: Այս կապակցությամբ «Առավոտը» պարզաբանում ստացավ բուհի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Կարապետյանից: Մեզ հետ զրույցում նա փոխանցեց. «Նշված սանհանգույցները վերջերս են վերանորոգվել, ուստի մեզ թվում էր, թե հարցը լուծված է: Սակայն դրանից հետո նկատեցինք, որ օդափոխության հարցը կրկին չի լուծվում: Ուսումնասիրություն կատարեցինք ու եկանք այն եզրակացության, որ քանի որ մեր համալսարանի շենքը կառուցված է թամանյանական նախագծով, ուստի օդափոխությունը կատարվում է պատերի մեջ բացված անցքերի միջոցով՝ մինչեւ կտուր: Այսինքն՝ չի գործում հատուկ հարմարեցված օդափոխության համար նախատեսված խողովակ, որը կբարձրանար մինչեւ կտուր: Հենց այս պատճառով էլ միջհարկային տարածքներում պատերի մեջ բացված անցքերից օդը տեղ-տեղ ներթափանցում է շենք՝ տճահ հոտեր առաջացնելով: Որոշել ենք այս հարցին լուծում տալ շենքի կողքից լրացուցիչ խողովակ բարձրացնելով դեպի կտուր: Խնդիրը լուծված կլինի ապրիլի 26-ից հետո, երբ կընտրվի համալսարանի ռեկտորը եւ իրավասու կլինի ֆինանսական փոխանցումներ կատարել: Իսկ բուֆետի եւ ընդհանրապես ողջ շենքի վերանորոգման հարցը կախված է ֆինանսական միջոցներից, որոնք, բոլորս էլ գիտենք, որ սուղ են»:

Իսկ ՀՊՃՀ պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը բարձրացված խնդրի վերաբերյալ ասաց. «Քանի որ Պոլիտեխնիկի բուֆետների թիվը մեծ է, ուստի դրանք միանգամից վերանորոգել հնարավոր չէ: Դա անում ենք աստիճանաբար, տարեկան վերանորոգվում է գոնե երկու բուֆետ: Այս տարի ամենայն հավանականությամբ կվերանորոգվեն առաջին եւ իններորդ մասնաշենքերի բուֆետները: Վերանորոգման դեպքում առաջնահերթությունը տրվում է այն մասնաշենքերի բուֆետներին, որտեղ ուսանողների հոսքը մեծ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031