Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես՝ անկախության տոնին

Սեպտեմբեր 16,2011 00:00

\"\"Անի Քանանյանը օպերային երգիչ էր նկարում, ու ասում, որ նա ազատ է եւ անկախ, ինչպես Հայաստանը: Նկարողն էլ կարծում է՝ երգիչը պետք է անպայման անկախ լինի: Անիի հետ «Առավոտը» խոսեց երեկ՝ Նկարիչների միության բակում. միությունում ցուցահանդես էր, բակը՝ լեփ-լեցուն մարդկանցով, բայց Անին դրան անտարբեր՝ նկարում էր: «Ես Ջավախքից եմ, ինձ տեղեկացրել են այս ցուցահանդեսի մասին, ասել են՝ կարող եմ ես էլ այսպես ցուցահանդեսին մասնակցել. դրսում նկարել՝ մինչեւ ցուցահանդեսի սկսելը»,- պատմում է Անի Քանանյանը: Նկարչուհու աչքերով Հայաստանում երիտասարդներին կարելի է պայծառ գույներով նկարել, իսկ երկիրը դեռեւս միայն գորշ գույներով է պատկերվում:
Երեկ Նկարիչների միությունում Կերպարվեստի համահայկական ցուցահանդեսի բացումն էր, որ նվիրված էր անկախության 20 ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին հայազգի ստեղծագործողների աշխատանքներ Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից եւ այլն: Այն կազմակերպել էին Նկարիչների միությունը եւ սփյուռքի նախարարությունը: 22-ամյա Դավիթ Հակոբյանը Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը 5 տարի առաջ է ավարտել, սիրում եւ շարունակում է ստեղծագործել: Անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի մասին իմանալով, որոշել է ինքն էլ մասնակցել: Ներկայացրել է «Գանձասար» նկարը: Կարծում է՝ նկարը համապատասխանում է ցուցահանդեսի խորհրդին: «Ինձ համար Հայաստանը միայն վառ գույներով է պատկերվում, այն գեղեցիկ է եւ այստեղ միշտ նկարելու բան կա»,- ասում է նա:
«Թռիչք» նկարում թռչունն է՝ թեւերը՝ լայն պարզած: Հեղինակ Լիլիթ Գալստյանը պատմում է՝ կտավն ինքն իրեն է առաջացել՝ զգացմունքների հորդումից: «Նախապես չեմ էլ մտածել՝ ինչ եմ նկարում»,- ասում է նա: Կարծում է՝ այդ նկարը համապատասխանում է անկախության տոնակատարություններին եւ այս ցուցահանդեսին. «Հայաստանն էլ անկախություն ձեռք բերելով՝ թռիչք ապրեց»,- ասում է նա: Ցուցահանդեսում ներկայացված էր նաեւ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ Ալեքսանդր Սադոյանի «Հոգեւոր գույներ» աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել