«Ձեր ու Ձեր բարեկիրթ ընկերոջ պատճառով հարյուր հազարավոր հայեր չեն կարողանում ապրել այս դրոշի տակ, հազարավոր տղաներ այս դրոշի տակ հանգչում են Եռաբլուրում»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Որ ասում եք՝ հարյուր հազարավոր հայեր չեն կարողանում ապրել իրենց տներում, ըստ էության՝ հարյուր հազարավոր հայեր, եթե ոչ ավել, կոնֆլիկտի պատճառով չեն կարողացել ապրել իրենց տներում, և ՀՀ-ն այդ կոնֆլիկտի պատճառով կիսադատարկվել է։ Էսօր ՀՀ քաղաքացիները վերադառնում են ՀՀ ապրելու, և Դուք դրա հետ է, որ չեք համակերպվում։ Դուք էլ եք ապրում ՀՀ-ում, քիչ չէ, ԱԺ պատգամավոր եք»։
Արեգա Հովսեփյանն արձագանքեց՝ քիչ չէ, ու մտահոգություն հայտնեց՝ որևէ երաշխիք չունեն, որ Ալիևին հերթական զիջումից՝ ալիևյան սահմանադրությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի գալու այստեղ ներողություն խնդրի։ Այնուհետև Արցախի բարբառով դիմեց արցախցիներին։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․ «Դուք ինձ հիշեցրիք 2022-ի տեղի ունեցած մի ասուլիս, որտեղ Ղարաբաղի մի ոչ անհայտ ներկայացուցիչ ուղերձ էր ուղարկել, որ մենք սենց, նենց կանենք, բայց դրանից մի քանի ամիս առաջ 300-ի տակ ճղած փախնում էին Հայաստան։ Բա տիկին Հովսեփյանն ինչի՞ չի հիշում, որ ՀՀ ժողովուրդը 7-8 տարի սոված մնացել է, ինչո՞ւ չեն հիշում, որ հազարավոր քաղաքացիներ ստիպված են եղել փախչել իրենց երկրից․․․ Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համար եք մռմռո՞ւմ։ Սովը դուք չեք տեսել, ձեզ համար Ղարաբաղը բիզնես է եղել, հիմա զրկվել եք»։
Կարդացեք նաև
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































