Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱ՞ՆՆ Է

Սեպտեմբեր 17,2011 00:00

Սեպտեմբերի 10-ին «Սիսիանն այսօր» լուսանկարային ռեպորտաժով ներկայացրել էինք Սիսիանի անջուր, անասֆալտ իրականությունը: «Հայջրմուղկոյուղին» Սիսիանի քաղաքապետարանի համաձայնությամբ նորոգում է քաղաքի խմելու ջրի ցանցը ու արդյունքում քաղաքի փողոցները քարուքանդ են, տեղ-տեղ աղբյուրները ցամաքել են, տեղ-տեղ անտեղի ջուր է հոսում, գնում-կորչում: Այս մասին «Առավոտը» գրում է դեռ 2010-ի նոյեմբերից:
Սեպտեմբերի 10-ի նյութին արձագանքել է «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Եղիազարյանը: Ըստ նրա, «Սիսիան քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցումը խիստ անհրաժեշտություն էր դարձել եւ որի կարեւորությունը գնահատելով՝ նաեւ Սիսիանի քաղաքապետը պայմանագիրը ստորագրելիս հաշվի չէր առել կամ չէր կարեւորել փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ըստ նույն պայմանագրի, նախատեսված էր ընդամենը 400 քմ ասֆալտապատում, սակայն աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տեղում ծանոթանալով իրավիճակին, հավելյալ տրամադրեց 38 միլիոն դրամ՝ շուրջ 4100 քառակուսի մետր՝ ասֆալտային աշխատանքներ կատարելու համար: Ընդ որում, նոր կնքված պայմանագրի համաձայն, աշխատանքները պետք է կազմակերպվեին եւ վերահսկվեին քաղաքապետարանի կողմից, ինչն էլ եւ արվել է՝ հիմնականում վերանորոգելով Սպանդարյան փողոցը եւ մասամբ մի շարք փողոցներ:
Տեղեկացնում ենք, որ աշխատանքներն ավարտվել են հունիսի 1-ին, որից հետո շուրջ մեկ ամիս վերացվել են թերությունները: Ինչ վերաբերում է վթարներին, ապա այն փողոցները, որտեղ նորացվել են խողովակները, վթարները վերացել են: Հիշեցնենք, որ քաղաքում խողովակների մի մասը դեռեւս հին է, եւ վթարները դեռեւս անխուսափելի են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել