Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտինիոնիի ծնունդն ու Հայաստանի անկախությունը

Սեպտեմբեր 17,2011 00:00

Ֆրանսիացի անիմատոր Բաստիեն Դյուբուային Հայաստանում գրավել է Կոնդ թաղամասը եւ «Նիվա» մեքենան, որոշել է դրանով շրջել քաղաքում, նկատել է՝ հայ տղաները ինչպես են այն վարում, դա զվարճալի է թվացել: Այդ մասին նա լրագրողներին պատմեց երեկ: Հայաստանում է՝ «ՌեԱնիմանիա» երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում: Փառատոնի ժյուրիի անդամներից է, իսկ 2009-ին նրա «Մադագասկար» ֆիլմն արժանացել է «ՌեԱնիմանիայի» հատուկ մրցանակին, 2011թ.-ին էլ առաջադրվել է «Օսկարի»: «Ընդամենը երկու օր է՝ Հայաստանում եմ, եղել եմ մի շարք վայրերում, պատկերներ եմ հավաքել, փառատոնից հետո կայցելեմ Հայաստանի մնացած վայրերն էլ, որոշել եմ անիմացիոն ֆիլմ նկարել: Այն չի լինի «Մադագասկարի» նման երկար: Ֆիլմը զավեշտ է իր մեջ պարունակելու: Վստահ եմ, մինչեւ Հայաստանից մեկնելը մի ծիծաղաշարժ իրադրություն կստեղծվի եւ դրա հիման վրա էլ ֆիլմը կլինի»,- ասում է Բաստիեն Դյուբուան: Նա պատմում է, որ ավելի վաղ ճամփորդել է՝ Ֆրանսիայից հասել Թուրքիա, որոշել է Հայաստանով եւ Իրանով ավելի արեւելք գնալ, բայց խանգարել է ուսումը: Նախքան Հայաստանում լինելն էլ միշտ մտածել է՝ Հայաստանի եւ Թուրքիայի մշակույթները պետք է շատ նման լինեն, բայց գալով այստեղ՝ տեսել է, որ դրանք տարբերվում են: «Ես նաեւ լսել էի, որ հայերը շատ հյուրընկալ են, մինչ այժմ դրա հակառակը չեմ տեսել»,- ասում է նա:
«ՌեԱնիմանիայի» շրջանակներում Հայաստանում է նաեւ իտալացի ձայնային ռեժիսոր, անիմատոր Անդրեա Մարտինիոնին, ով, ըստ «ՌեԱնիմանիայի» հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու, անիմացիոն ֆիլմերի ձայնային ձեւավորման նոր մոտեցումներ ունի: Նա այստեղ սեպտեմբերի 17-19-ը վարելու է «Ձայնային տարածություն եւ ձայնի ձեւավորում անիմատորների համար» արհեստավարժության դասընթաց եւ լինելու է փառատոնի ժյուրիի անդամ: «Սա երազի նման մի բան է, մի քանի օրից լրանում է իմ 50-ամյակը, զուգադիպում է Հայաստանի անկախության 20-ամյակի հետ: Ես ուզում եմ տեսնել հրավառությունը եւ մտածել, թե դա իմ ծննդյան առթիվ է արված»,- կատակում է Մարտինիոնին: Հայաստանում երեք օրվա դասընթացների ժամանակ, ըստ պարոն Մարտինիոնիի, պետք է լսեն քաղաքի ձայները, հավաքեն դրանք, հետո պատրաստեն ձայներիզ ապագա անիմացիոն մի ֆիլմի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել