Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՏԱՐԵԿՑԻՆ

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"Մի տնօրենը պնդում է, մյուսը՝ զգուշանում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Առավոտի» նախորդ համարում, Երեւանի Պուշկինի անվան դպրոցում սեպտեմբերի 15-ին դանակահարության դեպք էր գրանցվել: Այս մասին հաղորդագրություն էր տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը: Ըստ վերջինիս, մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 17-ամյա Արման Ս.-ն: Ոստիկանության լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 15-ին, ժամը 14-ի սահմաններում Պուշկինի անվան դպրոցի ետնամասում, վիճաբանության ժամանակ, Արմանին սուր գործիքով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 17-ամյա Գագիկ Կ-ն., ով նույն օրը երեկոյան ներկայացել է բաժին: Կատարվում է հետաքննություն:
«Առավոտը» եղավ դեպքի վայրում: Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վնասվածք պատճառողը ոչ թե Պուշկինի անվան դպրոցի աշակերտն է, այլ Պ. Սեւակի անվան թիվ 123 դպրոցի: «Այն, ինչ տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, Պուշկինի անվան դպրոցի հետ բացարձակ կապ չունի: Որովհետեւ ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցի հարեւանությամբ, այն հատվածում, որը դպրոցի տարածքի մեջ չի մտնում: Ի՞նչ է նշանակում՝ դպրոցի ետնամաս: Դպրոցը ետնամաս չունի: Մենք շրջապատված ենք Մոսկովյան-Աբովյան-Տերյան փողոցներով: Շենքի ետեւում գտնվում է Աղայան փողոցը, որ մեր դպրոցի հետ կապ չունի: Եվ հետո՝ ետնամասը դպրոցի ֆասադը չէ: Միակ խնդիրն այն է, որ տուժողը մեր դպրոցի լավագույն աշակերտներից է: Նա 12-րդ դասարանցի է, հրաշալի աշակերտ, ով ծեծի է ենթարկվել Արեշի տղաների կողմից, որոնք 123-րդ դպրոցի աշակերտներ են: Այդ մասին ինձ հայտնել են ոստիկանությունից: Միջադեպը տեղի է ունեցել դասերից՝ 7-րդ ժամից հետո: Երեխան բնականոն իր օրը ապրել է որպես օրինավոր աշակերտ: Ականատեսներ են եղել, ըստ որոնց, մի խումբ տղաներ հարձակվել են մեր աշակերտի վրա եւ ծեծել»,- պատմեց Մ. Մատղաշյանը: Պուշկինի անվան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմանի վարքի մասին դպրոցի տնօրենն ասաց. «Դաստիարակված, կրթված, աննման երեխա է, հրաշալի աշակերտ, ուսուցչական անձնակազմի հետ հիանալի հարաբերությունների մեջ է, կիրթ ընտանիքից է: Կան կռվարար տղաներ, բայց Արմանից անսպասելի էր նման բան: Նա երբեք խնդիրներ կամ վեճեր չի ունենում»:
Մ. Մատղաշյանը զայրույթով հավելեց. «Չգիտես ինչու, այս քաղաքում Պուշկինի անվան դպրոցի ֆոբիա կա… ամոթ է, չի՛ կարելի»:
Ցանկանում էինք զրուցել նաեւ տուժողի համադասարանցիների հետ, բայց տնօրենը թույլ չտվեց:
Կապվեցինք նաեւ Պ. Սեւակի անվան թիվ 123 դպրոցի տնօրեն Լարիսա Բագդյանի հետ: Սկզբում նրա փոխարեն հեռախոսով պատասխանեց աշխատակցուհիներից մեկը, որը չներկայացավ: Նա ասաց, թե տնօրենը տեղում չէ, ապա հավելեց. «Ոչ մի տեղեկություն չունենք դեպքի մասին: Եթե նման բան լիներ, մենք տեղյակ կլինեինք, ուրեմն մերոնցից չեն եղել: Մենք հրաժարվում ենք այս մասին կարծիք հայտնել: Դուք էլ մեզ չեք զանգել, մենք այս մասին չենք խոսել»:
Ավելի ուշ «Առավոտի» խմբագրություն զանգեց անձամբ Լարիսա Բագդյանը եւ հայտարարեց. «Իսկապես տեղեկություն չունենք մեր դպրոցի աշակերտների՝ վեճին մասնակցած լինելու վերաբերյալ: Եթե նշանակված է նախաքննություն, ուրեմն ոստիկանությունը մեզ կդիմեր կամ կդիմի այդ հարցով: Այժմ մեր բոլոր աշակերտները դասի են նստած, ոչ ոք ոչինչ չգիտի, չեն մասնակցել վեճին եւ Պուշկինի անվան դպրոցում ոչ ոք բարեկամներ չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել