Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ՝ ԱՐՏԱՀԵՐԹԻՆ, ԱՅՈ՝ ԱՐՏԱՀԵՐԹԻՆ

Սեպտեմբեր 29,2011 00:00

ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե իշխանությանը ձեռնտու չէ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա: Ըստ պարոն Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ հրապարակային քաղաքական դաշտ եւ դրանով կանխեց, որ Ռոբերտ Քոչարյանը չդառնա վարչապետ: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նշանակո՞ւմ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը օգնել է այսօրվա իշխանություններին այդ հարցում՝ Պետրոս Մակեյանն ասաց, թե՝ ոչ թե օգնել է, այլ՝ «այստեղ պարզապես շահերը համընկան»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը, պատասխանելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին որպես նախագահի թեկնածու առաջադրման եւ ՀՀ-ի քաղաքական դաշտի վրա դրա հավանական ազդեցությանը վերաբերող հարցին, ասաց. «Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, եւ ես նրա արտաքին քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում»: Մկրտիչ Մինասյանը նաեւ անիմաստ համարեց ընդդիմության պնդումները եւ պահանջները՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ. «Հերթական ընտրություններից վեց ամիս առաջ պարզապես անիմաստ է խոսել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Այսօր իշխանությունները պատրաստ են նստել ու կնճռոտ խնդիրները քննարկել: Ընդդիմությունը պետք է պատրաստվի հերթական ընտրություններին»: Իսկ Պետրոս Մակեյանը համոզված է, որ եթե ՀԱԿ-ին հաջողվի մեծաթիվ մարդ հավաքել հրապարակում, ապա կլինեն արտահերթ ընտրություններ, եւ ՀԱԿ-ն այսօր աշխատում է ժողովրդի հետ եւ հրավիրում է հանրահավաքների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել