Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողով՝ Ծաղկաձորում, փառատոն՝ Արենիում

Սեպտեմբեր 29,2011 00:00

Ըստ մասնագետների՝ մշակույթը կփրկի աշխարհը, իսկ գինին՝ տրամադրությունը

Այս օրերին Ծաղկաձորում անցկացվում է Կովկասի հնագիտության, ազգաբանության, բանահյուսության 14-րդ համաժողովը, որի առիթով Հայաստան են ժամանել տարածաշրջանի երկրների անվանի գիտնականներ: Երեկ նրանցից մի քանիսը հանդիպեցին լրագրողների հետ:
ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով՝ համաժողովը ամենամյա է եւ անցկացվում է տարբեր երկրներում. «Այս տարի Հայաստանը հանձն առավ հյուրընկալել համաժողովը: Մասնակցում են 15 հայ եւ 32 օտարազգի կովկասագիտության կենտրոնների ներկայացուցիչներ Չեչնիայից, Դաղստանից, Վրաստանից, Ինգուշեթիայից եւ հյուսիսկովկասյան այլ երկրներից: Միայն Ադրբեջանը չի մասնակցում, այն էլ դիտմամբ մենք չենք հրավիրել, քանի որ անցյալ տարի իրենք էլ մեզ չէին հրավիրել»: Ըստ. Պ. Ավետիսյանի, համաժողովը նպատակ ունի համախմբել տարածաշրջանի լավագույն գիտնականներին. «Համաժողովի միջոցով գիտությամբ լուրջ զբաղվող մարդիկ կկարողանան պատասխան տալ պատմության խեղաթյուրումներին ու դրանց տարածումներին: Այս գիտաժողովում Հայաստանը ներկայացնում է իր ձեռքբերումները՝ ինչ ենք արել, ինչ հրատարակել»:
«Կովկաս» հիմնադրամի նախագահ Գիվի Գամբաշիձեն գտնում է. «Ամեն տարի համաժողովին փորձում ենք ցույց տալ, որ Կովկասը ոչ թե կոնֆլիկտների գոտի է, այլ քաղաքակրթության բնօրրան: Միայն Կովկասի մշակույթը կարող է փրկել այս տարածաշրջանի ժողովուրդներին: Լավ է, որ հնագիտությունը զարգացում է ապրում: Ամեն ձեռքբերում այս ոլորտում մեծ նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար»:
Պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Մամայխամ Ագլարովն այն կարծիքին է, որ կովկասագիտության մեջ ամեն ինչ չէ, որ պարզ է. «Կովկասը համախմբում է մեր մշակույթի բոլոր շերտերը: Համամիտ եմ, որ մշակույթը կփրկի այս տարածաշրջանի ժողովուրդներին, եւ ոչ թե գեղեկցությունը, ինչպես սիրում են շեշտել բոլորը»:
Մինչ տարածաշրջանի գիտնականները Ծաղկաձորում կքննարկեն հնագիտության լուրջ հարցեր, Վայոց ձորի Արենի գյուղի բնակչությունը պատրաստվում է հին հայկական գինու կարասներով դիմավորել ավելի քան 5000 մարդու՝ ամենամյա գինու փառատոնին, որը կկայանա հոկտեմբերի 8-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին գինու փառատոնի հիմնադիր Նունե Մանուկյանը, «Հայաստանի համայնքների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանն ու Արենիի գյուղական համայնքի ղեկավար Ժիրայր Եղյանը: Ըստ Ն. Մանուկյանի. «Բացի գինու համտեսից, լինելու են մի շարք միջոցառումներ. օրինակ՝ լավաշի, գաթայի հանդիսավոր պատրաստում, խաղողի ճզմում, պանրի համտես, խորոված, խորտիկներ: Սոված եւ ոչ գինովցած մարդ չի լքելու Արենին: Ապահովված են հանգստյան գոտիները. Արենիի բնակիչները կտրամադրեն իրենց տները հյուրերին՝ հանգստանալու համար»: Գյուղապետ Ժ. Եղյանն էլ հավելեց. «Այս տարի փառատոնը գյուղական շրջանակներից դուրս է եկել: Այս տարի պետական աջակցություն ենք ստացել՝ 3 մլն դրամ, քանի որ նպատակ ունենք Արենին նույնպես դարձնել տուրիստների համար հետաքրքիր վայր, թեկուզեւ իր գինու փառատոնով: Արդեն ունենք զբոսաշրջիկների խումբ՝ Ռուսաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից»: Ն. Մանուկյանի փոխանցմամբ, փառատոնի շրջանակներում կանցկացվեն մի շարք մրցույթներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել