Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք արժանի եք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն

Հոկտեմբեր 13,2011 00:00

\"\"

Ուղիղ 28 տարի 2 օր առաջ հայ ազգը ցնծում էր. 1973 թվականի հոկտեմբերի 10-ին «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը… Հպարտություն, հաղթանակի բերկրանք՝ այդ ամենը միախառնվել էր ու ծնել էյֆորիա, որը տարիներ անց վերաորակվելու էր «Արարատ-73»-ի բարդույթի, երբ տարիներ շարունակ դժգույն ու անդեմ, անհաղթանակ ֆուտբոլը մեր առօրյան էր դառնալու…
Բայց յուրաքանչյուր բարդույթ հաղթահարելի է, ընդամենը ժամանակ է պետք: Ու 21-րդ դարի հայ երկրպագուն արդեն ունի հպարտանալու իր թիմը: Ասում են՝ մեկ հաղթանակը պատահականություն է, երկուսը՝ զուգադիպություն, իսկ երեքը՝ արդեն օրինաչափություն: Վարդան Մինասյանի գլխավորած ֆուտբոլի ազգային հավաքականը զարգացման պատահականությունների ու զուգադիպությունների փուլը հաղթահարել է՝ հասնելով օրինաչափություններին: Ու եթե մեկ տարի առաջ հավաքականի խաղին միջին վիճակագրական հայը միայն քմծիծաղով էր լսում ֆուտբոլ բառը, արդեն այսօր անգամ օդն է ֆուտբոլով հագեցած: Ազգային հավաքականի ցուցադրած խաղի շնորհիվ ֆուտբոլը դարձավ ազգային համախմբման ու միասնականության վառ օրինակ, դարձավ գաղափար ու նաեւ ապացուցեց, որ ֆուտբոլային առումով մենք էլ ենք աճել՝ մե՛նք, ժողովուրդը, այլ ոչ միայն հավաքականը, տվյալ դեպքում: Մենք ստիպված ենք ընդունել ու ընկալել պարտությունը, որ մեր վզին փաթաթեցին ու խուսափում ենք «դե թիմը թիմ չի, ֆուտբոլ խաղալ չգիտեն…»՝ ժամանակին սովորական դարձած ռեպլիկներից: Մերօրյա ռեպլիկները այլ բովանդակություն ունեն, լցված են հպարտությամբ ու հավատով, որ վաղը ավելի ուժեղ ենք լինելու, որ չենք կոտրվելու…
Սոցիալական ցանցերում ազգային հավաքականը թիվ մեկ հերոսն է: Հակահերոսն էլ, բնականաբար, Իռլանդիա-Հայաստան խաղի գլխավոր մրցավար Իտուրալդո Գոնսալեսն էր, ում ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Բրուտյանը դասել էր Էնվերի ու Թալեաթի հետ մի շարքում:
«Շնորհակալություն մեր ֆուտբոլիստներին փայլուն խաղի համար» գրությունը կարելի է կարդալ գրեթե բոլոր օգտատերների մոտ: Ֆուտբոլային տենդից իր անուն-ազգանունը «Հայաստան Հուպտուրյանի» փոխած ֆեյսբուքյան օգտատերը վաղ առավոտյան ֆուտբոլիստներին օդանավակայանում դիմավորելուց հետո իր էջում գրել էր. «Ապրեք, տղեք ջան, ափսոս, որ էդքան տխուր էիք օդակայանում: Դուք այնքան հզոր եք, որ իռլանդացիները ձեր դեմ մրցավար էին վարձել:
Հպարտ եմ ձեզանով: Հուսանք, որ օրերից մի օր Գագիկ Շամշյանը կնկարի Գոնսալեսին դեպքի վայրում…»:
Բլոգեր Koreolan-ն էլ իր բլոգում էր ոգեւորվել ու ոգեւորել հավաքականին. «Հայաստանի հավաքական ջան, ձեր ցավը տանեմ, հալալ է ձեզ… Մենք ձեզնով հպարտանում ենք։ Տղավարի մինչեւ վերջ խաղացիք, 10 հոգով, անփորձ դարպասապահով ու մենակ դուք էիք էդ դաշտում խաղում։ Երեկ խաղից հետո Երեւանում մեքենաները նենց էին սիգնալ տալիս, որ չիմացողը կմտածեր, թե հաղթել ենք… Դուք արժանի եք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն՝ անկախ խաղի արդյունքից», իսկ բլոգեր iza1976-ն էլ նշել էր. «Իմ երկրի հավաքականը նոր-նոր է բացում իր թեւերը: Նա իր մասին դեռ կհիշեցնի: Շնորհակալություն Վարդան Մինասյանին, ով վերածնեց իմ սերը հայկական ֆուտբոլի հանդեպ: Վառ հիշատակ Յան Պորտերֆիլդին, ով դրեց այս թիմի հիմքը: Ուզում եմ հանդիպել մեր հավաքականի հետ ու ասել, որ իրենք ՍՈՒՊԵՐ են»… Բլոգեր Laz-arev-a-ն էլ իր «Մանուշակագույն բլոգում» կիսվում էր ուրախությամբ. «Ես ուրախ եմ, որ մեր միջից դուրս եկավ ազգային կոմպլեքսավորվածությունը, հաղթանակները դարձան ոչ թե հրաշք, այլ՝ նպատակ… Սա կարեւոր նախապայման է ազգային ինքնագիտակցության ձեւավորման (իսկ եթե արդեն կա՝ պահպանման) գործում: Երբ ներկան հաստատված է, հաղթանակված, ապա ազգը կարողանում է հանգիստ հայացք գցել իր անցյալին եւ հաստատվել նաեւ անցյալում (խոսքս ողբերգական էջերը հիշելու մասին չէ)… Ապրեն տղաները»:
Ֆեյսբուքում մի նախաձեռնություն է սկիզբ առել, որ կոչվում է՝ «Նամակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին»: Ինչպես նախաձեռնողներն են նշում, նպատակը մեր բոլորիս հիացմունքն արտահայտելն է ու աջակցությունը հավաքականի տղաներին՝ Իռլանդիայից կրած դառը պարտությունից հետո: Թերեւս, առաջին անգամ է, որ ֆուտբոլասերները դիմում են ֆուտբոլիստներին՝ սատարելու, ոգեւորելու, ոգեպնդելու համար: Առաջին անգամ է, որ ցավալի ու, գուցե, ճակատագրական սխալ թույլ տված ֆուտբոլիստին ոչ թե դատափետում են, այլ՝ հընթացս ոգեւորում: Քանի՜-քանի ֆեյսբուքցի իրենց հիմնական նկարները փոխեցին Վալերի Ալեքսանյանի նկարով՝ «հանկարծ չկոտրվես» մակագրությամբ… Կա՞ արդյոք ավելի մեծ հաղթանակ:
Գուցե… բայց դա մեր ֆուտբոլի վաղվա օրն է լինելու: Իսկ այսօր պիտի արձանագրենք, որ ունենք վառ ներկա ու գունավոր ապագա, ունենք անհատականություններ ֆուտբոլում, ովքեր կարող են ստիպել՝ սրտատրոփ գամվել էկրաններին 90 րոպե կամ մարզադաշտում ողջ հանդիպումը ոտքի վրա անցկացնել…
Ունենք… Դեռ կունենանք: Աշխարհի առաջնության որակավորման փուլում ուժեղ են մեր մրցակիցները, բայց մեր ամբիցիաներն էլ պակաս չեն: Ուրեմն՝ կունենանք: Ու արդեն մրցավարը չի կարողանա ազդել մերոնց խաղի վրա, ոչ էլ ՈՒԵՖԱ-ն հին պարտքերը մեր հաշվին կմարի: Միայն հավատալ ու ավելի հասունանալ է պետք:
Ես սիրում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը…
«Առավոտը» կանգնած է հավաքականի թիկունքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել