
Այսօր «Հրազդան» հյուրանոցում մեկնարկեց ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի եւ Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի համատեղ կազմակերպված «Ցուցահանդեսը` որպես կրտսեր դպրոցների հետազոտական գործունեության ներկայացման միջոց» խորագրով գիտաժողովը, որին մասնակցում էին կրթական ոլորտի ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից: ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիան Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ստեղծվել է 5 տարի առաջ : Հայաստանը, ի դեմս Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, այդ կազմակերպությունում ներկայացված է 2008 թվականից:
Անցյալ տարվա սեպտեմբերից Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցի առաջին դասարանի կրթական գործընթացը կազմակերպվում է միջազգային բակալավրիատի ծրագրով: Վերջինս ստեղծվել է այն երեխաների համար, որոնց ծնողներն աշխատանքի բերումով հաճախակի փոփոխում են իրենց բնակության վայրը: Դրա նպատակը միակն է, որ տեղից տեղ տեղափոխվող երեխաները կարողանան մերվել տվյալ երկրի ազգային կրթական համակարգին: Պատահական չէ, որ նման առաջին դպրոցները ստեղծվել են Նյու Յորքում եւ Ժնեւում` ՄԱԿ-ի աշխատակիցների համար:
Այսօր միջազգային բակալավրիատի կազմակերպության անդամ է բոլոր մայրցամաքները ներկայացնող 3250 դպրոց: «Առյուծի բաժինն» ընկնում է ԱՄՆ-ին, որը ներկայացված է 1240 դպրոցով: Ռուսաստանի Դաշնությունում գործում է 18 նման դպրոց, Ուկրաինայում՝ 2, Հայաստանում` 1:
Մարի ԽԱՉԱՏՐՅԱՆ


















































