Լրահոս
Օրվա լրահոսը

Լռության գինը

Նոյեմբեր 15,2011 00:08

Ես բավական հարուստ փորձ ունեմ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա գերդաստանի «քաջագործությունների» մասին գրելու: Բայց այս անգամ խոսքը ոչ թե այդ գերդաստանի մասին է, այլ թե ինչպես էին պահում այդ «քաջագործությունների» հերթական զոհերը:

Սուրեն Խաչատրյանի եղբայրների տղաները դանակահարելով սպանել էին մի երիտասարդի՝ իրենց ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Այս մանրամասնը երբեք չեմ հրապարակել, թեեւ այն կա գործի նյութերում: Սակայն երբ զրուցում էի սպանվածի ծերունի ծնողների հետ՝ մինչ նրանցից մեկը երկմտում էր, թե ինձ հարցազրույց տա կամ ոչ՝ մյուսը հորդորում էր, թե ի՞նչ գործ ունես, մեզ կվերացնեն: Նրանք ինձ հարցազրույց չտվեցին՝ կատարվածի վերաբերյալ հրապարակումը լույս տեսավ բացառապես իմ սեփական պատասխանատվությամբ:

Սուրեն Խաչատրյանի եղբայրը Գորիսի հանրախանութում փորձել էր աղջիկ բռնաբարել, ու նրան մի կերպ էին զսպել՝ մարզպետի թիկնապահի միջամտությամբ: Ինձ հայտնի էր աղջկա եւ անունը, եւ տան հասցեն: Սակայն դրանք չհրապարակեցի, ոչ միայն այն պատճառով, որ ընդհանրապես էթիկական առումով հանցանք է բռնաբարության զոհերի անունները հրապարակելը, այլ նաեւ, քանի որ աղջկա հարազատները կտրականապես հրաժարվեցին մամուլի հետ շփումներից: Լուրեր հասան, որ մինչ այդ մարզպետը կամ իր մերձավորները այցելել էին նրանց, պայմանավորվել: Լուրեր հասան նաեւ, որ մասնավոր զրույցներում պրն Խաչատրյանը դեռ այդ աղջկան ներկայացնում է որպես իր եղբոր… այդ բառն ընդունված չէ հրապարակել:

Մեկ այլ օրինակ էլ է հանրահայտ՝ Սուրեն Խաչատրյանն իր առանձնասենյակում ծեծել էր իր զավակի հետ կռված դպրոցականին: Կառավարությունը մեր այդ հրապարակման կապակցությամբ անգամ նախաձեռնեց հատուկ ծառայողական հետաքննություն: Սակայն այն ձախողվեց՝ գլխավորապես այն պատճառով, որ այդ տղայի հարազատները հրաժարվեցին համագործակցությունից, թեեւ ինքս ականատես եմ եղել՝ նրանց շատ բարձր մակարդակով խոստացվել էին անվտանգության երաշխիքներ:

Նման բոլոր դեպքերում ես լսում էի հար եւ նման պատճառաբանություններ, որոնց էությունը հետեւյալն էր, թե լրագրողները, կառավարության պաշտոնյաները գնալու են, իսկ մենք մնալու ենք նրա եւ իր գերդաստանի տիրապետության ներքո՝ իբրեւ թիրախ: Գիտեմ, որ այդ մարդիկ ճիշտ էին եւ այդ պատճառով էլ երբեք գրիչս չբարձրացավ մեղադրելու նրանց վախկոտության մեջ:

Սակայն այլեւս ցանկությունն էլ մեռավ երբեւէ անդրադառնալու Սյունիքի մարզպետին եւ նրա շնորհիվ իրենց անպատիժ զգացող իր մերձավորներին: Ի վերջո, եթե մարդիկ հաշտվել են այս ամենի հետ՝ մենք ինչ է, Հռոմի պապից կաթոլի՞կ ենք: Մանավանդ որ՝ որեւէ խնդիր չկար հատկապես իր դեմ ուղղորդված գրելու, կադրային փոփոխությունների հասնելու համար, ինչպես պրն Խաչատրյանն էր տարածում, թե այս ամենն իր տեղը նստել ցանկացողների պատվերն է: Ինքս վստահ եմ, որ նա կմնա նստած մարզային բարձր աթոռներին այնքան, քանի դեռ ձայներ է ապահովում իշխանության համար: Ուշադրություն դարձրեք՝ չնշեցի հատկապես ՀՀԿ-ի, քանի որ Սուրեն Խաչատրյանը նոր չէ, որ ղեկավար դիրքեր է զբաղեցնում մարզում:

Այսուհանդերձ, Սյունիքի մարզում այս ամենը հանդուրժելը հանգեցրել է նրան, որ Սուրեն Խաչատրյանը հիմա էլ մարդ է ծեծում Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքից մի քիչ այն կողմ:

Բայց այս մի դեպքը առանձնահատուկ է՝ կատարվածի զոհը չի լռում: Չգիտեմ՝ գուցե պատճառն այն է, որ Սյունիքի բնակի՞չ չէ:

Ու շատ հետաքրքիր է, թե այս մի դեպքում ինչ ավարտ է ունենալու կառավարության կամ ոստիկանության հետաքննությունը, հաշվի առնելով, որ գործը փակելու մշտական հիմնավորումը, թե տուժողից բողոք չկա, այս դեպքում կարծես էլ չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աննա says:

    ՎԻԺՎԱԾՔՆԵՐ…..ԱՀԱՎՈՐԱ…ԴՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ԱՊՐԵՆ…ԴՐԱՆՑ ՄԱՅՐԵՐԸ ԻՆՉ ԳԵՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ, ՈՐ ՆՄԱՆ ՎԻԺՎԱԾՔՆԵՐ ԵՆ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԲԵՐԵԼ

  2. Ani says:

    Իսկ ինձ թվում էր, թե էսպիսի բաներ միայն սերիալներում են լինում, ու ոչ մի կապ չունեն իրական կյանքի հետ….

  3. […] գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին  https://www.aravot.am/2011/11/15/284437/ կայքում հրապարակված հոդվածի թղթային […]

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930