
«Ամառ-ձմեռ ուզում է բարձրակրունկ հագնել, ինչ անում եմ, չեմ կարողանում պոկել էդ կոշիկներից: Ձմռանն էլ բարձրակրունկների պատճառով ոտքը վնասել էր ու մեկ ամիս դպրոց չգնաց»,- ասում է Աստղիկի մայրը՝ տիկին Գայանեն:
Բարձրակրունկների սիրահար Աստղիկն էլ կարծում է՝ իզուր է մոր անհանգստությունը. միևնույն է` վաղ, թե ուշ հագնելու է: «Իմ բոլոր ընկերուհիներն էլ հագնում են, ես էլ շատ եմ սիրում բարձրակրունկ կոշիկներ ու հաճույքով հագնում եմ, իսկ մաման իզուր է բարկանում, մեկ է, որ ուսանող դառնամ` հագնելու եմ չէ՞, տարբերությունը, ո՞րն է. երկու տարի շուտ, թե՞՝ ուշ»,- ավելացնում է Աստղիկը: Հոգեբան Նարինե Մանուկյանի խոսքով, դպրոցական աղջիկների մոտ դա վարքի ընդունված դրսևորում է. «Այդպիսով աղջիկներն ուզում են ընդգծել իրենց կանացիությունը և կարծում են, որ դա ամենահաջող տարբերակն է տղաների աչքին գեղեցիկ օրիորդ երևալու համար»:
Ինչպես նշում է հոգեբանը, դեռահասության տարիքը (12-15տ.) համարվում է մարդու կյանքի և ընդհանուր զարգացման ամենագլխավոր շրջանը, որը նաև մասնագետներն անվանում են ճգնաժամային տարիք: Նրա խոսքով, այս փուլում «ճգնաժամ» է ապրում երեխայի ողջ օրգանիզմը, վերափոխվում են մարմինը և արտաքինը, մեծ փոփոխություններ են սկսվում նաև հոգեկան աշխարհում, և այս ժամանակ է հատկապես կարեւոր ծնողների նրբանկատ ու համբերատար վերաբերմունքը: «Պետք է նուրբ բացատրել 15-ամյա աղջնակին, որ նա դրանով առաջին հերթին վնասում է իր առողջությունը, իսկ գեղեցիկ երեւալու շատ այլ միջոցներ կան»,- նշում է հոգեբանը` առանձնացնելով այդ ձևերից մի քանիսը. «Կարելի է փոխել սանրվածքը, կարճ շրջազգեստ հագնել, գունավոր հագուստ կրել, անգամ երեկոների հաճախելիս երբեմն թույլ տալ թեթևակի օգտագործել կոսմետիկ միջոցներ. պետք է նրա հետ խոսել ինչպես մեծի հետ, ցույց տալ, որ հարգում եք իր «ես»-ը»:
Բժիշկ Անահիտ Կարապետյանի խոսքով, դեռահասների ոսկրային համակարգը դեռևս ամբողջական ձևավորված չէ և, բարձրակրունկ կոշիկներ հագնելով՝ խանգարվում է կազմվածքի նորմալ ձևավորումը: Բժիշկը խորհուրդ է տալիս այդ տարիքում կրել ազատ, հարմարավետ կոշիկներ, երբեք տուրք չտալ գեղեցիկ երեւալուն: «Կարող են մեկ-երկու անգամ հագնել բարձրակրունկ կոշիկ, բայց, ընդհանուր առմամբ, նրանց տարիքի համար 8 սմ և ավելի բարձր կրունկները հակացուցված են, քանի որ կարող են առաջանալ ողնաշարի ֆիզիկական ծռումներ, ինչպես նաև ոտքերի գերհոգնածություն, մկանների լարվածություն, երակների լայնացում, ալերգիկ գրգռվածույթուն և շատ այլ խնդիրներ»,- ավելացնում է Ա. Կարապետյանը: Այն դեռահասներին, ովքեր անդավաճան են բարձրակրունկներին ու երբեք չեն հրաժարվում դրանցից, բժիշկը խորհուրդ է տալիս կրել գոնե կաշվե կոշիկներ և ճիշտ խնամել ոտքերը: «Ամեն անգամ կոշիկները հանելուց հետո պետք է լվանալ ոտքերը, հանգստացնող քսուքներ օգտագործել և ոտքերին տալ բարձր դիրք, որպեսզի լարվածությունն անցի»,- հավելում է Ա. Կարապետյանը:
Խոսելով առհասարակ բարձրակրունկ կոշիկների մասին` բժիշկը նշում է հիվանդության մի քանի տեսակներ, որոնք կարող են առաջանալ պարբերաբար բարձրակրունկներ կրելու հետևանքով. «Չափազանց բարձր կրունկով կոշիկները վատ են անդրադառնում նաև մեջքի վրա: Ազդում են բնական կեցվածքի վրա և ճնշում ողնաշարային բջիջները, ինչի հետևանքով կարող են առաջանալ նաև գլխացավեր: Բացի դրանից այս ամենը կարող է բացասական անդրադարձ ունենալ նաև գլխուղեղի աշխատանքի վրա»: Ա. Կարապետյանը խորհրդի կարգով հիշեցրեց, որ ոտքերը պետք է աստիճանաբար վարժեցնել բարձրակրունկներին և դրանք կրելուց առաջ յուրաքանչյուր կին և աղջիկ պետք է գիտակցի, որ չի կարելի առաջին իսկ օրվանից սկսել ամեն օր բարձրակրունկ հագնել: «Եթե կանայք աշխատանքի վայրում են, ապա կրունկների բարձրությունը, չպետք է գերազանցի 4 սմ-ը, իսկ եթե աշխատանքն այնպիսին է, որ պետք է ոտքի վրա մնան, ապա այդ դեպքում կանայք չպետք է գերազանցեն նույնիսկ 2 սմ-»,- ավելացնում է բժիշկը:
Ռուզան Ասատրյան


















































