Լրահոս
Օրվա լրահոսը

Իբր երկիրը երկիր ենք սարքել, մատներս` ոսկի

Հունվար 03,2012 20:29

Օրերը սարսափելի ուրիշ են, երբ քո բնական հունից դուրս ես եկել եւ զբաղված ես  մի գործով, որով տարին մեկ ես զբաղվում: Ժամերը   այլ  չափման միավոր են ունենում,ոչ թե րոպե կամ վայրկյան, ժամերը չափվում  են  հերթական հյուրին դիմավորելու, հյուրասիրելու,  հետը դեսից-դենից խոսելու, անկապ եւ անտրամաբանական  ուտելու/խմելը դեռ թողնենք/   եւ հերթական աման-չամանի հետ  հարցերը լուծելու չափումներով; Ժամերը այլ գույն եւ այլ հոտ ունեն եւ ես արտահերթ առաջարկություն  ունեմ` եկեք կրճատենք  էս ձմեռային տաժանակրությունը: Վստահ եմ, շատերը իմ այս առաջարկի համար ինձ կդատապարտեն, բայց ես պատրաստ եմ լինել առաջին զոհը, միայն թե եկեք մի բան մտածենք եւ փոխենք մեր կյանքը   եւ ոչ թե ուտելով, այլ` չուտելով  առաջ գնանք:

Ամբողջ  աշխարհում, որքան գիտեմ, Նոր տարին մեկ-երկու օր են  <դիմադրում>, հետ անցնելով իրենց բնականոն վիճակին:Մենք  այս հարցում եւս մաքսիմալիստ ենք,ազգովի  ամբողջ  տասը օր հանգստանում ենք:

Երեկ   հյուր ունեինք  Գերմանիայից, կոնկրետ` Համբուրգից, խեղճ   գերմանուհին սարսափահար էր մեր սեղաններից, մեր ուտելու թափից եւ աղմուկից: Որպես տեսարժան վայր,  մեր այդ հյուրին  ուղեկցել էին  բարեկամների մի քանի տներ,  մարդ է, թող տեսնի, թե հայերը ինչ ուտող-խմող ժողովուրդ են: Գերմանուհին իրական սարսափի մեջ էր ավելի ճիշտ` երկվության, մի կողմից իրեն դուր էր գալիս մեր ջերմությունը, մեր հյուրասիրելու մոլուցքը, մեր առատ սեղանները, մյուս կողմից`  ասում  էր.<Մերոնց  պատմեմ, չեն հավատա, մենք մի գիշեր ուրախանում ենք,  հաջորդ առավոտ  թարմ սափրված  եւ օսլայած վերնաշապիկով գնում ենք աշխատանքի>: Մեր տասնօրյա հանգիստի մասին իմանալով  խեղճ կինը  սկսեց նախաձել  հայերին.< էս ինչ դրախտային ե ք  ապրում, էս ինչ հարուստ եւ ճոխ>:

Իսկ մենք` աղքատ-հպարտ հայերս  ո~նց ենք սիրում լոպազանալ օտարերկրացու առջեւ, ոնց ենք գլուխ գովում, թե  էս հըլը ինչ ա, բա որ ամռանը գաս, կտանենք Սեւան, Գառնի, էլ չգիտեմ ուր:Տատս  այս  դեպքերում ասում էր .<Դրա համար էլ ձեր մեկը երկու չի դառնում>:

Նոր տարվա մեր սեղանները մեր գերմանուհի հյուրը նկարեց հատիկ առ հատիկ, բուդն առանձին, բլիչիկը` առանձին, անանասը եւ  բաստուրման` իրար կողքի,  մանդարինը եւ գինու տակառը հատուկ կարգով, նկարեց, նկարեց եւ  արդարանալով ասում էր` <Տանեմ մերոնց ցույց տամ, պատմեմ, չեն հավատա, ապացույց եմ հավաքում>:

Ամոթը խեղդում էր, ախր  էդ ինչի  տեր ենք, որ տասը օր ազգովի հանգստանում ենք,  իբր  ամբողջ տարին  մատներս ոսկի ենք սարքել, երկիրը` երկիր, հիմա էլ քեֆ ենք անում:

Չէ, հայեր, այսպես չի լինի, եկեք խելք –խելքի տանք, մի բան մտածենք,  եթե այսպես շարունակվի եւս մի քանի տարի,  շատ կճարպոտենք: Կմնա մի մեծ ստամոքս, ժամը կփոխի իր գույնը, օրը կդառնա  գինու տակառ, երկիրը` ուտել-խմելու սեղան:

Վեր կացեք, վեր կացեք, թափ տվե ք ձեզ, հերիք  ուտեք-խմեք,  դեռ աշխարհի վերջը չի: Աշխարհի վերջը տեղափոխվում  է, չի լինելու: Հույս չունենաք, դեռ գործել է պետք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031