Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Արևմտյան աշխարհի ղեկավարները ՀՀ-ին են փոխանցել ինքնասպանության ծրագիր. Ձյունիկ Աղաջանյան

Նոյեմբեր 03,2026 21:12 Share
Աջակցեք aravot.am-ին

«Քաղաքակիրթ» արևմտյան աշխարհի առաջնորդները հայ հասարակությանը ինքնասպանության ծրագիր են առաջարկում։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Դիվանագետը ընդգծեց, որ քաղաքական շարժառիթներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի շրջանակներում առաջին զեկույցն արդեն ներկայացվել է, կներկայացվի նաև երկրորդը։

Նրա խոսքով՝ քաղբանտարկյալների վերաբերյալ տվյալների հրապարակումը հնարավորություն կտա հանրությանն ավելի մանրամասն ներկայացնել այն իրավիճակը, որն իշխանությունների ջանքերով փորձ է արվում մատուցել որպես «նոր նորմա». «Այդ նոր նորմայի ձևավորման տարրն է նաև հնարավոր դիմադրության ոչնչացումն ու այդ դիմադրության հնարավոր առաջնորդների չեզոքացումը»։

Աղաջանյանը նաև նկատեց, որ ընթանում է հայի ինքնության, հանրության դիմադրության ու դիմադրողականության ոչնչացման գործընթաց. «Որը սպասարկում է աշխարհաքաղաքական նպատակներին։ Նույն տրամաբանությամբ պետք է դիտարկել նաև միջազգային գործընկերների հետ աշխատանքը՝ մշտապես նրանց պարտադրել լսել հանրության ձայնը, որովհետև մեզանից լավ են տեղյակ՝ այստեղ ինչ է կատարվում, բայց քանի որ ունեն շատ ավելի հեռահար նպատակներ, հստակ ցուցում ունեն դրան արձագանք չտալու, դրանով իշխանությունների ձեռքերը չկապելու: Նույնի մասին են վկայում նաև ԵԽԽՎ զեկույցի եզրակացությունը և մեր ՍԴ-ի որոշումը, որն արձանագրում է խախտումները, բայց այլ եզրակացություն է անում… «Քաղաքակիրթ» արևմտյան աշխարհի ղեկավարները հստակ ծրագիր են իրականացնում, որի գործիքակազմը տրված է Հայաստանի իշխանություններին՝ ամեն գնով ստիպել հանրությանն ընդունել այդ ծրագիրը։ Իսկ մեր հանրությունը չի կարող ինքնասպանություն գործել, իսկ սա ինքնասպանության ծրագիր է»,– զգուշացրել է դիվանագետը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել