«Մեր ջանքերը պետք է համատեղենք «Կալանավորված Հայաստան»՝ մարդու իրավունքների ոտնահարման գործընթացը կասեցնելու և ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում արդարության սկզբունքներն ամրապնդելու համար»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ այսօր գործ ունենք մի իրականության հետ, որտեղ Հայաստանը ոչ միայն կալանավորված է, այլև վերածվել է բաց երկնքի տակ գտնվող բանտի։
«Այսօր սահմանափակված է ոչ միայն մարդկանց ազատությունը, այլև ազգային, քաղաքական և տարբեր այլ ոլորտներում ազատ գործելու հնարավորությունը։ Այսօր կալանավորված են մի շարք ընդդիմադիր կուսակցությունների նախագահներ, տնային կալանքի տակ է Սամվել Կարապետյանը, կալանքի տակ են Անդրանիկ Թևանյանը, Ռոբերտ Քոչարյանը և մեր մի շարք ընկերներ։ Ավելին՝ երբևէ Հայաստանում այսչափ ոտնահարված չի եղել ընդդիմության իրացված լինելու իրավունքը։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչի է փորձում հասնել իշխանությունը, այդ հարցի պատասխանը դժվար է գտնել»,- ասաց Տոնոյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ անազատության մեջ գտնվող, ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող անձանց առաջադրվել են շինծու մեղադրանքներ, սակայն ակնհայտ է, որ իրականում գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։
«Երբ քաղաքական մրցակցությունը փոխարինվում է կալանքներով, իսկ երկխոսությունը՝ հետապնդումներով, այստեղ ոչ միայն ընդդիմության շահերն են ոտնահարվում, այլև ժողովրդավարություն կոչվող արժեքը։ Այսօր, երբ կանգնած ենք կարևոր ջրբաժանի առջև՝ Սահմանադրության փոփոխություն, Տիգրանաշենի հարց, TRIPP-ի հետ կապված անհասկանալի գործընթացներ, այս ամենի ժամանակահատվածում, երբ փորձ է արվում լռեցնել ընդդիմության առաջնորդներին և պառակտել քաղաքական ընդդիմադիր դաշտը, սա որևէ լավ հանգրվանի չի բերելու»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































