«Նախ տիկին Գալյանին կոչ կանեմ՝ չվրդովվել, որ իրենք տապալել են իրենց առաջադրանքը ու չեն կարողացել սահմանադրության փոփոխությունը ներկայացնել որպես երկրի ներքին օրակարգ։ Իրենք տապալել են իրենց այդ հանձնառությունը, և դրա համար նյարդայնանալ պետք չի»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի արած վիրավորական արտահայտությանը։ Հիշեցնենք, որ կառավարության անդամը ընդդիմության հասցեին, որը համարում է, որ սահմանադրության փոփոխության գործընթացը տեղի է ունենում Ալիևի պահանջով, ասել էր, թե ընդդիմությունը գլուխը պատին է տալիս։
Շարունակելով՝ դաշնակցական պատգամավորը ասաց. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սա տեղի է ունենում Ալիևի պահանջով։ Իսկ տիկին Գալյանին մի բան ունեմ ասելու։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները, ու որ գնալով՝ նմանվում են Նիկոլ Փաշինյանին։ Բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ տիկին Գալյանը չի գա, այստեղ կանգնի և ասի. «սատկացնելու եմ», «կզցնելու եմ», և օգտագործի Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, որովհետև, ոնց հասկանում եմ՝ տարիների աշխատանքը Փաշինյանի հետ պաշտոնյաներին դարձնում է Նիկոլ Փաշինյան։ Դա շատ վատ նախադեպ է հատկապես կնոջ համար։ Կոչ եմ անում՝ չնմանվել Նիկոլ Փաշինյանին։
Ինչ վերաբերում է սահմանադրության բուն պահանջին, ես ուզում եմ հիշեցնել. իրենք գլուխը որ պատին էլ տան, ինչ ուզում են անեն, այս պարզ իրականությունից չեն կարողանա փախչել։ Այն իրականությունից, որ 2021 թվականին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ունենա նոր սահմանադրություն։ Ոչ թե սահմանադրության փոփոխություն, այլ նոր սահմանադրություն, որը տարածքային պահանջ իր ձևակերպմամբ չի պարունակի Ադրբեջանի նկատմամբ։
Կարդացեք նաև
Սրբուհի Գալյանը իրականում մի գործ ուներ անելու՝ հղում կատարեր սահմանադրական դատարանին ու ասեր, որ մեր սահմանադրական դատարանն արդեն ասել է, որ որևէ պահանջ չունենք։ Հետևապես, մեր Անկախության հռչակագիրը չի կարող որևէ խնդիր առաջացնել մեր հարևան պետության համար, այլ ոչ թե սրբազան պատերազմ հայտարարեր մեր Անկախության հռչակագրի դեմ և այն համարեր ժամանակավրեպ։
Ուզում եմ, որպեսզի ժողովրդի մոտ իրենք սխալ տպավորություն չստեղծեն։ Ի՞նչ են ասում։ Ասում են՝ ժամանակավրեպ է, 35 տարի առաջ նման բան է եղել, պատմական իրողություն՝ հիմա պետք է փոխենք։ Ես ուզում եմ ասել. «Այ նորելուկ կրթվածներ։ Օրինակ, Հունաստանի հռչակագրում որ գրված է՝ հույները հրաժարվում են ընդունել իրենց ստորադաս գոյությունը և կոչ են անում միավորվել հանուն Թուրքիայի դեմ զինված դիմադրության։ Դա նշանակում է, որ Հունաստանը պատերա՞զմ է հայտարարում Թուրքիային։ Թուրքիան և Հունաստանն այսօր մի դաշինքի անդամ են։ Ո՞ր մի երկիրն է անկախության հռչակագիրը օգտագործում մյուս երկրի դեմ պատերազմի սպառնալիքի համար։
Միացյալ Թագավորությունից, Իռլանդիայից, Ֆիլիպիններից տարբեր օրինակներ կան։ Եվ դրանք բոլորը ազգերի պատմությունն են արտահայտում։ Այդ թվում նաև իրենց պայքարը։ Հղում են անում այն ակունքներին, որոնցով ստեղծվում է պետությունը։ Ուրիշ նախադեպ աշխարհում, որ հղում անելով Անկախության հռչակագրին, ասում են՝ կոնֆլիկտածին է և դրա համար սպառնում են պատերազմով, դուք չեք տեսնի»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































